Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի պլատֆորմում խնդիրներ կան<br />


Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի պլատֆորմում խնդիրներ կան

  • 08-09-2010 20:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի (ԱԳՔՀՀ) Հայաստանի ազգային պլատֆորմը մի շարք խնդիրներ ունի հաղթահարելու: Պլատֆորմի ձեւավորումից 3 ամիս անց` սեպտեմբերի 8-ին, այս մասին հայտարարեց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ, ԱԳՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, ով ավելի վաղ, օգոստոսի 13-ին հայտնել էր Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի կազմից դուրս գալու մասին: Ըստ Բ.Նավասարդյանի, դրա հիմնական պատճառը համակարգող խորհրդի որոշ անդամների ապակառուցողական դիրքորոշումն է նոյեմբերի 18-19-ին Բեռլինում կայանալիք ՔՀՀ 2-րդ հանդիպման մասնակիցների ընտրության հարցում: Մասնավորապես, նրանք իրենց դժգոհությունն են հայտնել ընտրության արդյունքների կապակցությամբ, թեեւ Բ.Նավասարդյանի հավաստիացմամբ ընտրությունն իրականացվել է սահմանված ընթացակարգերին ու չափորոշիչներին լիակատար համապատասխանությամբ, ապահովվել է գործընթացի թափանցիկությունը եւ Համակարգող խորհրդի բոլոր անդամներին տրվել է ընտրության արդյունքների վրա ազդելու հնարավորություն: Բ.Նավասարդյանը հայտարարեց նաեւ, որ շարունակելու է կատարել ՔՀՀ ազգային համակարգողի իր աշխատանքը բեռլինյան հանդիպման նախապատրաստման եւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության գործում: Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի կազմից իր դուրս գալու մասին հայտարարել է նաեւ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմը հիմնադրվել է հունիսի 7-ին` միավորելով հասարակական 145 կազմակերպություններ: Քաղաքացիական հասարակության համաժողովի ղեկավար կոմիտեն Եվրոհանձնաժողովի հետ համագործակցությամբ հուլիսի 26-27-ի հանդիպմանը ընտրել է բեռլինյան հանդիպման մասնակից հասարակական կազմակերպություններին, որոնք 23-ն են:
Նոյյան տապան  -   Հասարակություն