Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում


Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

  • 26-04-2018 10:30:31   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:
 
Ելույթով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու շվեյցարական թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիահայոց միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը:
 
Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ անցած հարյուր երեք տարիները մեր ժողովրդի համար եղել են չսպիացած, արնածոր վերքի, մաքառումների, գոյամարտի, բայց նաև՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն այդ ոճրի միջազգային ճանաչման և դատապարտման պայքարի տարիներ: Նա նշեց նաև, որ մի քանի տասնյակ երկրների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի և Ժնևի Մեծ խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, մեր ժողովրդի մի քանի սերունդների բազմահազար զավակների կողմից մղված այդ պայքարի կարևոր արդյունքն է:
 
Տասն օր առաջ՝ ապրիլի 13-ին Ժնևի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող վեհաշուք Հիշատակի լապտերների տեղադրումը նույնպես կարևոր խորհրդանիշ է արդարության և հիշողության հաղթանակի ճանապարհին: Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային լիակատար ճանաչումը ոչ միայն հիշողության տուրք է մեկուկես միլիոն անշիրիմ նահատակների հիշատակին, այլև երաշխիքն է մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգ ներկայի և ապագայի:
 
Նա շեշտեց նաև, որ Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշողության լավագույն տուրքը մեր վերածնված ժողովուրդն է՝ միասնական՝ ապագայի իր իղձերով ու նպատակներով, խաղաղ, ապահով, զարգացած և հզոր Հայրենիքի կերտմանը բերած հավաքական ջանքերով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play