Ավարտվել է համագյուղացու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


Ավարտվել է համագյուղացու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

  • 04-12-2018 17:22:02   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. 56-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի՝ 1962թ. ծնված բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի հուլիսի 8-ին հոգեհացից հետո ծագած վիճաբանության արդյունքում՝ նույն մարզի բնակիչների կողմից, ովքեր եղբայրներ են՝ ծնված 1980 և 1989թթ.:
 
Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, հոգեհացի արարողությունից հետո համագյուղացիների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ եղբայրներից կրտսերը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, ակնհայտ արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկա գտնվողների նկատմամբ, հայհոյել է՝ իրեն արված դիտողության պատճառով, բռնություն գործադրել համագյուղացիների նկատմամբ, ինչին միջադեպին ներկաները պատասխանել են՝ փոխադարձ հարվածներ հասցնելով նրան:
Վերջինս, սակայն, չի կարողացել համակերպվել տեղի ունեցածի հետ և եղբոր հետ որոշել է վրեժխնդիր լինել իրեն ծեծի ենթարկողներից մեկից՝ ծնված 1962 թվականին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, տանից վերցնելով խոհանոցային դանակ՝ 29-ամյա երիտասարդը ավագ եղբոր հետ գնացել է համագյուղացու առանձնատանը կից ճանապարհահատված և ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դանակի 4 հարված հասցրել համագյուղացու կրծքավանդակի առաջային և ձախ կողմնային, որովայնի առաջային և աջ կողմնային շրջաններին՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածքներ:
Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը նույն օրը մահացել է հիվանդանոցում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1980թ. ծնված տղամարդը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի և հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Վերջինիս մեղսունակության հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա ճանաչվել է անմեղսունակ: Ըստ դատաբժիշկների՝ տղամարդը նշված արարքը կատարել է  օրգանական զառանցական շիզոֆրենանման խանգարման ազդեցության ներքո։ Ուստի՝ որոշում է կայացվել նրա վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու և առանձին վարույթ ընդունելու վերաբերյալ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play