Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ոստիկանապետին
21-03-2018 16:28:11 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով պարզաբանում տրամադրել այն մասին, թե ինչու 2018 թվականի փետրվարի 14-ից մինչ օրս «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենան թույլ չեն տալիս կայանել Երևանի քաղաքապետարանի հետնամասում գտնվող ավտոկայանատեղիում (ինչպես որ տեղի էր ունենում մինչև 2018 թվականի փետրվարի 13-ը): Զարուհի Փոստանջյանը խնդրել է տրամադրել նաև այն բոլոր ավտոմեքենաների ցանկը, որոնց թույլատրվում է կայանել վերոնշյալ ավտոկայանատեղիում, ինչպես նաև՝ թույլատրման կամ չթույլատրման վերաբերյալ իրավական ակտերը, եթե դրանք առկան են:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն տեղեկատվություն ստանալու հարցումով այսօր դիմել է նաև ՀՀ ոստիկանապետին՝ խնդրելով պարզաբանում, թե քանի ոստիկան է սպասարկում Երևանի քաղաքապետարանի շենքը, ավտոկայանատեղին, որքան է նրանց ամսական աշխատավարձը, և 2018 թվականի փետրվարի 14-ին ինչ ծառայություն էին իրականացնում մեծ թվով ոստիկանները Երևանի քաղաքապետարանի ավտոկայանատեղիում՝ ողջ օրվա ընթացքում:
Հարկատուների միջոցներից սնվող ոստիկանական ուժերը, լավ զինված և հանդերձված, փոխարենը պաշտպանելու Հայրենիքի սահմանները, մեծ խմբերով պարեկություն են անում Երևանի քաղաքապետարանի ավտոկայանատեղիում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն