Քոչարյանի ճամպրուկը, Տեր-Պետրոսյանի լռությունը եւ Սերժ Սարգսյանի ուժը


Քոչարյանի ճամպրուկը, Տեր-Պետրոսյանի լռությունը եւ Սերժ Սարգսյանի ուժը

  • 30-04-2018 18:45:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՆՏՎ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Հայաստանում իրավիճակի եւ սպասվող քվեարկության մասին ասել է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի Նիկոլ Փաշինյանին:
 
Քոչարյանի հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել Հայաստանում:
 
Նա բավական հետաքրքիր բան է ասում: Իշխանությունը իսկապես ոչ թե հանձնում են, այլ վերցնում, ձեռք բերում, նվաճում: Դա որեւէ նոր իշխանության ամրության, կանխատեսելիության կարեւոր հիմքերից մեկն է: Այլ հարց է, թե ինչպիսի որակ է պարունակելու այդ ամրությունը եւ կանխատեսելիությունը: Այստեղ էլ էական է, թե ինչպիսի մեթոդներով եւ այսպես ասած գաղափարա-արժեքային հիմքերով է վարցվել, նվաճվել, ձեռք բերվել իշխանությունը:
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կարողացել է վերցնել, ձեռք բերել, նվաճել: Այսինքն, առաջին այսպես ասած պայմանը կամ ասպեկտը առկա է, բավարարված է: Ըստ այդմ, իշխանությունը նրան չի հանձնվում, այլ փոխանցվում է՝ ելնելով քաղաքական գործընթացի արդյունքից, որը Նիկոլ Փաշինյանը բնորոշել է թավշյա հեղափոխություն: Թավշյա ձեւակերպումը տվյալ պարագայում առանցքային է:
Այդ տեսանկյունից, առկա է թերեւս երկրորդ կարեւոր մի պայման կամ ասպեկտ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանություն վերցնելու գործընթացի հիմքում դրել է հանրության դերը, քաղաքացու դերը, ինչպես նաեւ բռնությունը, թշնամանքը եւ հաշվեհարդարը բացառելու սկզբունքը, դրանից բխող հասարակական եւ ազգային համերաշխության մթնոլորտ վերականգնելու գաղափարը:
Դա հույժ կարեւոր է, որպեսզի Հայաստանում ձեւավորվող նոր իշխանությունը եւ ընդհանրապես նոր Հայաստանը կայուն կանխատեսելի եւ ամուր լինի առաջին հերթին հենց որակական հեռանկարի առումով: Կլինի, թե ոչ, իհարկե կախված է մի շարք այլ գործոններից, սակայն նախադրյալներն այդ առումով ձեւավորված եւ ձեւակերպված են համարժեք:
Այդ ֆոնին էլ խիստ անհամարժեք է երկրորդ նախագահ Քոչարյանի պահվածքը եւ գնահատականը, որտեղ նա խոսում է, թե Նիկոլ Փաշինյանը ստիպում է մեծամասնությանը գնալ իր խղճի դեմ:
Իրականում, ստեղծվել է հակառակ վիճակ, եւ մեծամասնությունը գուցե բացառիկ դեպքով, կամ խիստ հազվադեպ դեպքով, քվեարկելով Նիկոլի վարչապետության օգտին, քվեարկում է պետական շահի հանդեպ խղճով ու մտքով, որովհետեւ պետության շահը պահանջում է դա:
Ընդ որում, խնդիրը միայն թավշյա հեղափոխության արդյունքի հետ հաշվի նստելը չէ: Խոշոր հաշվով, մոտ երկու տասնամյակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն իր անորակ կառավարման վատ արդյունքի պայմաններում ստացել է ոչ թե ազգային ատելության, այլ հենց ազգային համերաշխության ճանապարհով իշխանությունից հեռանալու հնարավորություն, որը անհրաժեշտ է թե այդ քաղաքական թիմին, թե առաջին հերթին պետությանը:
Այլ հարց է, որ երկրորդ նախագահի համար դա գուցե ընդունելի տարբերակ չէ, անխիղճ տարբերակ է, երբ իշխանությունը չի գնում ուժային դիմադրության, երբ ընդդիմությունը չի տալիս այդպիսի դիմադրության առիթ կամ պատճառ:
Այդ իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի համար թերեւս հասկանալի չէ: Բայց, գուցե չարժե խիստ դատել ու մեղադրել Քոչարյանին: Նա երբեք չի կարողացել լինել իր ժամանակից բարձր: Իսկ իր ժամանակը այժմ անցել է: Խոսքը լայն իմաստով ժամանակի մասին է, որովհետեւ Քոչարյանն անցնող տասը տարում էր հրաժարվում հավատալ, որ իր ժամանակը անցել է: Բայց դա իր անձի ժամանակի հարցն էր: Այժմ ժամանակն անցել է փաթեթով, այն երեք անձանց՝ երեք նախագահների, որոնք Հայաստանի անկախության առաջին տարիները արժեզրկեցին 88-ի շարժման նկատմամբ:
Երեքից երկուսը ցուցաբերեցին առավել համարժեքություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուժ չգտավ Նիկոլի շարժմանը անձամբ աջակցություն հայտնելու, որպես երիտասարդ պետության Առաջին նախագահ, եւ չգտավ թերեւս հայտնի պատճառներով: Բայց գոնե գտավ ուժ լռելու եւ այլ հայտարարություն չանելու, ի տարբերություն Քոչարյանի: Սերժ Սարգսյանը ավելի ուժեղ, նրանիցից թերեւս ամենաուժեղը գտնվեց, հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր՝ եւ մուննաթ չգալով ժամանակի վրա ու չանիծելով նոր ժամանակը:
Ընդ որում, եկածն էլ Նիկոլի ժամանակը չէ, դա թվացյալ է:
Իրականում Նիկոլը պարզապես բերել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ նոր Հայաստանի ժամանակը:
Հենց քաղաքացին էլ գործնականում չպետք է թույլ տա, որ այն դառնա Նիկոլի ժամանակը: Չպետք է թույլ տա՝ օգնելով Նիկոլին եւ դրանով իսկ նրան դնելով պատասխանատվության առաջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play