Արա Բաբլոյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին


Արա Բաբլոյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

  • 15-12-2017 19:50:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին: 
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյան բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: 
 
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հույն ժողովրդին Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու, իսկ հետագայում Ցեղասպանությունը ճանաչելու եւ ժխտումը դատապարտող բանաձեւեր ընդունելու համար: 
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը: 
Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաեւ անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը: 
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին եւ իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ: 
Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կխթանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ սերտացնելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը: 
Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ անդրադարձել հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում: 
Անդրադառնալով այսօր աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններին՝ արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ բանակցային ճանապարհով դրանք լուծելու վերաբերյալ: 
Տերենս-Նիկոլաոս Քուիքն անդրադարձել է նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը՝ ընդգծելով խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման եւ միջազգային հարթակներում փոխշահավետ գործակցության կարեւորությունը: Պարոն Քուիքն առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը: 
Հանդիպման ավարտին փոխնախարարը հաջողություններ է մաղթել ՀՀ ԱԺ նախագահին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play