Նախարար Վահրադյանն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին


Նախարար Վահրադյանն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին

  • 14-09-2018 14:44:29   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում:
 
Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ  բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը: «Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ. Վահրադյանը:
 
Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում  Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: 
 
Հանդիպմանը ներկա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ընդգծել է, որ Ա. Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play