Հանդբոլի միջազգային ֆեդերացիայում փոփոխություններ են կատարվել


Հանդբոլի միջազգային ֆեդերացիայում փոփոխություններ են կատարվել

  • 16-11-2017 19:38:42   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը նոյեմբերի 11-ին եւ 12-ին Անթալիայում մասնակցել է միջազգային ֆեդերացիայի 16-րդ համաժողովին: Օրակարգում գլխավորը գործադիր մարմնի ընտրություններն են եղել:
 
Միջազգային ֆեդերացիայի նախագահ, եգիպտացի Հասսան Մուստաֆան վերընտրվել է իր պաշտոնում: Նա նախագահի միակ թեկնածուն էր եւ կազմակերպությունը ղեկավարում է 2000 թվականից: Միջազգային փոխնախագահի պաշտոնում այսուհետեւ կղեկավարի  Ժոել Դելպլանկը, որը նաեւ Ֆրանսիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:
 
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աննա Մելքոնյանը խոսեց համաժողովի մանրամասների մասին:
 
«Առանձին որոշումներ չեն կայացվել, որոնք վերաբերեն Հայաստանին: Սակայն, միջազգային ֆեդերացիան եւս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց աջակցելու թույլ եւ զարգացող երկրներին, այդ թվում Հայաստանին:
 
Համաժողովի ընթացքում մասշտաբային փոփոխություններ քիչ կատարվեցին: Գլխավոր փոփոխությունն այն է, որ այսուհետ հինգ մայրցամաքային կոնֆեդերացիաների փոխարեն (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Պանամերիկա, Օվկիանիա) լինելու են վեցը: Պանամերիկան բաժանվեց երկու կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկա եւ Կարիբյան, ինչպես նաեւ Հարավային եւ Կենտրոնական Ամերիկա: Այս որոշմանը դեմ էին հատկապես այդ երկրների ներկայացուցիչները: Սակայն, միջազգաին ֆեդերացիայի նախագահը մի փոքր բացեց փախագծերը եւ որոշակի պարզաբանումներ արեց: Հասսան Մուստաֆան ասաց, որ Պանամերիկյան կոնֆեդերացիային տրամադրվել են հսկայական գումարներ, սակայն մարզաձեւը չի զարգացել տվյալ տարածաշրջանում, իսկ իրենք չեն ստացել հաշվետվություն: Այդ գոտում ուժեղագույնները շարունակում են մնալ Բրազիլիան, Արգենտինան եւ Չիլին, իսկ մյուսները թույլ զարգացած են:
 
Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ դարձան նաեւ Անգլիան, Շոտլանդիան եւ Ֆիջին: Եւս մեկ նոր որոշում ընդունվեց: Նորվեգիան առաջարկեց, որ յուրաքանչյուր հանձնաժողովում ավելանա լրացուցիչ անդամ, որն անպայման պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի: Չնայած Հասսան Մուստաֆան չէր խրախուսում այս միտքը՝ քվեարկության արդյունքում այն ընդունվեց: Այս որոշումը 2016 թ. ընդունել էր նաեւ Եվրոպայի ֆեդերացիան՝ կրկին Նորվեգիայի առաջարկով»,- ասաց Աննա Մելքոնյանը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ