Կանանց ու երեխաների խնդիրները լինելու են առանցքային թիրախներ. Աննա Հակոբյան․armtimes.com


Կանանց ու երեխաների խնդիրները լինելու են առանցքային թիրախներ. Աննա Հակոբյան․armtimes.com

  • 19-06-2018 18:32:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց եւ ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:
 
Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար եւ նշեց, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։ «Անչափ կարեւոր է, որ այդ ամենի թիկունքում ամուր կանգնած է ժողովուրդը, ու հետագա գործունեության հենասյունը նույնպես լինելու է ժողովուրդը, եւ ոչ մի այլ գործոն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։
 
Վարչապետի տիկինն ավելացրեց, որ բաց է ցանկացած հարցի քննարկման, համատեղ նախագծերի իրականացման համար. «Մենք բոլորիդ համարում ենք ընկերներ եւ հուսով ենք, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության»։
 
Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշեցին Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները եւ դիվանագետների կանայք կարեւորեցին երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը եւ ներկայացրեցին այս ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշեց, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։
 
Անդրադառնալով իր գործունեության ձեւաչափին՝ Հակոբյանը նշեց, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլեւ մշակույթի, առողջապահության, կրթության եւ Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող այլ ոլորտներում։
 
Դիվանագետները պատրաստակամություն հայտնեցին հետագայում շարունակելու երկկողմ եւ բազմակողմ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումները՝ գտնելու ամենաարդյունավետ ուղիներն ու ձեւաչափերը:
 
Հանդիպմանը, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված բոլոր կին դեսպաններն ու բոլոր դեսպանների կանայք, ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա‑Կայմակչիեւան, Հայաստանում Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան, Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի տիկին Լիհ Քարթերը, Հայաստանում ԱՄԷ դեսպանի տիկին Նուրա Մուհամմեդ Ալ Ջնեյբին, Հայաստանում ԵՄ դեսպանի տիկին Աննա Սվիտալսկան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի տիկին Սառա Ուոթերսոնը, Հայաստանում Իրանի դեսպանի տիկին Մահնազ Սաջադին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի տիկին Մարիլու Գասերը եւ Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչի տիկին Նելլի Ավետիսյանը։
 
Աննա Հակոբյանը ափսոսանք հայտնեց, որ հրավիրյալների մի մասը չէր կարողացել մասնակցել՝ այս պահին արտերկրում գտնվելու պատճառով, եւ հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպմանը նրանք նույնպես ներկա կլինեն։
 
Լուսանկարները՝․Armenpress-ի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play