«Վարչապետը խստումներ է տվել գյումրեցիներին». Գյումրեցին խոստումներին չի հավատում


«Վարչապետը խստումներ է տվել գյումրեցիներին». Գյումրեցին խոստումներին չի հավատում

  • 07-12-2017 18:18:06   | Շիրակի մարզ  |  Վերլուծություն

Երկրաշարժից 29 տարի անց Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, այսօր անօթևան է մոտ 10 հազատ մարդ՝ ավելի քան 2000 ընտանիք:
 
Եվ աղքատությունն ու բարոյահոգեբանական վիճակը քաղաքում գնալով սրվում է, մարդու սոցիալական տարրական իրավունքները ոտնահարված են:
 
Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
 
«Անօթևան ընտանիքների մոտ կեսը երկրաշարժի հետևանքով են դարձել անօթևան, մյուս կեսը՝ երկրաշարժի հետևանքների չվերացման հետևանքով: Եվ այդ հետևանքների չվերացումը բերում է սոցիալական բարդությունների, որոնք ավելի երկարաժամկետ են ու ավելի ծանր: Ստեղծվել է իրավիճակ, որ պետության ուժերից այլևս վեր է այս խնդիրների լուծումը»,- ասաց Թումասյանը: Նա խնդրի լուծումը տեսնում է հետևյալ կերպ՝ իշխանությունները պետք է խոստովանեն, որ իրենց ուժերից վեր է այդ մարտահրավերի լուծումը, պետք է կոչ անեն համայն հայությանը միավորվել ու համատեղ լուծել գյումրեցիների բնակարանային խնդիրները:
Ըստ Թումասյանի՝ Գյումրիից այսօր արտագաղթում են աշխատունակ տարիքի անձինք, ովքեր քաղաքում էլ կարող են ինչ-որ կերպ աշխատանք գտնել: Իսկ աղքատ խավը մնում է ու վերարտադրվում: Նրա խոսքով՝ վտանգավոր միտում է դրսևորվում՝ տնակային ավանները Գյումրիի ներսում առանձին քաղաքի են վերածվում, որտեղ ապրողները չեն էլ ձգտում որևէ կերպ բարելավել իրենց սոցիալական վիճակը, նպաստի ու թոշակի հույսով են ապրում, կամ էլ բարերարներից են աջակցություն խնդրում: Այսինքն, ըստ նրա, պետության գործողությունների հետևանքով գյումրեցիների մեջ վերացել են ձգտումներն ու երազանքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հերթական անգամ խստումներ է տվել գյումրեցիներին: «Գյուրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է: Մենք ռեգուլյար պետք է ամեն օր աշխատենք, որ այստեղի կյանքը փոխվի: Պրոբլեմները հաղթահարվելու են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել»,- ասել է վարչապետը:
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը Lragir.am-ին ասում է, որ գյումրեցին արդեն երկու տասնամյակից ավելի է՝ լսում է բոլոր վարչապետների խոստումները: «Հիմա էլ նույն բանը խոստանում է դրայվի սիրահար Կարեն Կարապետյանը: Բայց գյումրեցին այլևս միամիտ չէ, խոստումներին չի հավատում, կոնկրետ գործերի է հավատում: Եվ, ցավոք սրտի, կոնկրետ գործեր այսօր գյումրեցին չի տեսնում և իր բողոքն արտահայտում է մասսայական արտագաղթով»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ եթե երկրաշարժից առաջ Գյումրին ուներ մոտ 260 hազար բնակիչ, ապա այսօր լավագույն դեպքում քաղաքում մնացել է 80 հազար բնակիչ:
Համբարյանը նկատում է, որ եթե այսօր իշխանությունները Գյումրիում աշխատանք են իրականացնում, ապա դրանք միտված չեն աշխատատեղեր ստեղծելուն, քաղաքի տեսքն է բարելավվում միայն:
«Այո, շատ ուրախ ենք, որ ներկայիս վարչապետը Ռուսթավելի փողոցը վերականգնեց: Բայց ասենք թե այդ աշխատանքները կատարվեցին, հետո՞: Մարդիկ աշխատատեղ չունեն, ինչքա՞ն զինվեն համբերությամբ: Մարդն ընդամենը մեկ անգամ է ապրում և փորձում է մարդավայել ապրել: Գյումրեցին արդեն 29 տարի սպասում է, որ մարդավայել պետք է ապրի: Այդ 29 տարվա ընթացքում գյումրեցին տեսավ, որ ավերիչ երկրաշարժ եղավ հարևան Թուրքիայում՝ Վան քաղաքը գրեթե կործանվեց: Հիմա Արևմտյան Հայաստան գնացող մեր զբոսաշրջիկները գալիս ու ասում են, որ Վանում ավերածության ոչ մի հետք չկա: Ճապոնիայում ևս եղավ ավերիչ երկրաշարժ, հետքերն այլևս չկան: Գյումրեցին այդ օրինակները տեսնում է, և շատ երկար չի սպասում, արտագաղթում է այլ երկրներ, որպեսզի մարդավայել ապրի»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Նա անդրադարձավ նաև պատճառներին, թե ինչու Հայաստանի իշխանություններն անցած 29 տարիներին չկարողացան լուծել Գյումրիի անօթևանների խնդիրները:
«Երկրաշարժի առաջին տարիներին դրսից միլիարդավոր դոլարներ եկան, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը եթե չգրպաներ այդ գումարները, կարելի էր Գյումրիի նման 6-7 նման քաղաք կառուցել: Իսկ հետագայում Արցախյան պատերազմն էր, շրջափակում, էներգետիկ ճգնաժամը: Դրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ևս խնդիրները չլուծվեցին, սոցիալական խնդիրները սրվեցին, զանգվածային արտագաղթ սկսվեց»,- ասաց նա:
Գագիկ Համբարյանը նաև հիշեցնում է, որ այսօր Շիրակի մարզն ու Գյումրի քաղաքը հանրապետության ամենաաղքատն են: Ըստ նրա՝ չեմպիոններ ծնող քաղաքը չեմպիոն է նաև աղքատության հարցում:
«Գյումրիում աղքատության շեմը պաշտոնապես 46 տոկոս է: Բայց իրականում ես ձեզ կարող եմ հավաստել, որ քաղաքի բնակչության 70 տոկոսը կամ աղքատության շեմին մոտ է, կամ էլ այդ շեմից անցել է: Գյումրիում կան գետտոներ, որտեղ մարդիկ ոտք չեն դնում: Խոսքը նույն Ֆանտան կոչվող կամ ավտոկայանի տնակային թաղամասերի մասին է: Մարդիկ 30 տարի է՝ ապրում են այդ տնակային ավաններում, և արդեն մարդկանց հոգեբանությունն է դարձել տնակային»,- ասաց Համբարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play