Ռոբերտ Քոչարյանը «մաքուր» է. Քոչարյանն ընդդեմ ՀՀԿ-ի


Ռոբերտ Քոչարյանը «մաքուր» է. Քոչարյանն ընդդեմ ՀՀԿ-ի

  • 06-11-2018 15:17:51   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում բավական զգայական փորձում էր հավաստիացնել հանրությանը, որ երկրին պետք է առողջ ընդդիմություն ու այդ ընդդիմությունը իրենք են, միակ ընդդիմությունն իրենք են:
 
Շարմազանովի զգայականությունը թողնում է խուճապի եւ հուսահատության տպավորություն, թեեւ ՀՀԿ խոսնակը թերեւս այն գործիչներից է, որոնց համար քաղաքականության մեջ խորթ են այդ զգացումները: Բայց այդուհանդերձ ՀՀԿ այդ թեւը հայտնվել է իսկապես բարդ վիճակում, որովհետեւ ստիպված է անձամբ պայքարել «քաղաքական արեւի տակ» իր տեղի համար: Նախկինում այդ պայքարը եղել է զուտ կուսակցության ներսում, այսպես ասած հավասարների միջեւ՝ երիտասարդ կադրերի, որոնց պետք է առաջ քաշեին ավագները:
 
Այժմ ոչ միայն պետք է համապետական քաղաքական պայքար մղել արեւի տակ տեղի համար, այլ մղել անհավասար պայքար, ակնհայտորեն բարդ պայմաններում: Նախկինում համապետական եւ արտաքին մակարդակում ամեն ինչ անում էր Սերժ Սարգսյանը, կամ առավելագույնը Էդվարդ Նալբանդյանն ու մի փոքր թիմ, իսկ ՀՀԿ քաղաքական թեւին մնում էր սահմանված ուղեգծով ապահովել անտուրաժը:
 
Ներքին կյանքում ամեն ինչ անում էին նաեւ օդիոզները, մի կողմից իրենց վրա վերցնելով ծախսը՝ թե վերարտադրության, թե համակարգը պահելու, մյուս կողմից նաեւ իրենց վրա վերցնելով ամբողջ «մեղքն» ու «կեղտը», ինչն օրինակ ՀՀԿ այսպես ասած քաղաքական թեւին այսօր թույլ է տալիս կամ հիմք է տալիս ասել, որ իրենք մաքուր են, չկոռումպացված: Ավելին, մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե քաղաքական թեւը անարդար է համարում, որ գողացողների, կոռուպցիոներների հետ միասին հանրային խիստ քննադատության տակ են հայտնվում նաեւ իրենք:
 
Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ իրավիճակը շատ ավելի բազմերանգ է, եւ եթե այդ մասին չի բարձրաձայնվում, դա դեռ չի նշանակում, որ հանրությունը չի պատկերացնում ու հասկանում: Ի վերջո, քաղաքական թեւը գոյություն է ունեցել օդիոզ թեւի հաշվին, ինչը չափազանց դիպուկ բնորոշել էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հայտնի ելույթով:
 
Հետեւաբար, մաքուրն ու անմաքուրը դառնում են հարաբերական, որովհետեւ հարցն ունի ոչ միայն իրավական, այլեւ բարոյա-քաղաքական ասպեկտ: Այստեղ է առանցքայինը՝ քաղաքական պատասխանատվության հարցը: Նախկին իշխանությունն ընդդիմություն լինելու, արդյունավետ եւ ռազմավարական հեռանկար ունեցող ընդդիմություն լինելու համար պետք է լինի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ, ունենա այդ համարձակությունը:
 
Ասելը, թե իհարկե մեր ժամանակ սխալներ կային, այլապես մինչեւ հիմա կլինեինք իշխանության, ոչինչ է: Եթե քաղաքական համարձակությունը չի բավականացնում արձանագրել, որ խոսքը ոչ թե սխալների, այլ հիմնարար, հետեւողականորեն բյուրեղացված արատների մասին է, ընդ որում լիովին գիտակցված, համակարգված, նպատակային, ապա տվյալ ընդդիմությունը չունի գրոշի արժեք:
 
Ընդ որում, իհարկե տարբեր վարիացիաներով, բայց Հայաստանում եղել է այդպիսի երկու ընդդիմություն՝ 2007 թվականին քաղաքականություն վերադարձած Տեր-Պետրոսյանը, եւ 2008-ից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ ստվերային ընդդիմություն դարձած Ռոբերտ Քոչարյանը, որի լուսավոր կողմը Վարդան Օսկանյանի գործունեությունն էր՝ կամա, թե ակամա:
 
Երկու դեպքում էլ (հետո այդ ուժերը իհարկե հատվեցին մի կետում) նրանք չեն ունեցել իրենց ժամանակաշրջանի քաղաքական իրողություններն արձանագրելու եւ դրա համար գոնե քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համարձակություն:
 
Ավելին, Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հիմա էլ օրինակ հայտարարում է, որ ինքը մաքուր է: Այնպես, ինչպես ՀՀԿ քաղաքական թեւն է հայտարարում:
 
Այո, բոլորն էլ մաքուր են, բայց մաքուր են քաղաքական պատասխանատվության առումով՝ այդ էջերը նրանց քաղաքական կարիերայում լիովին մաքուր են, բացառիկ իրենց կուսականությամբ, իսկ ավելի շուտ՝ դատարկ:
 
Մյուս կողմից, այդ էջը լրացնելու դեպքում, Էդուարդ Շարմազանովն ու ընկերները իսկապես կարող են ստանալ ընդդիմություն լինելու ռազմավարական կարեւոր «խորություն», համենայն դեպս դաշտում եղած ուժերի նկատմամբ, ու նաեւ այն ուժի, որը մտադիր է ստեղծել Ռոբերտ Քոչարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play