Լավրովը գիտի, որ հայկական կողմը տարածքներ չի հանձնելու.«Հայկական ժամանակ»


Լավրովը գիտի, որ հայկական կողմը տարածքներ չի հանձնելու.«Հայկական ժամանակ»

  • 21-11-2017 17:57:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ կարծիք հայտնեց, որ ՌԴ-ն միտված է ԼՂ-ի ստատուս քվոյի պահպանմանը:
 
- Պարոն Բադասյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում այսօր հայտարարել է, որ Մոսկվան լավատես չէ մոտ ապագայում ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված այս զգուշավորությունը:
 
- Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ այս տարածաշրջանում, որ կոնֆլիկտ են ասում, դա այդպես չէ: Դա կոնֆլիկտ չէ, դա ՌԴ-ի եւ ԵՄ-ի մի շարք երկրների կողմից ստեղծված կոնֆլիկտ է: Հարցը բնականորեն լուծված է: Դա լավ գիտի ե՛ւ ամերիկյան համանախագահը, ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ ՌԴ-ի: Թուրքիան եւ Ադրբեջանն էլ դա լավ գիտեն: Մնացածը խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Տարածքները չեն հանձնվելու, դա շատ լավ գիտի Լավրովը, որ հայկական կողմը տարածքներ չի հանձնելու: Իրենց ձեռքը հիմա շատ կարճ է, որ միանգամից «կարմիր բանակ» մտցնեն այստեղ, չեն կարող դա անել եւ իրենց շահերից էլ չի բխում, որ դա անեն:
 
Հարցը պետք է ձգձգվի, ստատուս քվոն պետք է պահպանվի միառժամանակ, մինչեւ որ Ադրբեջանը հաշտվի այն մտքի հետ, որ Արցախն իր կազմում երբեք չի եղել: Ինչ վերաբերվում է ազատագրված տարածքներին, դրանք պատերազմի արդյունքում ձեւավորված բնական սահմաններ են: Ինչ վերաբերվում է տարածքները զիջելուն, ապա դա ՀՀԿ-ականներն են բարբաջում, հարակից կուսակցություններն են դա ասում, դա տեղի չի ունենալու: Ի վերջո գալու է մի պահ, երբ ժողովուրդը դրանց պատին է սեղմելու, դրանք տհաս քաղաքական գործիչներ են: Լավրովը լավ գիտի հայ ժողովրդի կամքը եւ գիտի, թե ինչ է նշանակում Արցախի հարցը: Ես կարող եմ ողջունել, որ նա նման դիրքորոշում ունի:
 
- Երեկ էլ Լավրովը Բաքվում հայտարարեց, որ հակամարտության կարգավորման մենյուն բանակցային սեղանին է դրված: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
 
- Դա էլ է ճիշտ, տրամաբանորեն հակառակ կարծիքը չի: Այո՛, սեղանի վրա է դրված, դուք պատերազմից հեռու մնացեք:
 
- ՌԴ արտգործնախարարի այցը դուք կարծում եք միտված է ստատուս քվոյի պահպանմա՞նը:
 
- Այո, ստատուս քվոն պետք է պահպանվի:
 
- Սերգեյ Լավրովի այցին զուգահեռ Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում նաեւ Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանը Նախիջեւանի հատվածում նաեւ կործանիչ ավիացիա է կուտակել: Կապ տեսնո՞ւմ եք Լավրովի այցի եւ զորավարժությունների ժամանակահատվածի միջեւ:
 
- Կարծում եմ հնարավոր է կապ ունենա Լավրովի այցի հետ, որովհետեւ նրանք նախօրոք գիտեին՝ Լավրովն ինչ այցով է գալու: Այստեղ մի խնդիր էլ կա, որ Ռուսաստանն Ադրբեջանին ուզում է ներքաշի Եվրասիական տնտեսական միության մեջ, որից Ադրբեջանը, իհարկե, փախուստ է տալիս: Ադրբեջանը կարող է այսօրվա դրությամբ մի շրջան էլ հանձնի, բայց ԵԱՏՄ-ի կազմում չի մտնի:
 
Ինչ վերաբերվում է նոր զինատեսակների գործածությանը զորավարժություններում, ես չեմ կարծում, թե դա ինչ-որ բան նշանակում է: Եթե դա Ադրբեջանի համար ինչ-որ բան նշանակում է, ես չեմ կարծում, որ Հայաստանի համար դա ինչ-որ բան նշանակում է, որովհետեւ տարածաշրջանի քաղաքականությունը չի տանում մեր տարածքի վրա պատերազմի վերսկսման: Թուրքիայի իրավիճակն է դա ասում, Քուրդիստանի հարցը կա, Ադրբեջանն Իրանի հետ չունի բարենպաստ հարաբերություններ: Կարծում եմ՝ նման դեպքում հայկական պետության հետ պատերազմելն Ադրբեջանին ձեռնտու չէ: Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը ապրիլին նույնպես բերում է այդ տեսակետին:
 
Որպես ռազմական ոլորտում փորձ ունեցող մարդ, ես ասում եմ՝ պատերազմի ելքը զինատեսակները չեն որոշում, շատ ուրիշ բնութագրիչներ կան, որոնք որոշում ենք ելքը: Մենք այդ բնութագրիչներն ունենք: Մենք միայն նորմալ ղեկավարման պակաս ունենք, հայրենասեր ղեկավարման պակաս ունենք եւ կոնկրետ նայեք ԱԺ-ի քաղաքական ուժերին, անհատներին: Այդ կազմը խոստումնալից չէ, կառավարության կազմը նայեք, շատ քաղաքական գործիչներ իրենց տեղում չեն:
 
- Իր տեղում չի նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյա՞նը:
 
- Ոչ, ես նկատի չունեմ Վիգեն Սարգսյանին, որովհետեւ բանակն այսօր մեր միակ անվտանգության երաշխիքն է եւ գոնե բանակն ամեն ինչ անում է, որ առաջնագիծը նորմալ պահվի, թե՛ Նախիջեւանի, թե՛ Նոյեմբերյանի եւ թե՛ Արցախի հատվածում:
 
- 2018 թվականի ապրիլին Հայաստանում բեկումնային քաղաքական իրադարձություններ են սպասվում: Հավանակություն կա՞, որ Ադրբեջանը կարող է առիթն օգտագործել:
 
- Չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից կարող է օգտվել:
 
- Արցախում ի՞նչ իրավիճակ է այժմ:
 
-Ես այս պահին առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա աշխատում եմ, նորմալ է, խաղաղ, երկինքը պարզ է, արեւոտ հաճելի եղանակ է: Մեր տրամադրություններն էլ՝ նորմալ, աշխատում ենք:
 
- Վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման դեպք եղե՞լ է:
 
-Մեր՝ հարավային շրջանում, չի եղել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play