24 տարի հետո ինձ վերադարձրեք տուն. Ցմահ դատապարտյալի հուզիչ նամակը.Primenews.am


24 տարի հետո ինձ վերադարձրեք տուն. Ցմահ դատապարտյալի հուզիչ նամակը.Primenews.am

  • 10-09-2018 17:21:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թավշյա հեղափոխությունից հետո ցմահ դատապարտյալների մոտ ևս հույս արթնացավ, որ կգործի ամրագրված օրենքը, կամ ՀՀ նորընտիր վարչապետը որոշ դատապարտյալների մասով ներման որոշում կկայացնի: 22 տարիպատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը չնայած մերժվել է  բոլոր ատյանների կողմից, բայց չի կորցրել հույսը: Նա ներման խնդրագիր է հղել ՀՀ վարչապետին և արդեն երեք ամիս է սպասում է պատասխանի:
 
Primenews.am-ին ուղղված նամակում Գրիգորյանը կրկին անգամ անդրադարձել է իր ճակատագրական սխալին և ընդգծել, որ զղջացել ու պատժվել է հանցանքի համար և կյանք վերադառնալով չի կարող հանրության համար վտանգ ներկայացնել:  Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է դեռևս 1996 թ.-ին: 1997 թ.-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961 թ.-ի Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: «Ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: Հարկ եղած դեպքում՝ Ձեր դատին կարող եմ ներկայացնել քննիչների կողմից անհեթեթ եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռս:  2003-ի օգոստոսի 1-ին Ա-103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ. Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով` ցմահ դատապարտմամբ»,- գրել է Ստեփան Գրիգորյանը: Ստեփանի ընտանիքը՝ տղան, աղջիկը, կինը, մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ 22 տարի սպասում են ընտանիքի հոր վերադարձին: Աղջիկը 5 տարեկան է եղել, իսկ որդին՝ 8, երբ Ստեփանը ձերբակալվել է: Ստեփան Գրիգորյանը հեռակա զբաղվել է զավակների դաստիարակությամբ: Որդին` բժիշկէ, դուստրը` մանկավարժ: Գրիգորյանը թոռնիկներ ունի: «Երազում եմ թոռնիկներիս հետ միասին այգի գնալու մասին: Ես հանրության համար որևէ վտանգ չեմ կարող ներկայացնել: Ազատվեմ, գոնե ընտանիքիս կողքին կլինեմ, կփորձեմ մեղմել տարիների բացակայությունս: Սիրելի և հարգելի վարչապետ վայրկյաններն եմ հաշվում` սպասելով Ձեր ներողամտությանը: Հավատում եմ, որ մեծահոգություն կդրսևորեք և մի ընտանիքի կվերադարձնեք 22 տարի հեռացած հորը»,-գրում է Ստեփան Գրիգորյանը:  «Երբ մեր սիրելի վարչապետը լրագրող էր, պարբերաբար մեզ մոտ էր գալիս, նամակներ էինք ուղարկում, որոնք երբևիցե նրա կողմից չեն անտեսվել: Երբ Ազգային ժողովի պատգամավոր էր էլի հանդիպել ենք, զրուցել մեր խնդիրների շուրջ»,-նշում է ցմահ դատապարտյալը։  Ստեփան Գրիգորյանը հույս ունի Անկախության 27-րդ տարեդարձը նշել հարազատների հետ։ «Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահը կլինեն Հայաստանի առաջին պաշտոնյաները, ովքեր ներում կշնորհեն ցմահիս»,-եզրափակում է Ստեփան Գրիգորյանը: Լուսին Ղազարյան
 
Նյութի աղբյուրը՝ http://primenews.am/?p=6990&l=am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play