Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը<br />


Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

  • 19-08-2010 21:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ի երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի, հետ: ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք: Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՌԴ նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել են Ս.Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դ.Մեդվեդեւը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա եղել է հուշահամալիրի Հիշողության պուրակում, որտեղ 2008թ.-ին իր պաշտոնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել: Օգոստոսի 20-ին նախատեսված են երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցը եւ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին ստորագրվելու է Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի մասին պայմանագրում փոփոխությունների մասին փաստաթուղթը: Ինչպես ռուսաստանյան «Ռոսիա-24» ալիքին տված հարցազրույցում պարզաբանել է ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանը, փոփոխություններն առնչվում են պայմանագրի ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, փոփոխություններով այն կգործի եւս 24 տարի: Միեւնույն ժամանակ ավելի հստակ կձեւակերպվի, որ ռուսաստանյան ռազմաբազան Ռուսաստանի շահերի պաշտպանությանը զուգահեռ Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ կապահովի Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակով ռուսական կողմը կաջակցի Հայաստանին սպառազինությունով եւ ժամանակակից ռազմական տեխնիկայով: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Նույն օրը ՌԴ նախագահը կմասնակցի Գյումրիում Պատվո բլուր հուշահամալիրի բացմանը: Դ.Մեդվեդեւը կմասնակցի նաեւ օգոստոսի 20-22-ը հրավիրվելիք ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play