Հերթական անգամ Վիեննայի փաստաթղթի խախտումներով Ադրբեջանն անցկացնում է զորավարժությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հերթական անգամ Վիեննայի փաստաթղթի խախտումներով Ադրբեջանն անցկացնում է զորավարժությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-07-2018 16:42:57   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հերթական անգամ Վիեննայի փաստաթղթի խախտումներով է Ադրբեջանն անցկացնում զորավարժությունները: 
 
Ինչպես հուլիսի 3-ին լրագրողների հետ նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, վերջին տարիներին սովորական երևույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը համապատասխան խողովակներով չի տեղեկացնում հայկական կողմին անցկացվող զորավարժության մասին: 
 
Միաժամանակ փորձագետը նկատեց, որ Վիեննայի փաստաթուղթն իրականում չի հստակեցնում մեխանիզմները, թե ով պետք է հետևի, որպեսզի զորավարժությունների անցկացման մասին փաստաթղթի պահանջները կատարվեն: 
 
«Կարծում եմ՝ այստեղ պետք է հստակեցումներ մտցվեն. Ենթադրենք եվրոպական կառույցները հետևում են, որպեսզի կողմերը հայտարարեն, հակառակ դեպքում որոշակի քայլեր են ձեռնարկում: Եթե նման մեխանիզմ չկա, ապա ոչ մի փաստաթուղթ չի գործի»,- ընդգծեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից դիրքերի առաջխաղացումը չի եղել հայկական բանակի դիրքերի հաշվին: 
 
Փորձագետի խոսքերով՝ Գյունութ գյուղի հատվածում հայկական կողմը կարող է ճնշել հակառակորդին, ավելին՝ որոշ տվյալների համաձայն, նման գործողություններ պարբերաբար իրականացվել են: 
 
«Պետք չէ սադրանքների տրվել, բայց մենք էլ մեր հերթին պետք է նրանց լարվածության տակ պահենք՝ հաշվի առնելով այդ հատվածներում մեր որոշակի դիրքերի գերակայությունը»,- նկատեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարությունների մասին անհրաժեշտ է պարբերաբար բարձրացնել միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մոտ: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն