Դաժան ավտովթարի զոհ դարձած ոստիկանները նախևառաջ զոհերն են երկիրն ավերող կոռուպցիայի և իշխանությունների վարած քաղաքականության (տեսանյութեր)


Դաժան ավտովթարի զոհ դարձած ոստիկանները նախևառաջ զոհերն են երկիրն ավերող կոռուպցիայի և իշխանությունների վարած քաղաքականության (տեսանյութեր)

  • 10-01-2018 23:53:11   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Չարախնդալ չի կարելի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում` առավել ևս, երբ տեղի է ունեցել ողբերգություն` զոհվել է երկու հայ երիտասարդ, սակայն իրերն ու երևույթները, տվյալ և բազմաթիվ այլ ողբերգությունների պատճառ հանդիսացած իրողությունները ոչ միայն անհրաժեշտ է կոչել իրենց անուններով, այլև ուղղակի պարտավոր ենք այդպես վարվել:
Յուրաքանչյուրս ենք պարտավոր, քանզի մեզանից որևէ մեկը չունի անգամ նվազագույն երաշխիք, որ այսօր, վաղը կամ հետո ինքը կամ իր մերձավորը զոհ չի դառնա ինչ-որ մեկի հղփացածության, չի զոհվի քաղաքում խելացնոր արագությամբ սուրացող ինչ-որ մեկի ավտոմեքենայի հարվածից, կամ, թեկուզ կանգառում կանգնած, չի հայտնվի հղփացած մեկի ավտոմեքենայի անիվների տակ:
Ընդգծենք, որ հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը նմանօրինակ առաջին դեպքը չէ, հետո՞ ինչ, որ նախորդած բազմաթիվ դեպքերում զոհերը ոչ թե ճանապարհային ոստիկանության ծառայողներ, այլ շարքային քաղաքացիներ են եղել` տաքսու և այլ մեքենաների վարորդներ, ուղևորներ… Հետևաբար` կատարվածը ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափության բազմաթիվ դրսևորումներից մեկը, ու հենց սա հաշվի առնելով, մեզանից որևէ մեկը, ավաղ, չի կարող, ինչպես Ռուբեն Հախվերդյանն իր «Սա Երևանն է» հայտնի երգում, ասել` «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես…»:
Մարդու տունն իր ամենաապահով վայրն է իր համար, մինչդեռ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում մենք վաղուց կորցրել ենք այդ ապահովության զգացողությունը, քանի որ ցանկացած պահի կարող ենք զոհվել փողոցում իրար հետ հաշիվներ պարզող ստահակների կրակոցներից կամ Ճվճըվ Արոյի որդու` Սարգիս Վարդանյանի նման մեկի կողմից խելացնոր արագությամբ վարվող մեքենայի հուժկու հարվածից: Անցել են Հախվերդյանի երգի ժամանակները, հասկանո՞ւմ եք` մեզանից, որպես տուն, խլել են Երևանը, Գյումրին, Վանաձորը և մեր մյուս քաղաքները: Եվ խլողները, առաջին հերթին, Ճվճըվ Արոյի որդի, քրեական աշխարհում հեղինակություն համարվող ու Սաքուլիկ անվամբ հայտնի Սարգիս Վարդանյանն ու նրա նմանները, նրանք թերևս, իրենք իրենց հերթին, զոհերն են ներկայիս հանցավոր համակարգի, ներկայիս ու նրանց նախորդած իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության, երկիրն ավերող համակարգային կոռուպցիայի և արդարադատության գրեթե իսպառ բացակայության, եթե արդարադատության մյուս կողմում, այսպես ասած, արտոնյալներն են` գործնականում օրենքից վեր կանգնած:
Ո՞վ կարող է հավատալ, որ Ճվճըվ Արոյի որդին Երևանում հունվարի 8-ի գիշերն առաջին անգամ էր մեքենան վարում առանց վարորդական իրավունքի, սահմանված արագության գերազանցմամբ և այնպիսի արագությամբ, որով, հավանաբար, քաղաքից դուրս էլ չի կարելի վարել: Ո՞վ կարող է հավատալ, որ նրա կողմից արագության գերազանցման նախորդ բոլոր խախտումները, որոնք թեկուզ տեսախցիկների կողմից չեն կարող արձանագրված չլինել, ունեցել են համապատասխան ընթացք: «Armeniasputnik.am» կայքը բացահայտել է Սարգիս Վարդանյանի նկատմամբ Հայաստանի արդարադատության համակարգի, որոշ չափով նաև` ոստիկանության խայտառակ վերաբերմունքը: Նույն վերաբերմունքի առնչությամբ (ի դեպ, նաև` Սարգիս Վարդանյանի կրտսեր եղբոր` 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ) ուշագրավ տեղեկություններ են հայտնել նաև «Ազատություն» ռադիոկայանը և այլ ԶԼՄ-ներ: Ճակատագրի հեգնանքով, հունվարի 8-ի գիշերը զոհերը հենց ոստիկաններն էին: Ի վերջո, ո՞վ կարող է հավատալ, որ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզումը, որը նախաքննության մարմինը պետք է ավելի վաղ հայտարարեր, բայց հայտարարել է միայն 2018թ. հունվարի 8-ին, երկու ոստիկանի կյանք խլած ավտովթարից հետո, սոսկ պատահականորեն է հայտարարվել հենց այդ դեպքի օրը, ամսաթվերի պատահական համընկնում է: Լրատվամիջոցների փոխանցմամբ, այն, որ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո Սերժ Վարդանյանը չի կալանավորվել, դերակատարություն է ունեցել մայրական պապը` Նիկոլայ Գաբրիելյանը, ով ռուսաստանյան «ԳազպրոմԱրմենիա» ընկերության «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է, «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպության գրեթե 50 տոկոսի սեփականատերը, և ով 2012թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեսանյութ է հրապարակել` «ՃՈ տեսուչները մահացել են՝ ողբերգական ավտովթարի արդյունքում» վերտառությամբ, որում վերնագրից սկսած, «ԲՄՎX6» ավտոմեքենայի հաշվառման համարանիշից բացի, բացարձակապես որևէ նորություն չկա հենց նույն Քննչական կոմիտեի կողմից նախօրեին հրապարակված տեղեկատվության համեմատ: ԵՔՔՎ քննիչ, արդարադատության կապիտան Գեղամ Գալստյանը տեսախցիկի առջև անվարժ կերպով ընթերցում է իր դիմաց դրված շարադրանքը, որը հանրապետության գրեթե բոլոր ԶԼՄ-ների կողմից երեկ արդեն հրապարակվել էր: Մինչդեռ, հանրությունը ՀՀ քննչական կոմիտեից, գլխավոր դատախազությունից, ՀՔԾ-ից բոլորովին այլ բան է ակնկալում` այդ ինչպե՞ս, ինչո՞ւ կամ ո՞ւմ հովանավորչության շնորհիվ է, որ Ճվճըվ Արոյի որդին չնայած նախկինում իր կատարած բազմաթիվ օրինազանցություններին, հանցագործություններին, գործնականում գրեթե միշտ անպատիժ է մնացել… Այդ ինչո՞ւ դատարանը (դատավորը) Սարգիս Վարդանյանին խուլիգանության համար դատելով, որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա ընդունել է մեղքը, զղջացել և ինքնակամ ներկայացել ոստիկանություն, սակայն բացահայտորեն անտեսել է նույն դատական գործում նշված, իրեն հայտնի այնպիսի ծանրացնող հանգամանք, ինչպիսին է Սարգիս Վարդանյանի` նախկինում դատված լինելը, և արդյունքում Ճվճըվ Արոյի որդուն դատարանի դահլիճից բաց թողել` 500 000 դրամ տուգանք նշանակելով։
Ի դեպ, 2013թ., երբ ըստ քր. գործի նյութերի, Սարգիս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել թմրանյութեր պահելու համար, ոստիկանությունը նրա ընկերոջ ավտոմեքենայի սրահից հայտնաբերել էր Վարդանյանին պատկանող 0.51 գրամ մարիխուանա, նա այդ ընթացքում աշխատելիս է եղել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում որպես ֆինանսական մասնագետ, այսինքն` բավական պատվավոր ու բարձր վարձատրվող պաշտոնում, որին նշանակվելը համալսարանը նույնիսկ գերազանցությամբ ավարտած, ազնիվ, օրինապահ բազմաթիվ երիտասարդների կամ նույնիսկ արդեն կայացած մասնագետների համար երազանքի պես մի բան է: Այս առումով ոչինչ չի՞ ասում այն փաստը, որ Սարգիս Վարդանյանի մայրական պապը` 2012թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրված Նիկոլայ Գաբրիելյանը, ռուսաստանյան «ԳազպրոմԱրմենիա» ընկերության «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է…
Որևէ կասկած չունեմ, որ հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ողբերգության նման դեպքերն առաջիկայում շարունակվելու են` մեզանից խլելով նորանոր զոհեր: Եվ այսպես շարունակվելու են, քանի դեռ հայությունը չի կարողացել փոխել ՀՀ իշխանություններին կամ վերջիններս չեն փոխել իրենց քաղաքականությունը, ինչը, սակայն, քիչ հավանական է, որովհետև նույնիսկ «Սասնա ծռեր»-ի հայտնի ընդվզումից հետո նրանք իրենց քաղաքականությունը չփոխեցին` Հայաստանի բնակչության մի զգալի մասին մղելով անհուսության և երկրի ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր արտագաղթի, իսկ մի մասին էլ` ծայրահեղ ելքեր որոնելու…
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play