Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք. ՀՀ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է քննության առնել սոված երեխաների մոր բողոքը


Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք. ՀՀ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է քննության առնել սոված երեխաների մոր բողոքը

  • 28-11-2018 17:31:13   | Հայաստան  |  Իրավունք

Պարոն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք
 
 
Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք, կու՞շտ եք:
 
Հասմիկն էլ էր հաց ուզում ուտել, 
 
Փող չուներ, միջոցներ չուներ, աշխատանք-կրթություն չուներ, ոչ մեկը չուներ, 
 
Բայց սոված էր, նրա խնամքի տակ գտնվող երեխաներն էլ էին սոված: 
 
Ուստի գողացավ 4000 դրամ:
 
Պարոն Զեյնալյան, ձեր մեկ օրվա ընթրիքը արժե 4000:
 
Դուք կու՞շտ եք: Ընթրիքը ծամել և կուլ տալ ստացվու՞մ է:
 
Ինձ մոտ չի ստացվում,
 
Դրա համար եմ ձեզ այսպես դիմում:
 
Որովհետև արդարադատությունը Հայաստանում 
 
Աչք է փակում աղքատության խնդրի վրա,
 
Աչք է փակում Եվրոպական դատարանի նախադեպի վրա:
 
4000-ի դիմաց 5 տարվա ազատազրկու՞մ:
 
Պարո՛ն նախարար,
 
Օրենքի լեզվով խոսել չի ստացվում,
 
Հանուն երեխաների կրկնակի շորթում արած աղքատ մայրը
 
Համարվում է ծանր հանցագործ,
 
Մինչդեռ իրական հանցագործները չեն փտում բանտում:
 
Աղքատությունը հանցագործություն չէ,
 
Երկրում աղքատություն ունենա՛լն է հանցագործություն:
 
Լա՞վ եք, պարոն նախարար,
 
Մարսեցի՞ք ընթրիքը, վաղը ի՞նչ կուտեք:
 
 
Աննա Նիկողոսյան
 
Ակտիվիստ, հետազոտող, ԵՊՀ դասախոս
 
Սիսիան քաղաքի բնակչուհի Հասմիկ Սարգսյանի 10.000 դրամի հափշտակության համար մեղադրանքով (իրականում շորթված գումարը 4000 դրամ էր) դատական գործի բողոքարկման գործընթացն ավարտվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց քննության առնել Հասմիկ Սարգսյանի բողոքը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի՝ 5 տարվա ազատազրկման մասին դատավճիռն ուժի մեջ պետք է մտնի:
 
ՀՀ դատական բոլոր ատյանները հրաժարվեցին ծայրահեղ կարիքից դրդված, իրեն և երեխաներին սովից փրկելու համար կատարված այս արարքը դիտարկել ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի սահմաններում, որով հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար: Հասմիկի նախկինում կատարած սննդի գողության հանգամանքը դատական ատյանները հրաժարվեցին հաշվի առնել որպես ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված արարք, որը պետության սոցիալական գործառույթների բացակայության պայմաններում միտում ունի կրկնվելու։ Ըստ էության, Հայաստանի արդարադատության համակարգն այս գործով քրեականացնում է աղքատ և ծայրահեղ կարիքի մեջ լինելը։
 
 
Այս գործով նախկինում կատարված ակցիաների մասին՝
 
 
Օգոստոսի 1-ին, բաց նամակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանին, ԱԺ պատգամավորներին, բարձրագույն դատական խորհրդի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով հաշվի առնել նրա սոցիալական վիճակը։ Բաց նամակը նկարագրում է Հասմիկ Սարգսյանի գործի ու դրության մանրամասները։ Բաց նամակն այստեղ՝ https://hetq.am/hy/article/91841
 
Վճռաբեկ բողոք ներկայացնելուց շուրջ 1․5 ամիս հետո՝ հոկտեմբերի 9ին, բողոքը վարույթ ընդունելու պահանջով ցույց վճռաբեկ դատարանի մոտ՝ մատնանշելով, որ աղքատությունից դրդված արարքի համար մարդու կալանավորումը հավասարազոր է քաղբանտարկյալ ունենալուն, հատկապես, երբ երեք անչափահաս և զինծառայության մեջ վատառողջ մեկ տղա ունեցող միայնակ մորն է սա վերաբերում։ Մանրամասներն՝ այստեղ։
 
Սեպտեմբերի 20-ին նամակ Արդարադատության նախարարին՝ Համաներման օրինագծի պատրաստման ժամանակ համաներումը Հասմիկ Սարգսյանի նկատմամբ տարածելու խնդրանքով։ Մանրամասներն՝ այստեղ։
 
Հոկտեմբերի 31-ին ԱԺում համաներման մասին օրենքի քննարկումներին ընդհառաջ բաց նամակ ԱԺ պատգամավորներին, որպեսզի օրինագծում կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ համաներումը տարածվի երկու անչափահաս երեխա ունեցող մայրերի նկատմամբ՝ հաշվի առնելով Հասմիկ Սարգսյանի դրությունը։ Հանցանքը կատարելուց հետո ընկած ժամանակահատվածում նրա անչափահաս երեխաներից մեկի 18 տարին լրացել է, իսկ օրինագծով համաներումը տարածվում է տվյալ պահին 3-ից ավելի անչափահաս երեխա ունեցողների նկատմամբ։ Պատգամավորներից Լենա Նազարյանն արձագանքել է խնդրանքին, սակայն օրինագիծը չի փոփոխվել։ Մանրամասներն՝ այստեղ։
 
 
Անահիտ Սիմոնյան
 
Աննա Նիկողոսյան
 
Աննա Շահնազարյան
 
Արէ Մարտիրոսյան
 
Արման Ղարիբյան
 
Արփինե Գալֆայան
 
Զառա Հարությունյան
 
Զարուհի Հովհաննիսյան
 
Լալա Ասլիկյան
 
Ստելլա Չանդիրյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play