«Մեր ազգի հզորացումը կսկսվի Հայրենիքի հզորացումով». Շահան Գանտահարյան


«Մեր ազգի հզորացումը կսկսվի Հայրենիքի հզորացումով». Շահան Գանտահարյան

  • 15-12-2017 16:03:31   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Լիբանանյան «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր  Շահան Գանտահարյանն այն բացառիկ քաղաքական, ազգային  գործիչներից է, ով իր  լրագրողական աշխատանքին ու պաշտոնավարմանը զուգահեռ՝  շարունակաբար  աչքի  է ընկնում աշխարհաքաղաքական իրադարձությունների խորաթափանց, յուրօրինակ վերլուծություններով ու մեկնաբանություններով:

 
 Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում  տեղի ունեցած «Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի» նիստի ընթացքում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը  Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին իր 30-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց  ՀՀ ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ: Այդ առիթով «Հայերն այսօր»-ի համար զրույց ունեցա արժանավոր հայորդու հետ. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
 
-Պարո՛ն Գանտահարյան, նախ՝ շնորհավորում եմ Ձեզ արժանի պարգևատրման համար և մաղթում  շարունակական  ազգանպաստ գործունեություն. Ձեր ողջ կյանքում եղել եք ու կաք լրագրողական դաշտում, ի՞նչն է Ձեզ մղել քաղաքական հարթակ:
 
-Շնորհակալ եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի համար. ասեմ, որ  քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ ուսանելուս հենց առաջին տարիներից  աշխատել եմ «Ազդակ» օրաթերթում, որն ինձ համար մի յուրօրինակ կարևոր համալսարան և ինքնադրսևորման  հարթակ է եղել: Այդ տարիներին նաև  դաշնակցության երիտասարդական կազմակերպության անդամ էի, այդ ժամանակ  սկսեցին ձևավորվել  իմ  քաղաքական հայացքները. դա փորձի  կուտակման մի շրջան էր: Հետագայում նշանակվել եմ «Կայծեր»  երիտասարդական պարբերաթերթի  խմբագրակազմի անդամ: Իմ  ընթերցումների հետաքրքրությունը կենտրոնացել էր այն քաղաքական գործընթացների վրա, որոնք, բնականաբար, առնչվում են նաև մեր՝ հայկական  խնդիրներին:  Հետագայում Լիբանանի  դաշնակցության կենտրոնական կոմիտեն ինձ նշանակեց  «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, որն արդեն շուրջ 15 տարի  վարում եմ:
 
-Պարո՛ն Գանտահարյան, Ձեր՝ միջազգայնագետի, քաղաքագետի կարծիքը քաղաքական իրադարձությունների մասին ո՞ր հարթակներում են հաշվի առնում, խորհրդակցում  Ձեզ հետ և կարևորում. թե՞ պարզապես գրում եք, վերլուծություններ անում, և  այդ ամենն  ավարտվում է լրատվության դաշտում:
 
-Ճիշտ հարց է, որովհետև, ի վերջո, կարևոր է, թե քո աշխատանքը, քաղաքական վերլուծություններն  ու՞մ են հասնում, ի՞նչ  արձագանքներ են ունենում. անշուշտ, հասնում են ընթերցողներին, սակայն կարևոր են նաև դրանց արձագանքները ոչ միայն տեղեկատվական, վերլուծական կենտրոններից, այլև՝ պետական գերատեսչություններից, բարձր ատյաններից, Հայաստանի Հանրապետությունից: Իմ վերլուծությունների ճիշտ ընկալումը, բնականաբար,  խրախուսում է ինձ:
 
-Ձեր քաղաքական վերլուծությունների առիթով երբևէ տարաձայնություններ, հակասական կարծիքներ, դիտարկումներ չե՞ն եղել. եթե այո՝ ապա, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս եք արձագանքում նման դեպքերում:
 
-Եղել են նաև տարաձայնություններ, հակառակ կարծիքներ, քննադատություններ, սակայն դրանից երբևէ չեմ նեղսրտվել, ես դա նորմալ եմ համարում և ողջունում եմ: Եթե անգամ  չեմ  կիսում այդ տարատեսակ կարծիքներն, ապա, համենայն դեպս, հարգում եմ դրանք. բազմակարծությունը պետք է քաջալերել: Մեր էլեկտրոնային կայքում հատուկ անկյուն ունենք, ուր զետեղում ենք տարբեր տեսակետներ. միշտ չէ, որ արտահայտած  կարծիքները համահունչ են  լինում մեր վերլուծություններին, տեսակետներին:  Արտահայտած  տեսակետները  տարածում ենք, դրանք լայն հնչեղություն են գտնում, մեր տեսակետների հետ հաշվի են նստում  տեղեկատվական ու վերլուծական տարբեր կենտրոններ. ես շնորհակալ եմ, որ նաև հրավիրում են տարբեր քննարկումների, մամուլի ասուլիսների, հատկապես՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած  քննարկումներին, համաժողովներին ու նիստերին, որտեղ առիթ է լինում գտնել Հայրենիք-Սփյուռք համագործակցության կապերի առավել սերտացման և զարգացման ուղիներ, իսկ ես հավատում եմ դրան: Կարծում եմ, որ Սփյուռքն առանց Հայրենիքի չի ունենա այն դերը, նշանակությունը, որն առկա է, ձևավորված է: Ես ցանկանում  եմ, որ ունենանք Հայաստանակենտրոն կամ  պետականամետ Սփյուռք. սա, իհարկե, կապ չունի իշխանության, ընդդիմության հետ: Մենք, երկար ժամանակ զրկված լինելով պետականությունից, ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանենք, որ այն անվտանգ մնա:
 
-Պարո՛ն Գանտահարյան, ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայրենիք-Սփյուռք  գործակցության  հարաբերություններն  առավել սերտ լինեն:
 
-Ես կարծում եմ՝  Հայրենիք-Սփյուռքն այլևս պետք է ընդունել որպես  մի ամբողջականություն, որը կարելի է ձևակերպել հայրենակենտրոն Հայկական աշխարհ, որում ներառվում են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախը, և՛ Ջավախքը, և՛  Սփյուռքը: Միավորումը միայն մտայնությամբ չի կարող լինել, այն պետք է գործնական լինի, ես կարծում եմ, որ այս պարագայում շատ կարևոր, լուրջ դեր  պետք է խաղա աշխարհասփյուռ հայության քաղաքացիություն ստանալու իրավունքը, որն, ի վերջո,  տվյալ պետության պատկանելության գործոնն է, քաղաքացիությունը ենթադրում է ինչպես իրավունքներ, այնպես էլ՝ պարտավորություններ:  Կարևոր է Հայրենիքի նկատմամբ համասեփականատեր լինելու զգացումը նաև: Այս ամենը կնպաստի մեկ ամբողջություն ներկայացնող Հայկական աշխարհի, մեկ ամբողջություն ներկայացնող համահայկական հասարակության և ամենայն Հայոց պետականության գաղափարներին, որի համար պետք է անմնացորդ աշխատել: Անշուշտ, կլինեն դժվարություններ, խոչընդոտներ, սակայն որևէ մեծ գործ երբևէ զերծ չի լինում դժվարություններից: Ամբողջ հայկական աշխարհի ներուժը պետք է կենտրոնացնել մեր պետականության առավել զարգացման, հզորացման  համար, իսկ դրա համար կարևոր նախադրյալներ են մենաշնորհի վերացումը, համատարած արդարության հաստատումն ամենուր, ներդրումային քաղաքակնության ճիշտ ձևավորումը: Մենք այսօր ունենք աշխարհատարած հայություն և եթե Հայկական աշխարհ ձևակերպումը սկսենք օգտագործել, այն տարածում կգտնի և կարմատավորվի, որովհետև եզրաբանությունը, եզրաբանության օգտագործումը կազդի նաև մարդկանց մտածողության վրա:
 
…Հավատու՞մ  եք,  որ այդ ամենն իրականություն կդառնա, արդյո՞ք  կարող են իրատեսական  դառնալ այդ  առաջարկություններն ու մտորումները:
 
-Հավատու՛մ եմ. մեզանից ոչ մեկը չէր պատկերացնում, որ կունենանք Անկախ Հայաստան. այն երազ էր թվում շատ-շատերիս, բայց ունեցա՛նք մեր՝ իրականություն դարձած  Անկախ Հայաստանը: Հավատացած եմ, որ մեր ժողովուրդը կունենա  այն գիտակցությունն ու կամքը, որ նույնիսկ դժվար պայմաններում կզարգանա շատ լուրջ տեմպերով և նկատելի արդյունքներով, որի համար, ինչպես ասացի, պետք է ներդնել, ապահովել ամբողջ հայկական աշխարհի կարողականությունը: Մեր ազգի հզորացումը  կսկսվի Հայրենիքի հզորացումով. Սփյուռքի նպատակը Հայրենիքի հզորացմանը նպաստելն է: Ես գիտակցում եմ նաև, որ Սփյուռքի կազմակերպվածությունը, Սփյուռքի քաղաքական ազդեցիկ գործոն լինելը միանշանակ սատարելու է Հայաստանի Հանրապետության հզորացմանը և,  գուցե նաև, իբրև ռազմավարական նպատակ, այս պահի դրությամբ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:  Այս ամենի համար մենք բոլորս  պետք է կարողանանք կատարել մեր առջև դրված առաջադրանքները:
 
-Ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, տարիների փորձառություն, քաղաքական հրաշալի վերլուծությունների հեղինակ եք. երբևէ  Ձեզ  չե՞ն առաջարկել  աշխատել դիվանագիտական կորպուսում  կամ արտակարգ և լիազոր  դեսպանի պաշտոնավարում որևէ այլ երկրում:
 
-Չի եղել, որովհետև իմ պայմաններին ծանոթ են եղել, սակայն նման համագործակցությունը միշտ կայուն է եղել՝ հատկապես  խորհրդակցությունների, հիմնական միջոցառումների, հակառակորդի արած մեկ քայլին հակառակվելու կամ, ընդհանրապես, միջպետական հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու, տարբեր երկրների դեսպանների հետ   մնայուն համագործակցության  առումով: Հաճախակի հանդիպումներ  եմ  ունեցել Սփյուռքի նախարարի  հետ, խորհրդակցությունների, տեղեկատվական ոլորտի կազմակերպման, համախմբման աշխատանքների մասնակից եղել: Այս ամենը, կարծում եմ, արդենիսկ պետական ոլորտի աշխատանք է. Սփյուռքի նախարարության հասարակական խորհրդի անդամ եմ, քննարկում ենք, ուղենիշներ փնտրում համատեղ աշխատանքով:
 
-Պարո՛ն Գանտահարյան, Դուք մասնակցեցիք Լրագրողների համահայկական համաժողովի  համակարգող նիստին. արդյո՞ք այդ նիստերի գումարումը նպաստում է համաժողովների անցկացման  բարձր մակարդակի ապահովմանը:
 
-Անշու՛շտ, նպաստել են և կնպաստեն և կարծում եմ, որ սա այն ոլորտն է, ուր առավելագույն հետևողականություն է դրսևորվում՝ ամեն առումով: Բարձրաձայնվում  են նախորդ համաժողովի  բացթողումները, սխալները, որոնք շտկվում են մինչև հաջորդ համաժողով, լուծումներ են առաջարկվում դրանց համար:
 
-Առանց վերապահումների՝ կարո՞ղ եք  նշել նախորդ բացթողումներից  մեկը:
 
-Այո՛: Նախատեսված ծրագիրը մի քանի անգամ փոփոխվել էր, Սփյուռքից   նախատեսված զեկուցողներից որոշ մարդիկ ելույթ չունեցան:  Մեծ հավաք էր, և, բնականաբար, ամեն ինչ չէր կարող անթերի, կատարյալ լինել: Լրագրողական առումով  նախագիծն իրականության մեջ կայացած եմ համարում:
 
–Վերջերս շատ է շրջանառվում Սփյուռքի նախարարությունը վերանվանել Հայրենադարձության  նախարարություն, համամի՞տ եք;
 
–Ես կարծում եմ, որ հայրենադարձությունը պետք է լինի և այդպես էլ կա՝ Սփյուռքի նախարարության մի կարևոր բաժին, բայց ոչ՝ վերանվանումը նախարարության, որովհետև նախարարությունը միայն հայրենադարձությամբ չի զբաղվում, Սփյուռքի նախարարության գործառույթները շատ են. ես ողջունում եմ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ   ներառվելիք  հայրենադարձության  հատուկ ծրագիրը, որը շուտով նաև օրենքի ուժ կստանա՝ ռազմավարական իր կարևոր նշանակությամբ  ու հայեցակարգով:
 
– Ներկայիս աշխարհաքաղաքական  քաոսային իրադարձություններում և կարծես թե՝ Երկիր մոլորակում հասունացող  աներևութալի թվացող պատերազմական իրավիճակում  ինչպիսի՞ն  եք տեսնում հայերի վիճակը:
 
-Ճիշտ բառ օգտագործեցիք՝ քաոսային. իրո՛ք, քաոսային  կարելի է բնութագրել այն, ինչ տեղի է ունենում վերջին ժամանակներում…Ներկայիս, ժամանակակից քաղաքագիտությունն այդ բոլոր պատերազմական գործողությունները, թեժ մթնոլորտը, ժողովրդագրական պատկերները վերահսկելի պատերազմ է համարում:
 
–Մտահոգիչ են, իհարկե, խոշոր գերտերությունների պատերազմական, զավթողական  նկրտումները, սակայն ամենից մտահոգիչը մեզ՝ հայերիս համար, Արցախի հարցն է՝ հանկարծ չպատահի այնպես, որ դրանց  հակամարտությունների արանքում կուլ գնա Արցախը…
 
-Ես հասկանում եմ Ձեզ. քաղաքական գրականության մեջ կա այն մտահոգությունը, թե ինչ կտա մեզ օրինակ՝ Մոսկվա-Անկարա  մերձեցումը, բայց այսօրվա  քաղաքական նախադրյալները հուշում են այն՝ թե  հեշտ չի, որ Անկարային թույլատրվի միջնորդ դառնալ արցախյան հակամարտությանը, դա չի բխում Մոսկվայի շահերից:  Եթե ի նկատի ունենանք խոշոր գերտերությունների պաշտոնական հայտարարությունը, ապա՝ թե՛ Միացյալ Նահանգները, առավել ևս՝ Ռուսաստանը, վերահաստատեցին, որ արցախյան հակամարտության միջնորդական առաքելության ձևաչափը շարունակելու է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի նկրտումները որևէ արդյունքի չեն կարող հասնել:
 
-Պարո՛ն Գանտահարյան, հուսանք, որ 2018-ը համայն աշխարհի համար կլինի խաղաղության, փոխըմբռնումների ու Երկիր մոլորակը միայն ու միայն սիրով լցնելու նոր ու խոստումնալից տարի. Ձեր բարեմաղթանքը,  հարգելի՛ հայրենակից:
 
-Բոլորիս համար 2018-ը շատ կարևոր հոբելյանական տարի է, որովհետև համընկնում է Հայասատանի Առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձին. քանի որ խորհուրդը վերաբերում է պետականությանը, ես ցանկանում եմ, որ պետականությունը գործի ու զարգանա՝ Հայկական զույգ հանրապետությունների համար և դառնա համայն հայության պետականություն՝ խաղաղ պայմաններում: Կարծում եմ, որ խաղաղությունը, պաշտպանված սահմանները, անամպ երկինքը  կարևոր հիմքեր են՝ այդ ամենն ունենալու: Մաղթում եմ, որ հայրենադարձության հայեցակարգը, ռազմավարությունը, օրենքը լիարժեք աշխատի և հայրենադարձություն ասելով՝ հասկանանք ո՛չ միայն այլ երկրներից Հայրենիք տեղափոխվելը, այլև,  ինչ-որ կերպով, Հայրենիքի հետ կապեր ստեղծելը, ասենք՝ ներդրումներ անելը, մասնագիտական հայրենադարձությունը, հաճախակի այցելելը, Հայրենիքի բուհերում սովորելը, ինչ-ինչ գործեր ձեռնարկելը և այլն:
 
-Պարո՛ն, Գնատահարյան, շնորհակալություն. մաղթում եմ, որ Ձեր 30-ամյա լրագրողական ու քաղաքական գործունեության  դաշտում  2018-ին գերիշխեն միայն լավ լուրեր՝ համայն աշխարհի հայության, Հայաստանի, մասնավորապես՝ Արցախ աշխարհի մասին:
 
Կարինե Ավագյան

hayernaysor.am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play