Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը


Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը

  • 10-02-2018 12:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:
 
Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
 
Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի Նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն:
 
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
 
Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play