Ազատություն ստանալու դիմաց «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագրին ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյան առաջարկել է մեղադրել ամենատարբեր մարդկանց (տեսանյութ)


Ազատություն ստանալու դիմաց «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագրին ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյան առաջարկել է մեղադրել ամենատարբեր մարդկանց (տեսանյութ)

  • 01-12-2017 14:28:06   | Հայաստան  |  Իրավունք



 
Ազատություն ստանալու դիմաց «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյան առաջարկել է մեղադրել ամենատարբեր մարդկանց, այդ թվում նաև ՀՀ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանին: 
 
Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց անձամբ Անի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ եթե անգամ իրեն ցմահ ազատազրկեին, ապա միևնույն է ոչ միայն չէր ընդունելու չկատարած հանցանքը, այլև այդ հանցանքում մեղսակից չէր դարձնելու անմեղ մարդկանց: 
 
Ըստ նրա՝ իր նկատմամբ գործադրված անարդյունք հոգեբանական ճնշումներից ու հետապնդումներից հետո սկսվում են ենթադրաբար ինչ-որ ժամանակահատվածում կատարված հանցանքներում իրեն մեղադրելու գործընթացը: 
 
««Անալիտիկ» ՍՊԸ-ին խոշոր գումարով տուգանեցին չգրանցված աշխատակիցներ ունենալու համար, պատկերացրեք՝ ես բանտում և ամեն ամիս ՊԵԿ-ից ստանում եմ հերթական տույժն ու տուգանքները վճարելու մասին նամակներ: Աբսուրդն այն աստիճան էր, որ ինձ քողարկված ցանկությունների համար մեղադրանք առաջադրեցին»,- փաստեց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր նկատմամբ հարուցված 4 տարբեր հոդվածներով քրեական գործերից 3-ով իրեն արդարացրել են:   
 
Նրա խոսքերով՝ ՀՔԾ վարչության պետ Կարեն Կարապետյանը բազմիցս իրեն հորդորել է օգտվել վերոնշյալ առաջարկից և ազատություն ստանալ, անգամ մատնանշել է, որ այսպես թե այնպես ՀՔԾ-ի համար աշխատող լրագրողներ կան, որոնց թվում է Թագուհի Թովմասյանը, ում ինչ հրամայեն, այն էլ կգրի Ա. Հովհաննիսյանի մասին «Ժողովուրդ» թերթում: 
 
«Կարեն Կարապետյանն ինքնավստահ կերպով ինձ հայտնեց, որ քրեական գործը ՀՔԾ-ի վարույթում քննելու իրավաբանական հիմքը «Ժողովուրդ» օրաթերթում ՀՔԾ-ի թելադրանքով տպագրված հոդվածն է եղել: Այսինքն՝ նախաքննական մարմինը պատվիրել է իմ դեմ սուտ հոդված ու այդ իսկ սուտ հոդվածի հիմքով քրեական գործը դատախազությունից փոխանցել ՀՔԾ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը՝ ՀՔԾ պաշտոնյայի ասածները գնահատելով իր դեմ հետապնդումների ամենացավոտ մասը, երբ անմեղ մարդու, կնոջ ու լրագրողի դեմ կեղծ գործ սարքելու մեջ ներգրավել են լրատվամիջոցի: 
 
«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիրը նաև տեղեկացրեց, որ նախաքննության 9 ամիսների ընթացքում իրեն զրկել են արտաքին աշխարհի և մտերիմների, անգամ մոր հետ հետ որևէ կերպ հաղորդակցվելու հնարավորությունից: 
 
Անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի առնչությանն իր դեմ առաջ քաշված մեղադրանքի մասով՝ Ա. Հովհաննիսյանը միանգամից իր իսկ բնորոշմամբ մի քանի միֆ հերքեց. 
 
«Առաջին՝ ինձ բերման չեն ենթարկել, այլ ես ինքս անհանգստացած իմ օգնականի հանակարծակի անհետացումով գնացել եմ ոստիկանություն հայտարարություն տալու: Երկրորդ՝ ես որևէ մեկից երբևէ գումար չեմ պահանջել ու չեմ վերցրել: Դա ոստիկանություն Ուրիխանյանի ներկայացրած հայտնի տեսանյութում այնպես ներկայացվեց, որ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, թե ինձ ինչ-որ մեկը գումար է տալիս ու ինձ ձերբակալում են: Կրկնում են դա իրականության հետ որևէ կապ չունի, քանի որ այդ տեսանյութում ես ընդհանրապես չկամ: Երրորդ՝ Տիգրանի կողմից մոնտաժված այն տեսանյութը, որտեղ ներքևում բառային ավելացումներ են, թե իբր ես իր օգնականի հետ խոսում էի ինչ-որ գումարային հարցերի մասին, դարձյալ իրականության հետ որևէ կապ չունի, ինչպես նաև անթույլատրելի ապացույց է ճանաչվել դատարանի կողմից, քանի որ ակնհայտ մոնտաժված է և կեղծ»: 
 
1,5 տարի բանտարկված Ա. Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի նահանջելու և հասնելու է իր արդարացման, եթե նույնիսկ դրա համար պետք լինի ՄԻԵԴ-ի վճռին սպասել մի քանի տարի: 
 
Նա վստահեցրեց, որ հասնելու է կեղծ քրեական գործի բոլոր բեմադրիչների պատժին, ավելին՝ կես քայլ անգամ ետ չի կանգնի ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի մասով իր դիրքորոշումից: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play