ԱՄՆ-ը Սիրիային հասցրած հարվածը չի սահմանափակի միայն ուրբաթ 13-ի հարձակմամբ. Թրամփը Ռուսաստանին և Իրանին ծնկի բերելու նպատակ ունի (տեսանյութեր)


ԱՄՆ-ը Սիրիային հասցրած հարվածը չի սահմանափակի միայն ուրբաթ 13-ի հարձակմամբ. Թրամփը Ռուսաստանին և Իրանին ծնկի բերելու նպատակ ունի (տեսանյութեր)

  • 15-04-2018 22:02:53   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
 
 
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, հնարավոր է, նաև Ֆրանսիան ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Սիրիայի վրա հարձակվելով, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները դրեցին մի դագաղի մեջ ու շատ խորը թաղեցին կամ, կարելի է նույնիսկ ասել, գցեցին Մարիանյան իջվածքի մեջ:
Վե՛րջ, հենց արևմտյան այս պետությունները Ռուսաստանի դեմ լեգալացված թշնամության մի այնպիսի փուլի անցան, որի դեպքում այլևս հաշտություն ու հետդարձ դժվար թե լինի, հակառակը` տեսանելի է թշնամության հարաճուն աճ, որը ողջ մարդկության համար կարող է կործանարար հետևանք ունենալ…
Ընդգծենք, որ հրթիռա-ռմբային հարվածը Սիրիային հասցվել է Դումայում Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության առաքելության մեկնարկից ընդամենը ժամեր առաջ, որը պետք է տեղում պարզեր, թե Սիրիայի բանակը Դումայի բնակիչների նկատմամբ իրականում քիմիական զենք օգտագործե՞լ է, թե ոչ: Բնականաբար, հարց է առաջանում` եթե ԱՄՆ-ը և իր հանցակիցները վստահ էին, որ Սիրիայի կառավարական զորքերի կողմից իսկապես քիմիական հարձակում է կատարվել Դումայի վրա, ապա ինչո՞ւ չսպասեցին մի կարճ ժամանակ, որպեսզի Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության քննիչներն ապրիլի 14-ից սկսելով իրենց աշխատանքն այնտեղ, համապատասխան ուսումնասիրություններով ու քննությամբ պարզեին իրականությունը: Թեկուզ միայն այս փաստը չի՞ վկայում, որ Սիրիայի իշխանությունների կողմից Դումայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների ղեկավարների մեղադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ հերյուրանք, որի նպատակը Սիրիայի վրա հարձակման համար պատրվակ ստեղծելն էր:
Հիշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի ապրիլի 13-ի հայտարարության համաձայն, ինչին անդրադարձել ենք մեր հրապարակումներից մեկով, Դումայում ապրիլի 7-ին ոչ թե քիմիական զենք է կիրառվել, այլ իրականացվել է քիմիական զենքի կիրառման երևութականություն ստեղծող բեմականացված սադրանք, որի կազմակերպմանն անմիջականորեն մասնակցել է ՄԵծ Բրիտանիան:
Ավելին. Սիրիայի կառավարական զորքերի ջոկատները Դամասկոսի հարևանությամբ գտնվող Արևելյան Ղութայում ապրիլի 13-ին հայտնաբերել են թունավոր նյութերի արտադրության ահաբեկիչների լաբորատորիան: Այդ մասին հայտնել է Սիրիայի SANA նորությունների ազգային գործակալությունը: Նշվում է, որ բացի քիմլաբորատորիայից, հայտնաբերվել է նաև արհեստանոց, որտեղ լիցքավորվել են տաբեր` 60-ից մինչև 180 մմ տրամագծի քիմիական զինամթերքներ: 
Ինչպես արդեն հայտնի է, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին հարվածել են ապրիլի 14-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 3:42-5:10-ի ընթացքում, սակայն այդ ժամին ԱՄՆ-ում դեռ ուրբաթ 13-ն էր… Ի՞նչ է, կարծում եք, պատահակա՞ն համընկնում է… 
ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը Սիրիայում իրավիճակի վերաբերյալ իր երեկվա ճեպազրույցում հայտնել է հետևյալ տեղեկությունները: ՌԴ ՊՆ ունեցած տեղեկությունների համաձայն, արձակվել է, ընդհանուր առմամբ, «Տոմահավկ» մակնիշի 103 թևավոր հրթիռ, այդ թվում նաև` ծովային բազայավորման: В-1В ռազմավարական ռմբակոծչից նետվել են GBU-38 կառավարվող ավիառումբեր, F-15, F-16 ինքնաթիռներից կիրառվել են «օդ-երկիր դասի» հրթիռներ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի վերոնշյալ ինքնաթիռներից բացի, գործի են դրվել նաև Մեծ բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Տորնադո» կործանիչները, որոնք Միջերկրական ծովի տարածքից 8 հատ «Scalp E» մակնիշի թևավոր հրթիռ են արձակել, ինչպես նաև ամերիկյան ռազմածովային ուժերի «Լաբուն» և «Մոնտերեյ» ռազմանավերը Կարմիր ծովի ջրատարածքից: В-1В ռազմավարական ռմբակոծիչը հարվածի թիրախին մոտեցել է սիրիական էթ-Թանֆ շրջանի տարածքից, որն ԱՄՆ-ն անօրինականորեն պահում է իր հսկողության տակ:
Հրթիռա-ռմբային հարվածն ուղղված է եղել սիրիական մի շարք ռազմական օդանավակայանների, արդյունաբերական և գիտա-հետազոտական օբյեկտների: Ինչպես ՌԴ զինծառայողների, այնպես էլ Սիրիայի խաղաղ բնակչության և սիրիական բանակի զինծառայողների շրջանում զոհեր չկան: 
Խմեյմիմի (ռազմաօդային) և Տարտուսի (ռազմածովային) ՌԴ ռազմաբազաներում գտնվող հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերն իրենց ժամանակին հայտնաբերել և վերահսկել են հրթիռների բոլոր արձակումները դրանց ինչպես ծովային, այնպես էլ օդային ամերիկյան ու բրիտանական կրիչներից: Ռուսական ուժերն արձակված հրթիռները խփելու գործում չեն ներգրավվել, սակայն, ինչպես արդեն նշեցինք, հետևել են դրանց բոլոր արձակումներին: 
Հակաօդային պաշտպանության սիրիական միջոցները, որոնց հիմքը կազմում են հակաօդային պաշտպանության խորհրդային արտադրության համալիրները, հաջողությամբ դիմագրավել են խոցման ավիացիոն և ծովային միջոցների հարվածները: Արձակված թևավոր հրթիռներից 71-ը ոչնչացվել է: Հրթիռային հարվածը հետ մղելուն մասնակցել են Սիրիային պատկանող խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության С-125, С-200, «Бук», «Квадрат» և «Оса» միջոցները: Ինչպես նշել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետը, սա վկայությում է Սիրիայի սպառազինության կազմում գտնվող այդ միջոցների բարձր արդյունավետության և Ռուսաստանի մասնագետների կողմից սիրիական զինծառայողների գերազանց վարժվածության մասին: Վերջին մեկուկես տարում Ռուսաստանն ամբողջությամբ վերականգնել է հակաօդային պաշտպանության սիրիական համակարգը և շարունակում է այն կատարելագործել:
Հարվածի թիրախների թվում են եղել նաև Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազաները: Օբյեկտիվ վերահսկողության տվյալների համաձայն, դրանցից Դյուվալի օդանավակայանի վրա արձակվել է 4 հրթիռ, բոլորը խփվել են, Դումերի օդանավակայանի վրա` 12 հրթիռ, բոլորը խփվել են, Բլեի օդանավակայանի վրա` 18 հրթիռ, բոլորը խփվել են, Շայրաթի օդանավակայանի վրա` 12 հրթիռ, բոլորը խփվել են: Նշված օդանավակայանները չեն տուժել: Ինը հրթիռ արձակվել է Մեզզեի չօգտագործվող օդանավակայանի վրա, դրանցից 5-ը խփվել է: Հոմսի օդանավակայանի վրա արձակված 16 հրթիռից 13-ը խփվել է: Լուրջ ավերածություններ չեն դիտարկվել: 30 հրթիռ է գործադրվել Բարզեում (Դամասկոսի շրջան) գտնվող օբյեկտներին հարվածելու համար: Այդ օբյեկտները, այսպես ասած, «Դամասկոսի ռազմաքիմիական ծրագրին» իբր թե առնչություն ունեցող, արդեն մասամբ փլված են եղել: Այդ իսկ պատճառով դրանք վաղուց չեն օգտագործվել, մարդիկ և սարքավորումներ այնտեղ չեն եղել:
Սիրիայում հակաօդային պաշտպանության ռուսական ուժերը փոխադրված են աշխատանքի մարտական ռեժիմի, իսկ կործանիչ ավիացիան հերթապահություն է իրականացնում օդում: Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների հսկողության տարածք որևէ թևավոր հրթիռ չի մտել, ռուսական հակաօդային համալիրները չեն կիրառվել:
«Ցանկանում եմ նշել, որ մի քանի տարի առաջ հաշվի առնելով մեր արևմտյան որոշ գործընկերների համառ խնդրանքը, մենք հրաժարվեցինք Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարել,- ասել է Սերգեյ Ռուդսկոյը:- Հաշվի առնելով տեղի ունեցածը, այդ հարցը վերանայելուն վերադառնալը հնարավոր եմ համարում, և ոչ միայն` Սիրիայի հետ հարաբերություններում, այլ նաև այլ պետությունների»:
Գեներալի ասածը բավական թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Սիրիայի վրա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր հաջորդ հարձակման ժամանակ Սիրիայի հակօդային պաշտպանության միջոցները կարող են գործի դնել նաև ՀՕՊ վերոնշյալ միջոցներից անհամեմատ հզոր և արդյունավետ С-300-ները: Ռուսաստանի ԶՈւ-ն Սիրայում գտնվող իր С-300-ները կարող է շատ արագ փոխանցել Սիրիայի ՀՕՊ-ին, եթե, իհարկե, արդեն չի փոխանցել, իսկ Սիրիայում գտնվող իր ռազմաբազաներն ապահովել լրացուցիչ С-300-ներով կամ С-400-ներով: С-300-ները կարող են խոցել նաև «Ստելս» տեխնոլոգիայով պատրաստված, ռադարների կողմից թույլ նշմարվող կամ դժվար հայտնաբերվող ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչները, որոնք այս անգամ չեն օգտագործվել: Ավելին. Ռուսաստանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, С-300-ների լրացուցիչ խմբաքանակ կվաճառի Իրանին, որը մինչ այժմ չի արվել Արևմուտքի համառ խնդրանքը հաշվի առնելով ու չցանկանալով նրա հետ հարաբերությունները սրել:
Սերգեյ Ռուդսկոյն ասել է նաև, որ տվյալ հարվածը պատասխանը չէ Սիրային վերագրվող քիմիական հարձակման, այլ արձագանքն է սեփական տարածքը միջազգային ահաբեկչությունից ազատագրելու պայքարում սիրիական զինված ուժերի հաջողությունների:
«Դրա համար հարվածը հասցվեց հենց այն օրը, երբ Դամասկոսում պետք է աշխատանքի անցներ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ առաքելությունը` հետաքննելու միջադեպը Դումա քաղաքում, որտեղ իբր կիրառվել է քիմիական զենք,- շարունակելով իր խոսքը, ասել է նա:- Հատուկ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ Սիրիայում քիմիական զենքի արտադրության որևէ օբյեկտ չկա, ինչն արձանագրվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից:
Ամերիկյան ագրեսիայի այս փաստը վկայում է անցկացվող հետաքննության օբյեկտիվությամբ ԱՄՆ-ի անհետաքրքրվածությունը, Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու ձգտումը և Մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումն ընդհանուր ոչինչ չունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հայտարարված նպատակի հետ»:
Ֆրանսիայի ղեկավարության հավաստմամբ, իրենք նույնպես 8 հատ «Scalp» հրթիռներ են արձակել «Ռաֆայել» կործանիչներից և երեք նավերից: Ֆրանսիական կործանիչներն օդ բարձրացել են, սակայն բուն ավիահարվածներին նրանց մասնակցությունը դեռ մնում է անորոշ: Ինչպես գրել է արտերկրի ԶԼՄ-ներից մեկը, բացառված չէ, որ ԱՄՆ-ի այդ դաշնակիցը հարձակմանը պայմանական մասնակցության ստուգարք է ստացել` կոլեկտիվային ոգուն աջակցելու համար: 
Հավելենք, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հարձակումից առաջ Ռուսաստանին տեղյակ չեն պահել այդ մասին: Սիրիային հասցած հարվածների հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, վիրավորվել է 3-4 հոգի: Սիրիայի որևէ ինքնաթիռ կամ ուղղաթիռ չի ոչնչացվել: Բացի Հոմսի օդանավակայանից, որն իրեն հասած 3 հրթիռից թեթևակի վնասվել է, լուրջ ավերածության չի ենթարկվել, սիրիական զինված ուժերի որևէ օդանավակայան չի վնասվել: Ռումբերն ու մնացած հրթիռները Դամասկոսի և Հոմսի նահանգներում հարվածել են չօգտագործվող, իսկ ըստ որոշ տեղեկությունների, հիմնականում հարվածել են չօգտագործվող շենք-շինություններին (թե այս տեղեկություններից ո՞րն է համապատասխանում իրականությանը, այս պահին դեռ հայտնի չէ): Չնայած մոտ երկու անգամ ավելի շատ թևավոր հրթիռների օգտագործմանը, հարձակման արդյունավետությունը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, շատ ավելի նվազ է, քան նույնիսկ անցյալ տարվա գարնանը Սիրիայի «Ալ Շայրաթ» ավիաբազային «Տոմահավկ» հրթիռներով պատճառված վնասը:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Դամասկոսի տարածքում, նրա արվարձաններում և Սիրայի այլ վայրերում հարվածների թիրախ են հանդիսացել ինն օբյեկտներ, այդ թվում նաև` Քասյուն լեռան շրջանում ՀՕՊ ուժերի բազան, ինչպես նաև այն շրջանները, որտեղ գտնվել են հատուկ նշանակության զորքերի 41-րդ բրիգադը (Դամասկոսի արվարձան) և Հանրապետական գվարդիայի 105-րդ բրիգադը (Դամասկոս), Կալամունեում (Դամասկոսի հյուսիսային արվարձան) մի զինվորական ստորաբաժանում, Քիսվեում (Դամասկոսի արվարձան) գտնվող ռազմական օբյեկտը, Ջամրայաում (Դամասկոսի արվարձան) գիտական կենտրոնի շտաբ-բնակարանը և Հոմսում երկու ռազմական պահեստ: Միաժամանակ, Սիրիայի SANA գործակալությունը հանդես է եկել հարվածի ենթարկված թիրախների վերաբերյալ տեղեկատվության հերքմամբ, նշելով, որ թշնամական ԶԼՄ-ները չափազանցնում են ագրեսիայի մասշտաբները:
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ հարվածի համար թիրախ են ընտրվել Դամասկոսի հարևանությամբ գիտահետազոտական կենտրոնը, քիմիական զենքի պահեստը, ևս մեկ առանձին պահեստ և Հոմսի հարևանությամբ հրամանատարական կետը: Ինչպես ակնհայտ է, նա վերոնշյալ օդանավակայանների մասին որևէ խոսք չի ասել, և ինչպե՞ս ասեր, երբ այնտեղ արձակված, Թրամփի բնորոշմամբ, «լավ, նոր և խելացի» հրթիռները նույնիսկ Սիրիայի ունեցած ՀՕՊ միջոցներով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են: Սիրիայի վարչապետը Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ամբողջ երկիրը տոնում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած հրթիռային հարվածի հետ մղումը: Բազմամարդ հանրահավաքում նրանք իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի իշխանություններին:
Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե Սիրիայի ունեցած ՀՕՊ միջոցները ինչո՞ւ չեն խոցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի որևէ ինքնաթիռ, երբ կարողացել են 71 թևավոր հրթիռ խոցել, որոնք հայտնաբերելն ու ոչնչացնելը, ի համեմատ В-1В, F-15, F-16 և «Տորնադո» ինքնաթիռների, դժվար է: Այս առումով կարող է երկու բացատրություն լինել:
Առաջին. Սիրիայի ՀՕՊ-ին թշնամու ինքնաթիռները ոչնչացնելու հրաման չի տրվել, որպեսզի ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի լուրջ կորուստներ, քան յուրաքանչյուրը 1.5-2 մլն դոլար արժողության «Տոմահավկ» թևավոր հրթիռների կորուստն է, չունենան: Ինքնաթիռներն ավելի թանկ են, չհաշված, որ դրանց ոչնչացման դեպքում կարող են զոհվել նաև օդաչուները, ինչը վստահաբար կբորբոքեր ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ու պատճառ կհանդիսանար, որ նրանք Սիրիային հասցվող հարվածներից ավելի հուժկու հարվածներ հասցնեն: Այսինքն` պատճառը ողջամտորեն զգուշանալն է եղել:
Երկրորդ. ինքնաթիռները հրթիռներն արձակել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցների հասանելիության գոտի չմտնելով կամ այնպիսի բարձրությունից, որն այդ միջոցների համար հասանելի չի եղել: С-125-ի արտահանվող տարբերակի («Нева») հեռահարությունն ընդամենը 12 կմ է, այն կարող է խփել առավելագույնը 10 կմ բարձրության վրա գտնվող թիրախները: Այդ առումով բավականաչափ մեծ չեն նաև «Бук»-ի, «Квадрат»-ի և «Оса»-ի հնարավորությունները: Միակ բացառությունը 1960-ական թվականներին ԽՍՀՄ սպառազինության կազմում ընդունված հեռահար С-200-ն է, որից, սակայն, հնարավոր է, որ Սիրիան համապատասխան վայրերում, ուղղությունների վրա չի ունեցել կամ դրանք պարզապես վրիպել են:
Ինչպես նշեցինք, հարվածները հասցվել են նաև Բարզեում գտնվող Սիրիայի գիտահետազոտական կենտրոններին: ԱՄՆ-ը դրանք համարում է քիմիական զենքի մշակման, փորձարկման և արտադրության կենտրոններ` անտեսելով, որ Սիրիան քիմիական զենք մշակելու կարիք ընդհանրապես չունի, քանի որ բավական վաղուցվանից, ինչպես ԱՄՆ-ը, միանգամայն օրինականորեն ուներ քիմիական զենքի խոշոր պաշարներ, ենթադրելի է, նաև այդ զենքի պատրաստման տեխնոլոգիան: Սակայն, Սիրիայի հենց նույն իշխանություններն է, որ համաձայնեցին այդ պաշարների ոչնչացմանը և Սիրիան, արևմտյան մասնագետների, փորձագետների հետ միասին, նրանց հսկողությամբ տարիներ առաջ ամբողջությամբ ոչնչացրեց դրանք: Է՞, եթե նպատակ ուներ քիմիական զենք մշակելու, փորձարկելու, ստեղծելու, ունենալու, ունեցածն ինչո՞ւ ոչնչացրեց, չէր ոչնչացնի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ն չի ոչնչացրել: Թրամփը, ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը զրպարտելով Սիրիայի իշխանություններին, մարդկությանը տրամաբանությունից զուրկ ապուշի տեղ են դրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիային հասցված հարվածը երեկ միանգամայն իրավացիորեն անվանել է ինքնիշխան պետության դեմ իրականացված ագրեսիա, որը կատարվել է չնայած այն հանգամանքին, որ թե՛ ռուսական ռազմական փորձագետները, թե՛ տեղի բնակիչները չեն հաստատել քիմիական հարձակման փաստը, որը հարձակման համար պատրվակ է դարձվել: Վլադիմի Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին ապրիլի 15-ի իրենց հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիային ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հասցրած հարվածը: Նրանք եկել են եզրակացության, որ «Այդ հակաիրավական ակցիան լուրջ վնաս է հասցրել Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարին»:
«Վլադիմիր Պուտինը մասնավորապես ընդգծել է, որ եթե նման գործողությունները` ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ կատարվող, շարունակվեն, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի միջազգային հարաբերություններում քաոսի»,- նշված է Կրեմլի կայքում:
ՆԱՏՕ-ն պաշտպանել է կոալիցիայի հարձակումը, մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին դատապարտել է Սիրիայի վրա կատարված հարակումը և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հանցագործներ անվանել: 
Մինչ հարձակումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ հանդիպման ժամանակ առաջարկել և պնդել է Սիրիային ավելի մասշտաբային հարված հասցնել, որի դեպքում Ռուսաստանը և Իրանն էլ ստիպված կլինեն «վճարել»: Թրամփի վարչակազմի վրա հղում կատարելով, այս մասին հայտնել է «Wall Street Journal» թերթը:
«Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ հանդիպման ընթացքում Թրամփը հանդես է եկել այնպիսի հարձակման օգտին, որը ոչ միայն կպատժի սիրիական վարչախմբին, այլև կստիպի վճարել նրա արտասահմանյան երկու հովանավորներին` Ռուսաստանին և Իրանին»,- Սպիտակ տան ներկայացուցչի խոսքը փոխանցելով, գրել է թերթը:
Աղբյուրի խոսքերով, «Թրամփն իր ռազմական խորհրդականներին կոչ է արել համաձայնել Սիրիայի նկատմամբ ավելի մասշտաբային հարվածին, քան այն, որը նրանք համարում են ողջամիտ»:
«Թրամփը դժգոհ է եղել ավելի սահմանափակ տարբերակներից, որը նրան մինչ այդ պահն առաջարկվել է»,- նշել է թերթը:
ԱՄՆ-ի նախագահը դրանից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Սիրիայի դեմ օգտագործել իր ազգային հզորության բոլոր գործիքները` ռազմական, տնտեսական և դիվանագիտական, քանի դեռ Դամասկոսը չի դադարեցրել քիմիական զենքի կիրառումը: Անհայտ է, թե ԱՄՆ պաշտպանության նախարարը և Թրամփի խորհրդականներն արդյոք համաձայնե՞լ են նաև Ռուսաստանին և Իրանին պատժելու, այսինքն` Սիրիայում նաև ռուսական և իրանական թիրախներ խոցելու Թրամփի առաջարկին կամ հորդորին, դա պարզ կլինի առաջիկայում: Սակայն, դատելով ամենից, Միացյալ Նահանգները Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտներին իր հարվածները դժվար թե սահմանափակի միայն 13-ի լույս 14-ի գիշերը հասցված հարվածներով: ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Սիրիային հրթիռային հարվածը նման է մարզման նախքան այն, երբ կսկսվի իսկական հրաձգությունը:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վերոնշյալ հարձակմամբ, ամենայն հավանականությամբ, իրականացրել են մարտ հետախուզությամբ, հիմնական հարձակումից առաջ ու դրան նախապատրաստվելու համար պարզել կամ փորձել են պարզել Սիրիայի ՀՕՊ-ի կարողությունները, թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև իրենց հարձակման առնչությամբ Ռուսաստանի արձագանքը: Այն, որ ուրբաթ 13-ին ԱՄՆ-ի կատարած հարձակումը դեռ հիմնական հարձակումը չէ, հուշում է նաև այն փաստը, որ Սիրիայում դրանից հետո ահաբեկիչները և զինյալ ընդդիմությունը դեռ հակագրոհի չեն անցել, մինչդեռ զինյալ ընդդիմությունն օրերս, հարձակումից առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակումից հետո լայնածավալ հակագրոհի է անցնելու` կորցրած տարածքները հետ վերցնելու և նորերը գրավելու համար: Սրանից կարելի է ենթադրել, որ նրանք նախապես տեղեկացված են, որ կատարվածը դեռ հիմնական հարձակումը չէ ու սպասում են դրան: Այդ հարձակման համար բավական կլինի ընդամենը քիմիական զենքի կիրառման երևութականություն ստեղծող մի նոր սադրանքի կազմակերպում կամ հենց կիրառում ահաբեկիչների կողմից, ինչն առաջիկայում բացառված չէ:
Սիրիայում սկիզբ դրված, աշխարհն իրար խառնող իրադարձությունների նպատակը Պուտինի, Ռուսաստանի և Իրանի հարցերը լուծելն է, Չինաստանին և մնացած մի քանի այլ պետության դաս տալը և առանց տաք պատերազմի, կապիտուլյացիայի ենթարկելը, Արևմուտքի հլու կամակատար գաղութի, ճորտի կամ ստրուկի վերածելը, ներկայիս աշխարհակարգն արմատապես փոխելը: Սրան են միտված ներկայումս ծավալվող ու հեռահար նպատակներ ունեցող իրադարձությունները: Բոլորովին այլ խնդիր է, թե Արևմուտքը մինչև վերջ կունենա՞ համարձակություն` Սիրիայում ռուսական ռազմաբազաներին հարվածելու կամ նույնիսկ ՌԴ քաղաքացիների արյունը թափելու, և կկարողանա՞ հասնել իր նպատակին` խուսափելով միջուկային համաղետից:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play