ԼՂՀ-ի անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ հղի է<br /> հակամարտության նոր սրացումով<br />


ԼՂՀ-ի անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ հղի է
հակամարտության նոր սրացումով

  • 17-07-2009 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԼՂՀ-ի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության: Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման: Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ ԼՂՀ-ի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական