Աշխարհը սպասում է Թրամփի որոշմանը. եթե ԱՄՆ-ը դուրս գա ՀԳՀԾ-ից, մեծ պատերազմը կարող է բռնկվել մեր անմիջական հարևանությամբ


Աշխարհը սպասում է Թրամփի որոշմանը. եթե ԱՄՆ-ը դուրս գա ՀԳՀԾ-ից, մեծ պատերազմը կարող է բռնկվել մեր անմիջական հարևանությամբ

  • 08-05-2018 22:17:30   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Միջազգային քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրն այժմ այն հարցն է, թե Միացյալ Նահանգներն այսօր արդյոք դուրս կգա՞ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված շրջանակային համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ): Հարցի պատասխանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացի, չափազանց սակավաթիվ մարդկանց է հայտնի ու գաղտնի է պահվում: Ինքը` Դոնալդ Թրամփը, ինչպես տեղեկացրել է երկուշաբթի գիշեր Թվիթերում կատարած գրառմամբ, այդ մասին հայտարարելու է այսօր:
Թեև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանին օրերս տված հարցազրույցում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարմանը, ասել է, թե «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական կողմին իր որոշման մասին տեղյակ չի պահել», սակայն դրան, իհարկե, դժվար թե որևէ մեկը հավատա, քանի որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցում ԱՄՆ-ին դրդողը, սադրողը, թող զարմանալի չթվա, նրա վրա նույնիսկ ճնշում գործադրողը հենց Իսրայելի սիոնիստական վարչակարգը և համաշխարհային հրեամասոնությունն են: Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, ՀԳՀԾ-ի առնչությամբ ԱՄՆ-ի որոշումն արդեն կայացրել է, թեև ձևացնում է, թե դրա նպատակահարմարության ուսումնասիրությունը շարունակվում է և որոշումը դեռ նոր է կայացվելու:
Աշխարհի տարբեր քաղաքական, պետական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ մայիսի 12-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ու դրանից հետո Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սաստկացման հավանականությունը մեծ են համարում: Եթե դա իրականություն դառնա, ապա, ինչպես արդեն նշել ենք, Իրանը հակադարձ քայլերի թվում, ինչպես արդեն հայտարարել է, շատ արագորեն կարող է վերսկսել ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո իր խաղաղ միջուկային ծրագրի սառեցված մասը` համեմատաբար բարձր տոկոսով հարստացված ուրանի արտադրությունը (այն հետագա հարստացման դեպքում կարող է վերածվել ռազմական ուրանի): 
Վերը նշվածը թույլ չտալու համար, ինչպես միանգամայն ենթադրելի է, Իսրայելը և ԱՄՆ-ը հրթիռառմբային հարված են հասցնելու Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին, ինչին, բնականաբար, հաջորդելու են Իրանի պատասխան հարվածներն Իսրայելի տարածքին, ինքնաթիռներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ինքնաթիռներին և Պարսից ծոցում գտնվող նավերին: Եվ այսպես կարող է սկսվել մեծ պատերազմը, որից ողջ խելամիտ աշխարհն է զգուշանում: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարումը քննադատում ու դրան փորձում են ընդդիմանալ նույնիսկ հենց Միացյալ Նահանգներում և Իսրայելում, արևմտաեվրոպական երկրներում, Ռուսաստանում, Չինաստանում և Ավստրալիայում: Սակայն, արհեստական, շինծու պատրվակով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի նպատակն այլ հաշվարկների վրա է հիմնված` մի կողմից սաստկացվելիք ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներով, մյուս կողմից Իսրայելի հետ Իրանին ռազմական հարվածներ հասցնելով, քայքայել ու պարտության մատնել այդ երկրին, կոտրել նրա ողնաշարը, որպեսզի Հյուսիսային Կորեային ծնկի բերելուց հետո, միաբևեռ աշխարհակարգի հաստատման, ողջ աշխարհին տիրելու ճանապարհին շարքից հանի նաև դիմադրության այս օջախը: Դրանից հետո կմնան միայն Ռուսաստանն ու Չինաստանը:
Շատ լավ պատկերացնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալու վտանգները, ընդհուպ ողջ աշխարհն իրար խառնող պատերազմի ծագման հնարավորությունը, որի մեջ ԱՄՆ-ի պահանջով, ճնշմամբ և ՆԱՏՕ-ի կանոնադրության պարտադրանքով կարող են ներքաշվել նաև Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական մյուս երկրները, զգուշանալով դրանից, Ֆրանսիան առայժմ համեմատաբար մեղմ ձևակերպումներով զգուշացնում է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով լուրջ վտանգի առաջացման մասին: ՖԱՐՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին «Journal du Dimancheр» թերթին տված հարցազրույցում ընդգծել է. «Այդ քայլը կհանգեցնի միջինարևելյան տարածաշրջանի ապակայունացմանը»:
«Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել եմ, որ նրա արտաքին քաղաքականությունը մշտապես գտնվել է ներքին նկատառումների ազդեցության տակ և Միջին Արևելքի ու միջուկային համաձայնագրից դուրս գալու հարցերում նա հայտնվել է երկակի դրության մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ամեն ինչից զատ, հիշյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կհանգեցնի նաև տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների առավել ակտիվացմանը, ինչի վերաբերյալ նույնպես Մակրոնն արտահայտվել է հիշյալ հարցազրույցում ասելով. «Միջին Արևելքի ապակայունացումը կհզորացնի ահաբեկչական խմբավորումներին այս տարածաշրջանում»:
Ֆրանսիայի նախագահը ավելի վաղ, մայիսի 2-ին Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թրենբուլի հետ մամլո համատեղ ասուլիսում, ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, կրկին կարևորել էր ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը և ասել. «Փարիզը հավատարիմ է այս միջազգային համաձայնագրին»: Ֆրանսիայի նախագահը հավելել էր. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ինչ էլ լինի, մենք համապարփակ բանակցության ու համաձայնության կարիքն ունենք, քանի որ ոչ ոք չի ուզում տարածաշրջանում սրվեն լարվածությունները»: Ավստրալիայի վարչապետն ևս իր աջակցություն հայտնելով ՀԳՀԾ-ին, հայտարարել է` «Իրանի միջուկային համաձայնությունը դեռևս լավագույն տարբերակն է»:
Ատլանտյան խորհրդի ամերիկյան ինստիտուտի տեղեկացմամբ, Մասաչուսեթս նահանգի սենատոր Էդ Մարկին խստորեն քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ որոշում կայացնելու Դոնալդ Թրամփի մտադրությունը, այն համարել նաև սխալ, ԱՄՆ-ին հեղինակազրկող:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ հիշյալ համաձայնագիրը կնքելով, ԱՄՆ-ը խորամանկ քայլի է դիմել. ոչ թե պարտավորվել է վերջ տալ Իրանի նկատմամբ նշված ծրագրի առնչությամբ կիրառվող պատժամիջոցներին, այլ դրանք ժամանակավորապես կասեցրել է, ընդ որում, կասեցումը շարունակվում է, եթե ԱՄՆ նախագահը յուրաքանչյուր 2 ամիսը մեկ թարմացնում է այն: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների կասեցման թարմացման ժամկետի (մայիսի 12-ի) մոտենալուն ընդառաջ, ԱՄՆ-ի նաև այլ սենատորներ, պետական բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ Թրամփին զգուշացրել են ՀԳՀԾ-ից հրաժարվելու վտանգավոր հետևանքների կապակցությամբ:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մայիսի 7-ին անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնության, առևտրի և պաշտպանական հարցերի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև տիրող լարվածությանը, մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և արևմտաեվրոպական երկրների հարաբերություններում տեղի ունեցած փոփոխության մասին: Շտայնմայերն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի ձեռք բերված համաձայնությունը ձախողելու պարագայում Միջին Արևելքն էլ չի դիմանա:
«Նյու Յորք Թայմս» օրաթերթում երեկ տպագրված հոդվածում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն, իր հերթին, հավաստել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը մեծ սխալ է, նաև ընդգծել, որ այդ համաձայնությունից բացի, ցանկացած այլ տարբերակ վտանգավոր է լինելու: Ջոնսոնը մասնավորապես ասել է. «ՀԳՀԾ-ի համաձայն, ԱԷՄԳ-ի փորձագետները հնարավորություն ունեն դիտարկումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում, վերահսկել դրանց աշխատանքները, և կարող են հայտնաբերել միջուկային զենք արտադրելու Իրանի ցանկացած փորձ»: Բրիտանիայի արտգործնախարար նշել է, որ ԱԷՄԳ-ին տրված այդ հնարավորությունները և այսօր Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները ՀԳՀԾ-ի շրջանակում են, և ոչ մի պատճառ չկա դրանցից հրաժարվելու համար: Այսպիսով ՀԳՀԾ-ն հարգելու կամ այդ համաձայնությունից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշման նախաշեմին Գերմանիան ու Բրիտանիան կարևորել են Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը, ըստ «Ռոյթերս»-ի հաղորդման, Բեռլինում իր գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է ՀԳՀԾ-ի հարցով Բրիտանիայի հետ համատեղ այդ երեք երկրի հաղորդագրության հրապարակման մասին: Ֆրանսիայի արտգործնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Հաղորդագրության մեջ ընդգծվել է, անկախ Թրամփի որոշումից, ՀԳՀԾ անունով հայտնի դարձած, Իրանի հետ 2015 թվականին կնքված համաձայնության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարվել է, որ Բեռլինը, Լոնդոնն ու Ֆրանսիան հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին»:
Ընդգծենք, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սաստկացումը, ամեն ինչից զատ, միլիարդավոր դոլարների վնաս է պատճառելու եվրոպական վերոնշյալ երկրների տնտեսությանը:
ՄԱԿ-ը նույնպես կարևորոմ է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը և պաշտպանում այն: Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դոժարիքը: «Ֆարս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ստեֆան Դոժարիքը ՀԳՀԾ-ն դիվանագիտական ձեռքբերում անվանելով, ընդգծել է. «Այս համաձայնությունն անհրաժեշտ է աշխարհում կայունության պահպանման համար»:
ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Շի Ժոնգչունը մայիսի 7-ին ընդգծելով, որ Պեկինը հովանավորում է Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը, հայտարարել է` «ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»:
«Բոլոր կողմերը, այդ թվում նաև` ԱՄՆ-ը, պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ավելին. «Ռոյթերս»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանը նախազգուշացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ողբերգական հետևանքների կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ «ՀԳՀԾ-ն փոփոխությունների ենթարկելն անխուսափելի և ողբերգական հեևանքներ է ունենալու», նաև ընդգծել, որ «Ռուսաստանի Դաշնության տեսնակյունից Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանումը միակ իրական տարբերակն է ներկա իրավիճակը պահպանելու համար»:
Իրանն արդեն նախապատրաստվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս կապակցությամբ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. «ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի կողմից սխալ որոշում կայացնելու դեպքում, Իրանը հակադարձելու է»: Իրանի արտգործնախարարը հավաստել է, որ Իրանը մինչ օրս մշտապես հարգել է այս ՀԳՀԾ-ն, սակայն ԱՄՆ-ը չի կատարել հիշյալ համաձայնագրով նախատեսված իր հանձնառությունները, ինչը վկայում է Միացյալ Նահանգների վստահելի չլինելու մասին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական