ԱԱԾ-ին և այլ պատկան մարմինների կոչ ենք անում պարզել Սևանա լճի և հայաստանյան բազմաթիվ գետերի նկատմամբ կատարվող հանցագործությունը (տեսանյութ և ֆոտոշարք)


ԱԱԾ-ին և այլ պատկան մարմինների կոչ ենք անում պարզել Սևանա լճի և հայաստանյան բազմաթիվ գետերի նկատմամբ կատարվող հանցագործությունը (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 31-07-2018 20:09:52   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
 
Ինչո՞ւ Հայաստանի ու նույնիսկ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի մակարդակը չի բարձրացվում կամ չի բարձրացվում հավուր պատշաճի… Ինչո՞ւ լճից 2012 և 2014 թվականներին, բացի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսված մինչև 170 մլն խորանարդ մետրից, ջրի լրացուցիչ և ահռելի ծավալներ են բաց թողնվել, ինչի հետևանքով լճի մակարդակը 2013 և 2015 թվականների հունվարի 1-ի դրությամբ, նախորդած տարվա նույն օրվա համեմատ, նվազած է եղել 3-4 սանտիմետրով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, էլ ավելի խայտառակ պատկեր ու Սևանա լճի համար վտանգավոր իրավիճակ է գրանցվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ 2017 թվականին լրացուցիչ 100 մլն խմ ջուր (բացի նախատեսված 170 մլն խմ-ից) բաց թողնելն արտոնող ԱԺ-ի լրացումից և լճից հավելյալ ջրառից հետո: Չնայած օրենքի 5-րդ հավելվածի 3-րդ գլխով նախատեսվել է, որ հավելյալ ջրառից հետո լճի մակարդակի եղած ու 18 սանտիմետրի հասնող բարձրացումից գոնե 10 սանտիմետրը պետք է պահպանվի, սակայն իրականում ոչ միայն այդ 10 սանտիմետրը չի պահպանվել, այլև 2018թ. հունվարի 1-ին մակարդակի 4 սանտիմետր նվազում է արձանագրվել 2017թ. հունվարի 1-ի նիշի համեմատ:
Մինչև իսկ վերոնշյալ դառը փորձն աչքի առաջ ունենալով, նույնիսկ իշխանափոխությունից հետո հռչակված նոր Հայաստանի պայմաններում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն այս ամսի սկզբի դրությամբ մտադրություն է ունեցել (գուցե դեռ հիմա էլ այդ մտադրությունն ունի) հասնել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լճից ջրի բաց թողնման սահմանված առավելագույն ծավալի (մինչև 170 մլն խորանարդ մետր) ավելացման 100 մլն խմ-ով` այն հասցնելով մինչև 270 մլն խորանարդ մետրի:
Գոնե հայաստանաբնակ մեր հայրենակիցներից շատերին, կարծում ենք, հայտնի է, թե ինչու է հնարավորինս խոչընդոտվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Լճի ափերին բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ, հանգստատներ ու նմանաբնույթ այլ օբյեկտներ կան, որոնք ունեն հարուստ և լուրջ կապեր ունեցող, ազդեցիկ տերեր: Միանգամայն ենթադրելի է, որ նրանք հնարավոր ամեն ջանք գործադրում են, որպեսզի իրենց ներդրած միլիոնները ջուրը չլցվեն: Իրականում, սակայն, վերը շարադրվածը խնդրի սոսկ մի կողմն է:
«Չեմ կարծում, թե խնդիրը միայն սեփականատերերի հարցն է, որոնք չեն ուզում բարձրացվի,-  տողերիս հեղինակի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ԳԱ ակադեմիային կից Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:- Իրականում մենք ունենք կլիմայի փոփոխություններ, որոնք տարեցտարի հանգեցնում են ավելի քիչ տեղումների: Այդ պրոբլեմը կա, բայց այլ հարց է, որ մեր կառավարությունը մինչև այսօր կարծես գտել էր ամենահեշտ ձևը` դա Սևանից ջուր վերցնելն է: Իսկ ինչո՞ւ ուրիշ, այլընտրանքային քայլեր չեն արվում, ինչո՞ւ արդյունավետությունը չի բարձրացվում: Օրինակ, տեսեք, այս տարի բավական շատ անձրևներ եկան ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, սակայն մենք տվյալներ ենք ստանում, որ ջրամբարները 20 տոկոսով են լցված, 10 տոկոսով են լցված… Ես այդ հարցը տվեցի, ասացի` այս ինչո՞ւ չեն լցվում: Ասացին` դե այդպես է, չի գալիս, չենք կարողանում…  Ուրեմն դուք պետք է այնպիսի համակարգ ստեղծեք, որ կարողանաք այդ ջուրը կուտակել:
Օրինակ, երկրներ կան, ինչպես Իսպանիան (երկրի հարավը), Իսրայելը, որտեղ ձմռան անձրևային սեզոնին հավաքում են անձրևաջուրը (այնտեղ գետ, այդպիսի բաներ գոյություն չունեն), ամբողջ տարին օգտագործում են: Ինչո՞ւ մեզ մոտ այդպիսի լավ փորձ չանենք, որ տեղումներն արդյունավետ օգտագործենք: Ընդ որում, Հայաստանում 1000-ից ավելի գետեր կան, ո՞ւր է այդ ջուրը…»:
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանի հավաստմամբ, լճերի, ջրամբարների ջուրն օգտագործում են վերջին տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երն աշխատեցնելու համար:
Վերջինիս դիպուկ դիտարկմամբ, այդ ջուրը կոռուպցիայի երախն է գնում: Իրոք, Հայաստանում ջրամբարներից, լճերից (օրինակ` Շիրակի մարզում գտնվող Արփի լճից) դուրս եկող գետերի վրա բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր են կառուցվել: Արփի լճի պարագայում խոսքն Ախուրյան գետի մասին է: Տարվա այն ամիսներին (հունվար, փետրվար, մարտ, որոշ ջրամբարների պարագայում նաև` ապրիլ), երբ ջուրը պետք է մնա ջրամբարներում, ոռոգման սեզոն չէ, այն մեծ ծավալներով բաց են թողնում, քանի որ այդ ջուրը ՀԷԿ-երի տերերի համար հսկայական շահույթներ է ապահովում: Նրանք, ինչպես ասում են, այդպիսով օդից փող են բռնում կամ ջրից փող գտնում:
Բարդուխ Գաբրիելյանը նույնպես նշեց, որ ձմռանն աշխատող ՀԷԿ-երի համար բաց թողնվող այդ ջուրը չի կարող ծառայել ու չի ծառայում ոռոգման նպատակին, փաստորեն գնում կորում է:
Մեկ այլ, շատ կարևոր, իրավապահ մարմինների կողմից օբյեկտիվ ու մանրազննին քննություն պահանջող հարց է, թե վերոնշյալ և այլ լճերից, ջրամբարներից բաց թողնված ու բաց թողնվող ջրի ծավալներն արդյոք համապատասխանո՞ւմ, թե իրականում գերազանցում են ջրի այն ծավալներին, որոնք արտահայտվում են պաշտոնապես, պետությանը ներկայացվող փաստաթղթերում: ՀՀ իրավապահ և վերահսկողական մարմիններն այս խնդրով վաղուց պետք է զբաղվեին, նշված հարցը վաղուց պետք է պարզեին, բայց քանի որ մեր երկիրը համակարգային կոռուպցիայի մեջ է եղել և նախկին իշխանությունների համար առաջնայինը եղել է իրենց, իրենց մերձավորների և իրենց կողմից արտոնված անձանց արագ հարստացումը, ո՛չ արգելվել է փոքր ՀԷԿ-երի համար լճերից, ջրամբարներից հունվար-ապրիլ ամիսներին ջրի բաց թողումը (գետերի բնական կամ նվազագույն թույլատրելի հոսքից ավելի), ո՛չ էլ ուսումնասիրություն կամ քննություն է իրականացվել` բաց թողնված ջրի իրական ծավալները պարզելու ուղղությամբ:
Հիմա, երբ իշխանափոխությունից հետո հռչակված է նոր Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրում ենք վերոնշյալ խնդիրների վրա: Կոչ ենք անում ամենայն բծախնդրությամբ զբաղվել դրանց ուսումնասիրությամբ, այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ ու պարզել, թե իրականում որքա՞ն ջուր է օգտագործվել և որքա՞ն էլեկտրաէներգիա արտադրվել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի կողմից, որոնք երկրի համար հիմնականում վերածվել են էկոլոգիական չարիքի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը և այլ պատկան մարմիններին կոչ ենք անում կտրականապես արգելել հունվար-ապրիլ ամիսներին փոքր ՀԷԿ-երի աշխատանքի համար ջրի բաց թողնումը (գետերի բնական կամ նվազագույն թույլատրելի հոսքից ավելի), որպեսզի հետագայում, երբ ամառը շատ շոգ ու չորային կամ երաշտ լինի, հնարավորություն լինի առանց ջրամբարների մակարդակի մեծ իջեցման (դրանցում ջրամբարների ծավալի 10 կամ թեկուզ 50 տոկոսի չափով ջուր թողնելու), առանց էկոլոգիական խնդիրներ առաջացնելու, խնայված ջուրն օգտագործել ոռոգման հավելյալ կարիքների համար: Սա հատկապես պարտադիր է անել բոլոր այն լճերի ու ջրամբարների պարագայում, որոնցում ջրի ամբարումը կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի խնայվի Սևանա լճի ջուրը, անհրաժեշտություն չլինի Սևանա լճից, օրենքով նախատեսված մինչև 170 մլն խորանարդ մետրից բացի, լրացուցիչ ջուր բաց թողնելու:
«Ընդհանրապես պետք է պարզել, թե ջրի սպառումն իրոք համապատասխանո՞ւմ է այդ թվերին, չի համապատասխանում, կամ ինչո՞ւ չի կուտակվում, ի՞նչ է պատահում, որովհետև, վերջին հաշվով, այդ ամենն անդրադառնում է Սևանի վրա»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
«Բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշում է, որ դեռեւս 1995թ. որոշում ընդունվեց ջրամբարներից, նաեւ Սեւանա լճից այլեւս էներգետիկ նպատակներով ջուր բաց չթողնել, այդ ջուրը օգտագործել գյուղատնտեսության կարիքների համար,- այս տարվա ապրիլի 18-ի իր համարում գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Բայց անգամ այդ որոշումից հետո, մասնավորապես Սեւանա լճից առատորեն օգտվում էին հէկերի սեփականատերերը. «Սեւանի մակարդակը 2001թ. եւ դրան հաջորդող մեկ-երկու տարիների ընթացքում կտրուկ նվազեց, եւ երբ մենք փորձեցինք պարզել պատճառը եւ դիտարկումներ նախաձեռնեցինք, պարզեցինք, որ ձմռան ամիսներին Հրազդանը վարարած հոսում էր:
Ակնհայտ է, որ այդ ջուրը ոռոգման համար չէր օգտագործվում, ձմռանը ի՞նչ ոռոգում: Ջուրն օգտագործվում էր էլեկտրաէներգիայի արտադրության համար, մղվում էր դեպի հէկեր, բայց պաշտոնապես դա որեւէ տեղ չէր երեւում եւ չէր արձանագրվում: Այնպես որ, ապացուցելն էլ դժվար էր:
Այժմ նույն հաջողությամբ հէկերի սեփականատերերը գյուղացիների ջուրը խլում են նաեւ ջրամբարներից: Հենց դրանով է պայմանավորված դրանց կիսադատարկ լինելը, թեեւ պաշտոնյաները չորային եղանակն են պատճառ բռնում: Սակայն եղանակն այս տարի այդքան սակավաջուր չի եղել, եւ ջրերի խելացի կառավարման դեպքում հնարավոր էր դրանք ավելի շատ լցնել»»:
Կարինե Դանիելյանն ասել է նաև. «Այս անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման հետեւանքները կոտրվում են Սեւանա լճի վրա: Արդեն իսկ այս տարի Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու հարցը բարձրացվել է՝ ձմռանը քիչ տեղումներ լինելու պատրվակով: Բայց այդ կերպ նրանք փորձում են քողարկել իրենց անօրինականությունները»:
Հայաստանում այսօր գործում է 184 փոքր հիդրոէլեկտրակայան: Ընդհանրապես պետք է ուսումնասիրել, թե ջրօգտագործման թույլտվություններ տալիս ինչո՞ւ հաշվի չի առնվել, որ մի գետի վրա բազմաթիվ ՀԷԿ-երի շահագործում թույլատրելու հետևանքով տվյալ գետը (ինչպես, օրինակ, Եղեգիսը, որի վրա, տեղի բնակիչների հավաստմամբ, տասնիննը փոքր հէկ արդեն կառուցված է, չորսն էլ կառուցման ընթացքում է) կիլոմետրեր շարունակ գրեթե ցամաքեցվելու է, գետի հսկայական հատվածներ հայտնվելու են այդ վիճակում (համապատասխան լուսանկարները մեր ձեռքի տակ են), ինչը գետում հանգեցնելու է էկոլոգիական աղետի, գյուղացիներն էլ զրկվելու են իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից:
Գրեթե համոզված ենք, որ վերոնշյալ անխուսափելի ու միայն տգետի համար անհասկանալի հետևանքները Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ բնապահպանության նախարարության, Ջրի ազգային խորհրդի համապատասխան պաշտոնյաների կողմից անտեսվել են կոռուպցիայի հետևանքով: Այս կապակցությամբ փոքր հէկ-եր շահագործող տնտեսվարող սուբյեկտներին ջրօգտագործման թույլտվություններ, գործունեություն ծավալելու արտոնագրեր տված մարմիններից պետք է համապատասխան բացատրություններ պահանջել:
Կոպտորեն անտեսվել և խախտվում է ՀՀ ջրային օրենսգրքի այն դրույթը, որով ջրօգտագործման առաջնահերթությունը տրվում է սպառողական ջրին, ոռոգման ջրին, հետո նոր արտադրական նպատակներով օգտագործվող ջրին, այդ թվում նաև` հիդրոէլեկտրակայաններին տրվող ջրին: Հատկապես ոռոգման սեզոնին միայն ոռոգման կարիքները բավարարելուց հետո կարող է հավելյալ ջրաքանակը օգտագործվել հէկ-երի շահագործման նպատակով, մինչդեռ նշված գերակայությունն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ խախտվում է:
ԱԱԾ-ն վերջին շրջանում կոռուպցիայի դեմ ակտիվ ու գովելի պայքար է սկսել, եթե նշված մարմնի նպատակն անկեղծ, եթե կոռուպցիայի դեմ նրա պայքարը ոչ թե դրվագային և ամբոխահաճո, ամբոխավարական, այլ իրական ու խորքային բնույթ ունի, ապա թող զբաղվի նաև վերը բարձրացված հարցերով: Նաև այն հարցով, թե Սպանդարյանի ջրամբարից, որի կառուցումն ավարտին հասցնելու համար ծախսվել է մոտ 32 մլն դոլար, ինչո՞ւ մինչև հիմա անգամ մեկ լիտր ջուր չի հասել Սևանա լիճ: Ինչու Կեչուտի ջրամբարը նույնպես, որն օրենքով նախատեսված է Սևանա լճին «Արփա- Սևան» թունելով ջուր մատակարարելու համար, գրեթե չի ծառայում իր նպատակին: Փոխարենը` Կեչուտից մեծ ծավալի ջուր է տրամադրվում նշված ջրամբարից հարավ գտնվող ու «Վու Դին» ՍՊԸ-ին պատկանող փոքր հէկ-ին: Ինչո՞ւ են Կեչուտի ջրամբարից ջուր օգտագործելու թույլտվություն տվել հիշյալ ընկերությանը, եթե, ըստ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների, պատճառաբանվում է, որ ջրամբարի ծավալները բավարար չեն, որպեսզի Սևանա լճին ջուր մատակարարվի: Վերջերս հայտնի դարձավ նաև, որ «Վու Դին» ՍՊԸ-ին տրվող ջուրը փոքր հէկ-ն աշխատեցնելուց հետո չի ծառայում հայ գյուղատնտեսների հողատարածքների ոռոգմանը, այլ առանձին հոսքով կտրվելով, գնում է Ադրբեջան:
2008, 2009 թվականներից սկսած, գրեթե ամեն տարի եղել եմ Արփի լճում, տեսել ջրի մակարդակը: Մինչև Ախուրյան գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը, որոնցից մեկը, ըստ տարածված խոսակցությունների, իրականում (դե ֆակտո) պատկանում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին կամ նրա մերձավորներից մեկին, լճի մակարդակը բավարար էր: Սակայն, նշված փհէկ-երի կառուցումից հետո լիճը սկսեց արյունաքամ լինել, 2017թ. լճի մակարդակն ահավոր վիճակում էր, փհէկ-երի տերերի ու նրանց ջուր տվողների ձեռքը թե ճար լիներ, լիճը թերևս ագահության մոլուցքով ամբողջովին կցամաքեցնեին էլ: Այս տարի էլ 1-2 ամսից երևի դարձյալ նույն խայտառակ իրավիճակին ենք ականատես լինելու: «Արփի լիճ» ջրամբարում այս տարվա ապրիլի դրությամբ լցվածությունն ընդամենը 22 տոկոս է եղել: Սա, ըստ էության, հանցագործություն է և խայտառակություն այն պարագայում, երբ Արփի լիճն ու նրա շրջակա տարածքը պաշտոնապես հռչակված են իբրև «Արփի լիճ» ազգային պարկ: Դատելով ամենից, ՀՀ բնապահպանության նախարարությունն ու կառավարությունը դա արեցին ընդամենը գերմանացիներից փող «կթելու» համար:
«Փոխանակ Արփա լիճը լցնեն, ջուրն այնտեղից բաց են թողնում Ախուրյանի ջրամբար, բայց ոչ թե այն լցնելու, այլ ջրամբարի ճանապարհին կառուցված 5 հէկերն աշխատեցնելու նպատակով,- հիշյալ թերթի թղթակցին ասել է  «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:- Փոխանակ Արփա լիճը լցնենք, Ախուրյանի ֆերմերներին ապահովենք ջրով, մեր ջուրը տալիս ենք հէկերին: Ընդհանրապես հէկերը պետք է ոռոգման համակարգից հեռու լինեն: Իսկ մեզ մոտ դրանք տեղակայված են հենց ջրամբարների մոտ՝ հավանաբար ի սկզբանե դրանցից սնվելու նպատակ ունենալով»: 
ՀՀ նոր կառավարությունը, բնապահպանության նախարարությունն ու նրա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Հայաստանում գործող համապատասխան իրավապահ մարմինները, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն արդյոք կզբաղվե՞ն վերը բարձրացված խնդիրներով… Կպարզե՞ն իրականությունը, մեղավորները պատասխանատվության կկանչվե՞ն, առաջիկայում վերջ կտա՞ն նախկինների օրոք սկիզբ դրված հանցավոր պրակտիկային, թե ոչ` լակմուսի թղթի նման ցույց է տալու, թե մենք իրականում նո՞ր Հայաստանում ենք ապրում, թե հին, կոռուպցիայի դեմ ներկայիս պայքարն այդ չարիքի դեմ պայքարելու իրակա՞ն նպատակ ունի, թե կոռուպցիայի դեմ պայքարի երևութականություն ստեղծելու և հասարակության աչքերին թոզ փչելու...
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play