Եթե վաղը 101 տոկոսով պարզվեց, որ մենք չենք գաղտնալսել, որպես սպա, ինչպե՞ս են գնահատելու իրենց աշխատանքը. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Հայելու մեջ նայելուց չե՞ն ասելու՝ այս ի՞նչ հիմարություն արեցինք…



23-09-2018 19:13:23   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
Դեռևս տրամաբանությունից դուրս և անհասկանալի է մնում, թե «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը և Հայկ Այվազյանն ի՞նչ կապ ունեն և, առհասարակ, ի՞նչ կապ կարող են ունենալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ու ձայնագրության (գաղտնաձայնագրառման) հետ:
Ե՛վ Հայկ Նահապետյանը, և՛ Հայկ Այվազյանն այդ գործի մասնագետները չեն: Թերևս անժխտելի է, որ ոչ միայն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի, այլև ցանկացած երկու անձի հեռախոսային խոսակցությունը գաղտնաձայնագրառելու համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ, փորձ, հմտություն, առնվազն հատուկ տեխնիկա, ինչը հիշյալ նախաձեռնության գրասենյակի, ինչպես նաև նախաձեռնության անդամներից Հայկ Այվազյանի գրանցման հասցեի (ծնողների բնակարանի) խուզարկությամբ չի հայտնաբերվել:
Հիշյալ գաղտնաձայնագրառման առիթով հարուցված քրեական գործով, ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման, շուտով սկանդալային բացահայտումներ են սպասվում: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա այդ բացահայտումներն, անշուշտ, հետաքրքիր են լինելու: Կարևոր է, որ բացահայտված լինի կամ բացահայտվի այն անձը, որն իրոք կատարել է այդ գաղտնաձայնագրառումը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ս. թ. սեպտեմբերի 17-ին խուզարկություն են կատարել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում և նախաձեռնության անդամներից Հայկ Այվազյանի գրանցման հասցեում, առգրավել ընդամենը համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ, նույնիսկ այնպիսի հեռախոս, որը մինչև իսկ իր տիրոջ սովորական խոսակցությունը ձայնագրելու հնարավորություն չունի:
«Մենք վերջին շրջանում, այո, ստացել ենք տեխնիկա` համակարգիչներ, տեսախցիկներ և այլն, մեր մեկ-երկու կայք մենք ուժեղացնելու ենք, հաշվի առնելով, մասնավորապես, օրինակ, նոյեմբերին, ԼԳԲՏ ֆորումը` այստեղ արդեն բավական աղմկահարույց, թե ովքեր են գալու,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Հայկ Նահապետյանը:- Դրա դեմ մենք քարոզչական արշավ ենք անելու և խանգարելու ենք, որ դա տեղի ունենա, մենք հրապարակավ էլ ենք ասել դա: Այդ առումով մեր մեկ-երկու կայքերը որոշակի ուժեղացման կարիք ունեն, նույնիսկ փորձում էինք, մեր համախոհներից մեկը բնակարան էր տրամադրել, այնտեղ պավիլիոն ստեղծել, որպեսզի մարդկանց հարցազրույցների հրավիրեինք, տեսագրեինք և «Yutub»-ում, մեր հնարավորությունների սահմաններում, տարածել: Հիմա եթե անգամ ինչ-որ օպերատիվ տվյալներ են, որ մեր մոտ տեխնիկա է եղել, ասենք, կարող էին գալ, տեխնիկան ստուգել, բայց ոչ դատարանի որոշմամբ թիրախավորել, որ այդ երկու անձինք, այսինքն՝ ես և Հայկ Այվազյանն ենք ձայնագրողները: Իսկ եթե վաղը 101 տոկոսով պարզվեց, որ մենք չենք, նրանք, ովքեր այդ որոշումը կայացրել են, իսկ դա կայացրել են, կարծում եմ, բավական բարձր մակարդակով, ասենք, որպես սպա, ես բարձրաստիճան սպա եմ եղել, իրենք ևս սպա են, ինչպե՞ս են գնահատելու իրենց աշխատանքը, հայելու մեջ նայելուց չե՞ն ասելու՝ այս ի՞նչ հիմարություն արեցինք, ընդ որում, սխալ հետքի վրա ընկնելով…
Նրանք, ովքեր որ արել են (գաղտնալսումը.- Ա. Հ.) և ինչ նպատակներ ու խնդիրներ ունեն, հիմա, այսպես ասած, ժպտում են քթների տակ, ասում են՝ ապա սրանց նայեք, իրենց պրոֆեսիոնալիզմին նայեք…»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2003 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար