Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին


Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

  • 19-01-2019 12:53:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: 
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային ավտոբուսների արտադրությունում  ընկերության շուկայի մասնաբաժինը Արևմտյան Եվրոպայում  շուրջ 30% է, ընկերությունը ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի, տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:
 
Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով: 
Երևանի քաղաքապետն իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը: Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:  
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխանող և քաղաքին հարմար ավտոբուսներ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play