Սյունիքում առաջնահերթ խնդիր է համերաշխության վերականգնումը. Նախկին մարզպետին հաջողվել է պառակտել սյունեցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սյունիքում առաջնահերթ խնդիր է համերաշխության վերականգնումը. Նախկին մարզպետին հաջողվել է պառակտել սյունեցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-06-2018 19:17:01   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սյունիքի նախկին մարզպետին հաջողվել է պառակտել սյունեցիներին, ուստի առաջնահերթ խնդիր է համերաշխության վերականգնումը: 
 
Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: 
 
Ըստ նրա՝  Սյունիքի մարզում մեկընդմիշտ պետք է փակվի «վահեհակոբյանական ամոթալի» էջը: 
 
«Այդ էջը մեր բազմադարյա պատմության ամենաանպատվաբեր էջն է, որը չի փակվում միայն Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնից հեռացնելով: Ես չեմ ՀՀ մի պաշտոնյա, ում ամսական աշխատավարձը կազմում է մոտավորապես 600 հազար դրամ, կարողանա մեկ տարվա մեջ կուտակել 1,5 մլն դոլարի չափով կարողություն»,- ընդգծեց Ս. Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե: 
 
Բանախոսի փոխանցմամբ՝ նախկին մարզպետի հետ կապված հաջորդ խնդիրն այն է, որ Վահե Հակոբյանի շահագրգռվածությամբ և ուղղորդմամբ մարզի իրավապահ մարմինները բազմաթիվ քրեական գործեր են հարուցել, որոնց ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է նույն տեմպերով և որոնց մինչ օրս գնահատական չի տրվել: 
 
Ս. Ալեքսանյանը պնդեց, որ Սյունիքի նախկին մարզպետի կամայականությամբ աշխատանքից հեռացրել են տասնյակ մասնագետների՝ Սմբատ Օրբելյան-Կապանի հիվանդանոցի տնօրեն, ճանաչված բժիշկ, Լեռնիկ Պետրոսյան- գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լիլիթ Առաքելյան- Սյունիք գյուղի դպրոցի տնօրեն և այլոք: 
 
«Վահե Հակոբյանը բազմիցս ապացուցել է, որ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները նախևառաջ պետք է համահունչ լինեն իր կամքին: Որպեսզի պատկերացնեք այդ մարդու մանրախնդրությունը, հետաքրքրվեք և տեսեք, թե Հայաստանի որ մի պաշտոնանկ արված մարզպետն է հեռանալիս իր կաբինետից հետը տանում անգամ շենքի աղբամանները, որը բերել էր Քաջարանի կոմբինատից»,- փաստեց Ս. Ալեքսանյանը: 
 
Վերջինիս համոզմամբ՝  ՀՀ ոչ մի մարզում այնքան կեղծ ֆեյսբուքյան էջեր չկան ու անանուն ստորագրությամբ նյութեր չեն հրապարակվում, որքան Սյունիքում: 
 
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիրը նկատեց, որ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, որը դեռևս բավարար չէ նոր կառավարությունից սյունեցիների ունեցած ակնկալիքների իրականացման առումով, իսկ որ ակնկալիքները շատ են, դա փաստ է: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն