Պետք է անցնել ազգային սոցիալիզմի տնտեսական մոդելին


Պետք է անցնել ազգային սոցիալիզմի տնտեսական մոդելին

  • 09-06-2018 00:46:57   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
 
 
Հարցազրույց «Հայ ազգայնական շարժում» քաղաքական խմբավորման ղեկավար Նորայր Բադալյանի հետ:
 
- Ձեր շարժումը կամ քաղաքական միավորումը որպես կուսակցություն գրանցվա՞ծ է:
- Ոչ, քանի որ  կուսակցությունները շատ են Հայաստանում: Առհասարակ, նկատի ունենալով նաև Նժդեհի խոսքը` իմ կուսակցությունն իմ հայրենիքն է, կարիք չենք զգում, այս պահին գոնե նպատակահարմար չէ գրանցել որպես կուսակցություն:
- Հայաստանում տեղի ունեցան ներքաղաքական բուռն իրադարձություններ, իշխանափոխություն եղավ, այս ամենի համատեքստում ի՞նչ կարծիքի եք մեր հասարակության այսօրվա վիճակի վերաբերյալ:
- Ճիշտ է, տեղի ունեցան բավական լուրջ փոփոխություններ, բայց խնդիրները, որոնք կային, մնում են: Այսինքն` մենք, նախևառաջ, ունենք բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, կուսակցություններ, հասարակությունը բազմաշերտ ու բազմաբևեռ է: Իհարկե, գոյություն ունեցող կառույցները, այդ թվում նաև` կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, թերի են, կայանալու բավական ճանապարհ պետք է անցնեն: Հետևաբար գոնե այս պահին հասարակությունը գտնվում է այն վիճակում, որ կար, պետք է պետությունը լուրջ աշխատանք տանի այդ ուղղությամբ, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև կուսակցական ինստիտուտների կայացման գործում: Կարծում եմ, որ այսօր բավականին աշխատանք կա այդ ուղղությամբ կատարելու, մենք խնդիր ունենք կառուցելու քաղաքացիական հասարակություն, որը հենց առողջ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական կյանքի երաշխավորն է:
- Այսինքն` թեև կա ոգևորություն, թեև ինչ-որ տեղ կա համախմբում, շատ մարդկանց մոտ հույս է արթնացել, հասարակության խնդիրները դեռ մնում են չլուծվա՞ծ:
- Այո, հասարակությունն` իր թերություններով հանդերձ, մնում է նախկինը: Իհարկե, տեղի են ունեցել փոփոխություններ, բայց այստեղ մենք խնդիր ունենք այդ փոփոխություններն ամրագրելու, զարգացնելու, այսինքն` ստանալու այն, ինչ որ մեզ պետք է:
- Ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհը:
- Պետությունը պետք է շատ լուրջ մասնակցություն ունենա դրանում: Կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կանոնադրություններում գրվածից շատ քիչ բան է իրականությանը համապատասխանում: Բացի այդ, այսօր հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը կարողանում է գոյատևել արտասահմանյան դրամաշնորհների, տրանսֆերների շնորհիվ, իսկ դրանց նպատակայնությունն, իհարկե, խիստ հարցական է, չգիտենք ինչ նպատակներ են հետապնդում, ռիսկայնությունը, բնականաբար, մեծ է: Այս առումով շատ մեծ դերակատարություն պետք է ունենա պետությունն իր կառույցներով: Եթե մենք ուզում ենք ունենալ ժողովրդավար պետություն, առողջ հասարակություն, որը սատարում է պետությանը, պետականաշինությանը, ուրեմն պետք է վերևից լինի այդ աջակցությունը:
- Տնտեսության և կառավարման ի՞նչ մոդելներ պետք է ունենա մեր պետությունը:
- Հայ ազգայնական շարժումն այն համոզմանն է, որ ազգային սոցիալիզմի տնտեսական մոդելն ավելի նպատակահարմար կլինի Հայաստանի համար: Ազգային սոցիալիզմի տնտեսական մոդելն անցյալ դարում կիրառվել է հիտլերյան Գերմանիայում, չեմ ուզում ասոցացնել, այդ նպատակով չեմ նշում, պարզապես անտեղյակ մարդկանց այդ մոդելին ծանոթացնելու համար նշեցի այդ հանգամանքը: Մենք խնդիր ունենք, որ պետությունը լուրջ մասնակցություն ունենա տնտեսության զարգացմանը, լինեն պետական ձեռնարկություններ, պետությունն իր բաժնետոմսերն ունենա խոշոր ձեռնարկություններում, պետությունը թելադրող կինի տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ: Այդ դեպքում, իհարկե, կստեղծվեն թե նոր աշխատատեղեր, թե ուղղորդված կզարգանա տնտեսությունը:
- Արտաքին ինչ-ինչ ուժեր տնտեսության այդպիսի մոդելի որդեգրումը, իրականացումը, ըստ երևույթին, պետք է տորպեդահարեն, փորձեն խանգարել, թույլ չտալ դրա իրագործումը: Ի՞նչ եք կարծում` նոր իշխանությունները հասարակության մեծ վստահությունն ունենալով, կարո՞ղ են չենթարկվել այդ ուժերին և իրականություն դարձնել ազգային սոցիալիզմի տնտեսական մոդելը:
- Այս պահին իշխանությունն, իհարկե, թույլ է, քանի որ նոր է, բազմաթիվ խնդիրներ կան արտաքին և ներքին, տնտեսվարողների հետ կարող են լինել խնդիրներ, երբ որ արդեն կուժեղանա, եթե, իհարկե, ազգային սոցիալիզմի տնտեսական մոդելին անցնելու ցանկություն և կամք կունենա, կարծում եմ, կկարողանա: Դա պատկերացնում եմ խորհրդարանական ընտրություններից 2-3 տարի հետո: Ասեմ նաև, որ պետության կառավարման մոդելի առումով ավելի նախընտրելի է նախագահական կառավարման մոդելը, որովհետև եթե վերցնենք մեր ազգային մտածելակերպը, գրեթե բոլորս նախագահին պատկերացնում ենք որպես թագավոր, նախընտրում ենք մեծ լիազորություններով օժտված ուժեղ ղեկավար ունենալ: Ավելի ճիշտ, հասկանալի, ընդունելի կլինի, մանավանդ, այն արտաքին մարտահրավերների առկայության պայմաններում, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, անցնել նախագահական կառավարման, եթե, իհարկե, նախագահը ընտրվելու է ժողովրդի կողմից ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով:
Կողմնակից ենք նաև, որ նախագահի կառավարման ժամկետն ավելի երկար լինի, որպեսզի երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունն արագ չփոփոխվի: Երկիրը փորձադաշտ չէ: Անշուշտ, սա իրականություն դարձնելու համար հարկ կլինի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, այդ փոփոխություններով անհրաժեշտ է նաև նախագահի և երկրի մյուս ղեկավարների պատասխանատվության ինստիտուտ ամրագրել, համապատասխան մեխանիզմներ ստեղծել, որովհետև գալիս են մարդիկ, աշխատում անպատժելիության մթնոլորտում և ստացվում է, որ ինչ ուզեն, կանեն: Այսպես չի կարելի շարունակել, ևս մեկ անգամ կրկնեմ, որ Հայաստանը փորձադաշտ չէ, պետություն է, հատկապես մեր պետության պարագայում դա մեծ շռայլություն կլինի: Սահմանադրությամբ նախագահին հետ կանչելու հնարավորություն պետք է նախատեսել, պատգամավորներին հետ կանչելու մեխանիզմն ուժեղացնել: Բացի այդ, ցանկալի կլիներ, որ քաղաքականությամբ զբաղվեին միայն որոշակի գիտելիքներ ու պատրաստվածություն ունեցող անձինք:
- Ձեր կարծիքով, հայության նպատակն ի՞նչը պետք է լինի:
- Նախ, մենք պետք է ունենանք հայաստանակենտրոն պետություն, իհարկե, նախընտրելի կլինի, որ ազգովի ունենանք ազգային գաղափարախոսություն, իհարկե, մեզ համար ընդունելի է Նժդեհի ազգային գաղափարախոսությունը, որը, իհարկե, բոլորիս համար լուրջ խթան կլինի առաջընթացի համար, մանավանդ, ներկայիս ոգևորության պայմաններում, բավական լուրջ արդյունքներ կտա: Ցանկացած պետություն պետք է ունենա իր ազգային ռազմավարությունը, ծրագիրը, մեր պարագայում ունենք Սևրի պայմանագիր, որը մինչև հիմա չի իրականացվել, պետությունն այն կյանքի կոչելը կարող է հռչակել որպես ռազմավարություն, խնդիր դնել, որ դրան հասնելու համար պետք է զարգացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը և, իհարկե, մնացած բոլոր ոլորտները: Այդ դեպքում ցանկացած քաղաքացի, ցանկացած հայ կունենա իր անելիքը մեր պետության ներսում, նրանց կկարողանանք համախմբել որոշակի գաղափարի, ծրագրի, նպատակի շուրջ, ներգրավել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներում:
 
Հարցազրույցը` Ա. Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Քաղաքական