Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ․ տեսանյութ


Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ․ տեսանյութ

  • 07-06-2018 18:35:44   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ ունեցավ ՌԴ Պետական Դումայի և Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ:
 
Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծեցին նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Վերջիններս իրենց աջակցությունը հայտնեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների և ռազամավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին:
 
Անդրադարձ կատարվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջ մղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի:
 
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքեների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Կառավարության ծրագիրը և այնտեղ մատնանշված առաջնահերթությունների հիմնական խնդիրները, կառավարության կողմից մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական:
 
Հայաստանի արտգործնախարարը և Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր գնահատեցին հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում:
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և կարևորեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարևոր ներդրումը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play