Ալբերտ Մկրտչյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում


Ալբերտ Մկրտչյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

  • 01-03-2018 18:38:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
 
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
 
Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:
 
Ալբերտ Մկրտչյանը կյանքից հեռացել է փետրվարի 28-ին, 81 տարեկանում: Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27–ին Լենինականում։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։
 
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971-ին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր, 1995-1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play