0038 գաղտնի հրամանը մասնակիորեն գաղտնազերծված է: Այն ապացուցում է՝ բանակը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում


0038 գաղտնի հրամանը մասնակիորեն գաղտնազերծված է: Այն ապացուցում է՝ բանակը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում

  • 03-08-2018 23:48:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
0038 գաղտնի հրամանը մասնակիորեն գաղտնազերծված է: Այն ապացուցում է, որ բանակը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում: 
 
Այս մասին օգոստոսի 3-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ հարցազրույց» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը: 
 
Նրա խոսքերով՝ վերոնշյալ հայտնի հրամանի մասին առաջին հիշատակումները եղել են մամուլում. 
 
«Արտահոսք էր տեղի ունեցել դեպքերից որոշ ժամանակ անց, որ եղել է 0038 հույժ գաղտնի հրամանը՝ ստորագրված այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից, որով փաստորեն հիմնավորվում է, որ Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են Զինված ուժերը»,- նշեց Ս. Խաչատրյանը՝ նկատելով, որ փաստաթղթում կան այնպիսի ձևակերպումներ, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում՝ նաև ելնելով Ռ. Քոչարյանի շահերից: 
 
ՀՔԾ ղեկավարի փոխանցմամբ՝ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին տեղեկատվական արտահոսքի պատճառով երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ դատապարտվել են: 
 
Ս. Խաչատրյանի դիտարկմամբ, վարույթն իրականացնող մարմինն այդ հրամանի մասին տարածված լուրերից հետո պարտավոր էր առգրավվել այն, մինչդեռ այդ կարևոր փաստաթղթի առգրավվումը տեղի է ունեցել տասը տարի անց: 
 
«Այս փաստաթուղթը քրեական գործում հայտնվել է սույն թվականի հուլիսին և այնտեղ շատ հետաքրքիր ձևակերպումներ կան: Պատահական չէ, որ այս հրամանը քրեական գործում չի հայտնվել մինչև վերջերս, որովհետև այն ինքնին մեղադրանքի շատ կուռ, շատ ամուր հիմք է: Միայն այս հրամանը խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում դրանք ներգրավվել են ոչ թե Մարտի 1-ին, երբ որ ինչպես իշխանություններն էին պնդում՝ իրավիճակն արդեն վերահսկողությունից դուրս է, այլ հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին և վերնագրվել է այսպես՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»,- մանրամասնեց Ս. Խաչատրյանը: 
 
Վերջինս նաև ցիտեց հրամանից մի հատված, որտեղ, մասնավորապես ասված է.  
 
«Ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ զինված ուժերը հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ է իր գործողություններով, հենվելով Սահմանադրության և գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը և թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը : Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝ 
 
Սույն թվականի փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տարբելային զենքով»:   
 
Անդրադառնալով 0038 հրամանի 3-րդ կետին՝ ՀՔԾ ղեկավարը նշեց, որ ՀՀ ՊՆ ԶՈւ վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով: 
 
«Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ այս ստորաբաժանումները պետք է համալրվեն առավելապես պատրաստված, հոգեպես կայուն ենթասպաներով ու պայմանագրային և ժամկետային զինծառայողներով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին «թշնամու» թիկունքում»,-նկատեց նա:
 
Ս. Խաչատրյանի համոզմամբ՝ այսօրվա քննչական խումբը համալրված է լավ մասնագետներով, որոնք կկարողանան դիմակայել հնարավոր ճնշումներին: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն