Այսպիսի դատավորների ժամանակն արդեն անցել է


Այսպիսի դատավորների ժամանակն արդեն անցել է

  • 03-07-2018 18:14:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Ժամանակն է, որպեսզի փող աշխատելու մոլուցքով տառապող դատավորները կրեն պատասխանատվություն իրենց կատարած անհիմն ու սխալ վճիռների համար և իրենց տեղը զիջեն անբասիր, օրենքն ու արդարությունը հարգող դատավորներին: 
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը պաշտոնավարման բավական կարճ ժամկետում հասցրել է  ոչ միայն «արժանանալ»  քաղաքացիական գործեր քննող Տարվա լավագույն դատավոր կոչմանը (ինչի համար` անհասկանալի է), այլև հասցրել է ձեռք բերել սկանդալային դատավորի համբավ: Դատարանի շենքը նա օգտագործում է հանուն իր անձնական շահերի ու բարեկեցության՝ մեկը մյուսի հետևից անարդար վճիռներ կայացնելով: 
 
Դատավոր Ռ. Բունիաթյանը  քննության առնելով թիվ ԵԱՔԴ/0959/02/08 քաղաքացիական գործն ըստ Մ.Վ-ի և Օ.Ղ-ի հայցի ընդդեմ Ա.Վ-ի` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, վճռել է 333 քմ հավասար չափերով կողմերին պատկանող գույքից Մ.Վ-ին հատկացնել 70,9քմ ամբողջությամբ կիսանկուղային շինությունները և 44,5 քմ մակերեսով շինություններից ազատ հողամասը, Օ.Ղ-ին հատկացնել 109,4 քմ շինությունները, Ա.Վ-ին հատկացնել 126,5քմ բնակելի և 6,2քմ օժանդակ շինությունները:
 
Հաշվի առնելով այն, որ բաժնեմասերն առանձնացվել են անհամաչափ կերպով, Մ.Վ-ն կրկին դիմել է նույն դատարան` խնդրելով  Ա.Վ-ից հօգուտ Մ.Վ-ի բռնագանձել  իքս դրամ` որպես գույքի   անհամաչափության արժեքի  փոխհատուցում:
 
Դատարանը /դատավոր Ս. Հովսեփյան/, հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը և բացատրությունը, հայցը բավարարել է: 
 
Վերաքննիչ դատարանի կողմից նշված վճիռը բեկանվել է այն հիմքով, որ անհրաժեշտ է պարզել, թե ներքին հարդարման աշխատանքները որքանով են ազդել բաժնեմասերի արժեքի վրա: Գործի կրկնակի քննությունը  հանձնվել  է դատավոր Ռ. Բունիաթյանին, ում կողմից նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն: Այս անգամ ևս փորձագետները տվել են եզրակացություն և բացատրություն այն մասին, որ առկա է գույքային անհամաչափություն: 
 
Սակայն դատավոր Ռ. Բունիաթյանն այդ ամենն անտեսելով, հայցը մերժել է՝ ընդ որում, ի խախտումն օրենքի պահանջի, վճիռը  ոչ միայն 27.04.2018թ. չի հրապարակվել, այլև այն կողմին է ուղարկվել մոտ կես ամիս ուշացումով: Ըստ էության Ռ. Բունիաթյանը երևի փորձել է օգտվել այդ օրերին երկրում առկա հեղափոխական վիճակից` երևի մտածելով, որ միևնույն է` հեղափոխությունը պարտվելու է և ոչինչ չի փոխվելու. սակայն, իրականությունն այլ էր, և Ռ. Բունիաթյանը կանգնեց փաստի առաջ: 
 
Փաստորեն,  գործով դատավոր Ս. Հովսեփյանն իր տրամադրության ներքո ունենալով փորձագետի մեկ եզրակացություն և փորձագետի բացատրությունը, հայցը բավարարել է, իսկ նույն գործով դատավոր Ռ. Բունիաթյանն իր տրամադրության ներքո ունենալով նույն` վերոնշյալ փորձագիտական եզրակացությունը և փորձագետի բացատրությունը, ինչպես նաև իր իսկ կողմից նշանակված և ստացած լրացուցիչ փորձագիտական եզրակացությունը և փորձագետների բացատրությունները /որոնցով կրկին հիմնավորվել է անհամաչափության առկայությունը/  հայցը մերժել է:
 
Հուսանք, որ դատավորները կսկսեն հարգել օրենքը և զերծ կմնան օրենքի նման ակնհայտ խախտումներ թույլ տալուց, և կոչ ենք անում Ռուբեն Բունիաթյանի և նամանատիպ դատավորներից տուժած անձանց արձագանքել:
 
 
 
Մուշեղ Վարդանյան
Փաստաբան Արտավազդ Պետրոսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play