Սամցխե Ջավախքում բացվել է հերթական կրթամշակութային կենտրոնը


Սամցխե Ջավախքում բացվել է հերթական կրթամշակութային կենտրոնը

  • 24-12-2018 12:41:02   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

2018 թվականի դեկտեմբերի 23-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի, Ախալցիխե քաղաքում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից շինությունում, բացվեց Վարդգես Սուրենյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:
 
Օրը տոնական էր, հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն: Ներկա էին նաև Ախալցիխեի, Նինոծմինդայի և Ախալքալաքի հայ մտավորականության ներկայացուցիչներ, պատգամավորներ, համայնքային գործիչներ, Առաջնորդարանի, Թեմի պաշտոնեությունը: 
Բացման խոսքով հանդես եկան Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, Ախալցիխեի սակրեբուլոյի սոցիալական, բժշկական, սպորտի, մշակույթի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը և այլք: 
IMG-7d25ec61c11b5b5162a7a27cf3e0c4c3-VԲանախոսները ողջունեցին Թեմի նախաձեռնությունը և մաղթեցին գործերին հաջողություն, հույս հայտնեցին, որ այս կենտրոնի գործունեությամբ Ախալցիխեի հայությունը հնարավորություն կունենա պահպանելու իր ինքնությունը, զարգացնելու հոգևոր-մշակութային կյանքը: 
Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ կատարվեց կենտրոնի օրհնության կարգ, որից հետո Վազգեն Սրբազանն իր շնորհավորանքը և օրհնությունը բերեց կենտրոնի բացման առիթով և բարձր գնահատեց հոգևոր տեսուչ Հակոբ աբեղայի նախաձեռնությունները: 
Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքը հայտնեց նաև Ախալցիխեի իշխանություններին հայության հանդեպ դրսևորած ուշադրության և քաջալերանքի համար: IMG-34b8ec982393a592c46eec1c3c6008bc-V
Կենտրոնում գործելու են երգի, պարի, գեղագիտության, Մայր Եկեղեցու պատմության ուսուցման խմբակներ: Կենտրոնի տնօրեն նշանակվեց Ասյա Եպրանոսյան-Բաբոյանը:
 
Նորաբաց կենտրոնում գողտրիկ համերգային ծրագրով հանդես եկան Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ախալցխա» երգի-պարի համույթը, պարուսույց Վերոնիկա Համբարյանի, Ծղալթբիլայի հանրային դպրոցի «Նոր շեն» համույթը, պարուսույց Արմինե Այվազյանի ղեկավարությամբ:
 
Վիրահայոց թեմի առաջնորդին Ախալցիխեում ընկերակցում էին Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ Տեր Կիրակոս Սիմոնյանը և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը:
 
«Վարդգես Սուրենյանց» կենտրոնը թվով չորրորդն է  Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մեջ: Նմանատիպ կենտրոններ գործում են Ախալքալաքում, Նինոծմինդայում և Արակովա գյուղում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play