Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության համար գերակայություն է.Քաղաքագետ


Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության համար գերակայություն է.Քաղաքագետ

  • 13-07-2018 12:44:24   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կարևոր էր մի քանի հիմնապատճառներով:
 
Թավշյա հեղափոխությունը՝ որպես ժողովրդավարական գործընթաց, լրջորեն և դրականորեն ազդել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկի վրա: Արևմուտքը, ըստ էության, առաջին խոշոր միջազգային ակտորն էր, որը դրականորեն արձագանքեց ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացին՝ ողջունելով ներքին ոչ բռնի քաղաքական փոփոխությունները, որոնց խթանիչ ուժը ժողովուրդն էր: Այս գործընթացն Արևմուտքի կողմից դիտվեց որպես ժողովրդավարացման առաջքայլ, ինչն այդ առումով ամրապնդում է Հայաստանի դիրքերը նաև հարավ-կովկասյան տարածաշրջանում: Դա վկայում է Հայաստանի ժողովրդավարական ներուժի մասին, ինչը պետք է իրացման տեսանկյունից ունենա նաև Արևմուտքի աջակցությունը:
Բրյուսելում այս օրերին հավաքվել են Արևմուտքի բոլոր խոշոր տերությունների ներկայացուցիչները, և այս հնարավորության օգտագործումը Հայաստանի նորընտիր և ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի համար կրում է ծանոթական այցի բնույթ, ինչը կարելի է գնահատել որպես դիվանագիտական հաջող քայլ: Դրանով ՀՀ վարչապետը հնարավորություն ունեցավ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ունենալ դիվանագիտական շփումներ, քննարկումներ, բարձրացնել հարցեր: Այս տեսանկյունից ՀՀ վարչապետի այցը հետաքրքիր էր նաև արևմտյան տերությունների ներկայացուցիչների համար, քանի որ հետայսու ՀՀ-ն միջազգային հարթակում ներկայանում է նոր կազմով, իսկ սա կարող է համագործակցային հեռանկարներ բացել երկկողմ և բազմակողմ հարաբերություններում: Արևմուտքի ներկայացուցիչների հետ շփումներում նկատվեց հյուրընկալ և ջերմ վերաբերմունք, ինչը կարող է կառուցողականություն հաղորդել հետագա փոխհարաբերություններին: ԵՄ-ը ներկայացուցիչները նշեցին Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: 
ՆԱՏՕ-ի մասով արված հայտարարության մեջ, ինչպես նախկինում, շեշտադրվեց պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության մասին դրույթը, ինչը որոշակի դժգոհություններ առաջացրեց հայկական փորձագիտական շրջանակներում՝ կապված Արցախի հետ: Սակայն հարկ է նկատել, որ ՆԱՏՕ-ն ռազմական և ռազմավարական նշանակության կառույց է, և տարածքային ամբողջականության պահպանումը նրա գերակայություններից է: Մինչդեռ արցախյան խնդրի կարգավորման միջազգային ձևաչափը ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ ԵԱՀԿ-ն է, իսկ արցախյան կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները երեքն են՝ 
1. ինքնորոշում,
2. տարածաքային ամբողջականություն,
3. ուժի չկիրառում:
Բանակցային գործընթացի շարունակականությունը հնարավոր է միայն այս սկզբունքների համատեքստում: Առավել ևս, որ տարածքային ամբողջականությունը պետք է վերաբերվի նաև ինքնորոշման սուբյեկտին, քանի որ ինքնորոշումը լինում է որևէ տարածքի վրա: Իհարկե, այս հարցում մեր դիվանագիտական կորպուսն ահռելի անելիք ունի: 
Վերադառնալով ՀՀ վարչապետի բրյուսելյան այցին՝ նկատենք, որ այն ամենևին չի ստվերելու ՀՀ-ի դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ կամ ԵԱՏՄ-ում նրա ստանձնած պարտավորությունները: Այս այցը հնարավորություն է տալիս նաև մեր դաշնակիցներին ցույց տալ, որ ՀՀ-ն ինքնիշխան է, ունի իր ազգային շահերը, հետամուտ է լինելու դրանց ագրեգացմանը, և այդ շահերը բացառապես չեն սահմանափակվում միայն եվրասիական բլոկի երկրների հետ համագործակցությամբ: Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության համար գերակայություն է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play