Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք (տեսանյութ)


Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք (տեսանյութ)

  • 09-03-2018 17:31:46   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք: 
 
Այս մասին մարտի 9-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նշեց Ալևիների եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայում ալևիների միության ֆեդերացիայի նախագահ Էլդար Քըլչքայան: 
 
Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում, հանդիպումներ ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ազգային փոքրամասնություններին ներկայացնող քուրդ, ասորի, եզդի պատգամավորների և ուսանողների հետ: 
 
Է. Քլչքայայի խոսքերով՝ իրենք Հայաստան կատարած այցի ընթացքում հասկացել են մի բան, որ հայերը և ալևիները միմյանց լավ չեն ճանաչում՝ չնայած որ հարյուրավոր տարիներ ապրել են նույն արևի ու երկնքի տակ: 
 
Ըստ նրա՝ դարեր շարունակ Անատոլիայի հնագույն ժողովուրդներն ապրել են միևնույն ճակատագրով, պատճառը՝ ալևիների, հայերի, քրդերի, հույների ու ասորաքաղդեցիաների միջև գոյություն ունեցող ներդաշնակությունն է եղել, որը Է. Քըլչքայայի բնորոշմամբ՝ չարիք է համարվել նրանց կողմից, ովքեր զզվանք զգալով այդ հողերի մշակութային, լեզվական և կրոնական հարստության հանդեպ, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության նման դրսևորումներն ամենադաժան մեթոդներով ձուլման քաղաքականություն վարելու միջոցով: 
 
«Մենք՝ ալևիներս, կիսում ենք մեր հայ եղբայրների տառապանքը և կցանկանայինք այս այցով ընդգծել, որ մնում ենք մեր կարեկցանքի մեջ: Մենք տեսանք ձեր դահիճի դեմքը և զգացինք ձեր տառապանքը Դերսիմում, Մարաշում, Չորում, Սիվասում, Ղազիում և Ղեզիում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: 
 
Է. Քլչքայայի համոզմամբ՝ անցյալին դեմքով նայելը և սեփական պատմության մռայլ էջերը ճանաչելը չի նշանակում խայտառակել սեփական երկիրը: 
 
Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ,  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն իր հերթին փաստեց, որ տարիներ շարունակ ճանաչողական և մշակութային այցերով բազմիցս եղել են Արևմտյան Հայաստանում և ծանոթացել ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող բազմաշերտ հասարակության հետ: 
 
«Մեր ամբողջ գործունեությունը սկսվեց Դերսիմից մոտ 10 տարի առաջ, երբ որ հատկապես զազա ալևիների հետ մշակութային ծրագրեր սկսեցինք իրականացնել և կամաց կամաց շառավիղները մեծացնել»,- նշեց նա: 
 
Ա. Ախոյանի գնահատմամբ՝ նման այցելությունները կարևոր են այնքանով, որ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները կարողանում են վերագտնել միմյանց և համատեղ լուծել սեփական հարցերը: 
 
Նրա փոխանցմամբ՝ թուրքական վարչակազմի կողմից 1937 թվականին ալևիների նկատմամբ բռնությունները նաև պայմանավորված էին այն հանգամանքով, որ վերջիններս Հայոց ցեղասպանության ժամանակ գրկաբաց ընդունել էին սպանվող ժողովրդին և փրկել այժմ Թուրքիայում ծպտյալ հայերի կարգավիճակով ապրողներին: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play