Սեպտեմբերի 14-17-ին Երեւանում կանցկացվի Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը<br />


Սեպտեմբերի 14-17-ին Երեւանում կանցկացվի Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը

  • 11-09-2010 16:32:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-17-ին Երեւանում տեղի կունենա Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը, որի նպատակը քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում եւ հարակից ոլորտներում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների վիճակի եւ զարգացման վերլուծությունն է: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, ջանքերի միավորումը թույլ կտա գտնել նոր մոտեցումներ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ նոր որակի նյութերի ստեղծման համար: Կդիտարկվեն գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում կրթության բարելավման հարցեր: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Հայաստանի քիմիական ընկերությունը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիայի եւ նյութերի մասին գիտության բաժանմունքը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիական տեխնոլոգիաների գծով գիտական խորհուրդը, ՌԳԱ-ի Ն.Ս.Կուրնակովի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Դ.Ի.Մենդելեեւի անվան ռուսական քիմիական ընկերությունը: Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորմամբ` Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության աջակցությամբ: Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 150 գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվի ՀՀ ԳԱԱ-ի Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական ձեռքբերումների ցուցահանդեսը:
Նոյյան տապան  -   Հասարակություն