Իրերի ինտերնետի գործնական օգտագործումը թույլ կտա լուծել մի շարք էկոլոգիական խնդիրներ՝ առանց հսկայական գումարներ ծախսելու․ Գրիգոր Սաղյան


Իրերի ինտերնետի գործնական օգտագործումը թույլ կտա լուծել մի շարք էկոլոգիական խնդիրներ՝ առանց հսկայական գումարներ ծախսելու․ Գրիգոր Սաղյան

  • 10-10-2018 15:42:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Իրերի ինտերնետի գործնական օգտագործումը թույլ կտա լուծել մի շարք էկոլոգիական խնդիրներ՝ առանց հսկայական գումարներ ծախսելու։ 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղար Գրիգոր Սաղյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում մեկնարկած Հայկական Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովի թեմաներին։
 
Ըստ նրա՝ Իրերի ինտերնետի օգնությամբ, մասնավորապես, կարելի է ապահովել արգելոցների՝ հրդեհից պաշտպանվելու շատ ժամանակակից միջոցներ, նաև լուծել աղբահանության խնդիրները։   
 
«Պատկերացրեք 1000 հատ տվիչ՝ դատչիկ, ցաքուցրիվ տեղադրում ենք Խոսրովի արգելոցում և դրանց օգնությամբ չափում ենք ջերմաստիճանը, խոնավությունը, եթե կա հնարավորություն, ապա նաև քամու արագությունը՝ ստացված տվյալները ուղարկելով կենտրոն, որը պետք է տեղակայված լինի արգելոցի կենտրոնում․ հավաքված տվյալներն ուղարկվում են համապատասխան մշակման, ինչը թույլ է տալիս ծանոթանալ արգելոցի ընդհանուր վիճակին և տեղում որոշում կայացնել ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել »,- նշեց Գ․ Սաղյանը՝ հավելելով, որ տվիչները բավականին մատչելի են, արժեն 2-3 դոլար, իսկ ընդհանուր պրոյեկտը գնահատվում է 10 հազար դոլար։    
 
Անդրադառնալով Ինտերնետ կառավարման 4-րդ համաժողովի մյուս թեմաներին՝ Գ․ Սաղյանն առանձնացրեց «Հայատառ դոմենային անունների օգտագործման խթանումը»։ 
 
Նրա խոսքերով՝  սա կարևոր խնդիր է, քանի որ Հայաստանում գործող լեզվի մասին օրենքը ենթադրում է ինչ-որ գործողություններ լեզվի պահպանման, զարգացման և օգտագործման ուղղությամբ։  
 
Ըստ Գ․ Սաղյանի՝ իրենք ենթադրում են, որ պետության աջակցությամբ բոլոր պետական մարմինները, ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն առաջին հերթին, իրենց դոմենային անունները նաև հայատառ դոմենային անունների միջոցով հասանելի կդարձնեն լայն հանրությանը։  
 
«Մինչ օրս 300 հայատառ դոմենային անուն է գրանցվել, ինչը շատ քիչ է, և մենք ենթադրում ենք, որ պետական կառավարման մարմինների, մասնավորապես, Լեզվի կոմիտեի կողմից, հնարավոր է նախաձեռնել մի շարք քայլեր, որոնք կխթանեն «․հայ»-ի օգտագործումը պետական կառավարման, ուսումնական հաստատություններում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն դրա մասին»,- ընդգծեց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարը։ 
 
Վերջինս կարևորեց նաև «Անձնական տվյալների պաշտպանության» մասին թեման՝ նշելով, որ այսօր խնդիրն արդիական է, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ այդքան էլ պարզ չէ, թե կարելի է արդյոք անձնական տվյալները պահել այլ երկրների սերվերներում։ 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play