Ներառական- հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ. Շահան Գանտահարյան


Ներառական- հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ. Շահան Գանտահարյան

  • 27-03-2018 17:20:39   | Լիբանան  |  Վերլուծություն

Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների եւ հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության եւ արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։
 
ՌԴ-ի դեմ շղթայազերծված դիվանագիտական հարթության վրա այս համալիր գործողությունները կարող են դիտարկվել տնտեսական պատժամիջոցներով՝ սկսած ՌԴ-ի մեկուսացմանն առաջնորդող ընդհանուր ծրագրի քաղաքական պարունակում: Առաջադրանք կա Վաշինգտոնի կողմից, որ այսօր արդեն վերածվել է ընդհանրապես Արեւմուտքի ընդհանուր քաղաքականության` ռուսական գործոնի չեզոքացումը իրականացնել ամենաազդեցիկ եղանակներով:
 
ՌԴ-ի մեկուսացմանը միտող գործողություններն ունեն ֆինանսատնտեսական, ռազմական եւ այժմ դիվանագիտական ուղղություններ: Ֆինանսատնտեսականը պատժամիջոցների մեթոդով իրականացվող, ռազմականը` ՌԴ-ի ազդեցության գոտիներում պատերազմական գործողություններ ծավալելով, եւ այժմ դիվանագիտականը` ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումներով:
 
Կենտրոնանալով այս վերջին պատերազմի մեթոդի վրա, անմիջապես ընդգծվում է, որ դիվանագետների արտաքսումը դեռեւս դիվանագիտական կապերի խզում չէ: Դիվանագիտական կապերի իրողական առկախում կարելի է նկատել պատահարը, որը բնականաբար կունենա հակադարձություն: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է արդեն, որ Վաշինգտոնը քանդում է ՌԴ-ի հետ գոյություն ունեցող հարաբերությունների վերջին կամուրջը եւ թե նույն Վաշինգտոնը հասկանում է միայն ուժային միջոցները:
 
Դեկլարատիվ մակարդակի վրա, ըստ էության, Մոսկվայի օգտագործածը սպառնական ոճ է: Դիվանագետների արտաքսման որոշման դիմաց տվյալ երկիրը դիվանագիտական պատերազմի հակահարված է տալիս արտաքսելով իր մոտ գտնվող արտաքսող պետության դիվանագետներին: Այս մասին Մոսկվան արդեն բարձրաձայնել է:
 
Բայց ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի բավարարվում արտաքսում- արտաքսման դիմաց գործողությամբ: Հայտարարում է, որ Վաշինգտոնին ինչ որ բան հասկացնել կարելի է միայն ուժային միջոցներով: «Միայն»-ը այստեղ ռազմաքաղաքագիտական նոր եզրաբանությամբ օգտագործվող հիբրիդային պատերազմից ընտրում է ռազմական բաղադրիչը:
 
Անշուշտ քաղաքական տրամաբանությամբ սպառնական ոճը չի նշանակում համապատասխան քայլի դիմել: Ի վերջո, ուժային եղանակները կարող են վերաբերվել տարբեր տարածաշրջաններում գերտերությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ մղվող պատերազմներին: Հիմնականը`Սիրիայում։
 
Իսկ այստեղ ՌԴ-ն իր ռազմական գործողությունները ծավալելու համար թվում է,  թե ընդհանուր համաձայնություն է գոյացրել Անկարայի հետ: Իսկ այս հիմնահարցի ուղղությամբ Անկարան դատապարտեց Բրիտանայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը` նշելով, որ քիմիական զենքերի օգտագործումը «մարդկության դեմ ոճիր» է, հավելելով, որ հանցագործները պետք է շատ արագ կանգնեն արդարադատության առաջ:
 
Հիմա մի պահ շրջանցենք  մարդկության դեմ ոճիրի եւ այդ հանցագործության համար արդարադատության առաջ պատասխան տալու անհրաժետության մասին խոսողի պետական կենսագրության փաստը, այլ նկատի ունենանք քաղաքական կարեւոր շրջանցումները, որոնց դիմում է պաշտոնական Անկարան:
 
Անկարայի դատապարտանքում հասցեականություն չկա: Հայտարարության մեջ ավելին է ասված, թե` Անկարա-Մոսկվա հարաբերությունները լավ վիճակում են, եւ Անկարան չի պատրաստվում միանալու արտաքսման պատերազմին:
 
Անկարան դեռեվս ծրագրեր ունի իրականացնելիք Սիրիայում եւ Իրաքում: Հետեվաբար, դեռեւս պետք են ՌԴ-ի հետ համաձայնեցված գործողությունների ձեռնարկումը: Քաղաքական այլ պահի, իր ռազմավարական այլ դաշնակիցների նման Անկարան կարող է ուշացումով հիշել, որ քիմիական զենքի կիրառման հետևում ով է կանգնել ոչ միայն Եւրոպայում, այլ նաեւ այլ տարածաշրջանում:
 
Զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մատնանշումները կամ  քիմիական զինատեսակի օգտագործումների հավանական վտանգները, թունավորման դեպքերը առաջին եւ միակ անգամ չէ, որ մատնանշվում են կամ գործադրվում: Դրանք տեղի են տալիս պատերազմների, ներխուժումների, պատժամիջոցների կամ այս դեպքում դիվանագետների հավաքական արտաքսումների, երբ քաղաքական համալիր ծրագիր իրականացնելու կարեւոր հագրվանների անցում է կատարվում: Թվում է, թե ՌԴ-ի դեմ համալիր ծրագիրը կյանքի է կոչվում ներառական-հիբրիդային պատերազմի տեսքով։
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play