Կծիկը քանդվում է. Մինչեւ ո՞ւր կհասնի սկանդալային բացահայտման շղթան


Կծիկը քանդվում է. Մինչեւ ո՞ւր կհասնի սկանդալային բացահայտման շղթան

  • 03-12-2018 19:13:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Տասնչորս միլիոն դոլար կաշառք վերցնելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Գլխավոր դատախազությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որից պարզ դարձավ, որ կոռուպցիոն գործընթացում ներգրավված պատգամավորը, ում մասին ավելի քան մեկ ամիս առաջ հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Արամ Հարությունյանն է:
 
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խոշոր կաշառքի գործով առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու: Նա ասել էր, որ արտերկրից պաշտոնական թղթի են սպասում, որն ստանալուց հետո Հայատսանի իրավապահները կգործեն: Նիկոլ Փաշինյանն այս գործը որակել էր երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը:
 
Եվ ահա, Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:
 
Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
Այս գործին այսօր Արարատի մարզում նախընտրական հանդիպումներ ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: “Հարց է ծագում՝ այդ նախարարը, որ կաշառք է վերցրել, ինքն այդ 14 մլն դոլար կաշառքը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ: Հարց է ծագում՝ իսկ արդյոք այդ կաշառքներն ավելի վերև հոսել են, թե՞ չեն հոսել: Այդ ամենը կարող ենք ենթադրել, բայց այդ հարցերի պատասխանը կարող է տալ նախաքննությունը”,- հայտարարել է նա:
 
2008 թվականին Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար է եղել ՕԵԿ քվոտայով: 2008 թվականին Հայաստանի վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Եթե հաշվի առնենք, որ ըստ գործի նյութերի, Արամ Հարությունյանը կաշառքն ստացել է 2008 թվականի հունվարից սկսած, ապա ստացվում է, որ նախագահը դեռևս Ռոբերտ Քոչարյանն էր:
 
Հետաքրիր է՝ ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ավելի վերևների մասին, մինչև ո՞ւր կհասնեն այս գործով բացահայտումները:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play