Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին


Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

  • 25-05-2018 14:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: 
 
Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարությունում՝ նախարար Ռոստոմյանը հավաստիացրեց. «Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ մշակված ծրագրերի շարունակականությունը ոչ միայն  ապահովվելու է, այլև՝ աշխատելու ենք համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ»: 
 
Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նշեց, որ ՄԱԿ-ի և ՀՀ ԱԻՆ միջև համագործակցությունը երկար և արդյունավետ պատմություն ունի: Կարևորելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործընթացում նախարարության մեծ ներդրումը՝ պարոն Շարփը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ աջակցել նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը:     
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ՄԱԿ-ի աջակցությամբ հակակարկտային ռադիոլոկացիոն կայանների տեղադրման և հիդրոօդերևութաբանական համակարգի արդիականացման, «Նաիրիտ» գործարանում պահվող քիմիական թափոնների, ինչպես նաև՝ Նուբարաշենում առկա թունաքիմիկատների փաթեթավորման ու չեզոքացման գործընթացների ապահովումը: Կարևորելով թունաքիմիկատների չեզոքացման գործընթացը՝ նախարար Ռոստոմյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել հարցին վերջնական լուծում տալու համար: 
 
Կողմերը քննարկեցին նաև սույն թվականի հունիսի 26-27-ին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչները, նպատակն է՝ քննարկել աղետների պատճառած վնասների նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները և դրանց ծավալների մեծացումը: 
 
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը պատվիրակության անդամներին հրավիրեց մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 4-6-ը Հայաստանում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play