«Կատարողական արվեստի օրեր»-ը Արցախում<br />


«Կատարողական արվեստի օրեր»-ը Արցախում

  • 29-07-2010 17:38:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 21-ամյա Երվանդ Գալստյանը 13 տարի է ապրում է Ռուսաստանում: Ռուսական դպրոց է ավարտել, բայց կարողանում է գրել ու կարդալ հայերեն. ինքնուրույն է սովորել: Ասում է` վաղ թե ուշ ետ է գալու Հայաստան, բայց ուզում է աշխատել Ռուսաստանում, փող ետ գցել, նոր վերադառնալ: Չնայած Երվանդը Ռուսաստանում դեռ պլաններ ունի, բայց ասում է. «Եթե Ղարաբաղում պատերազմ լինի, հենց նույն օրը ետ կգամ ու կմասնակցեմ պատերազմին»: Այս մասին նա պատմում էր դեպի Արցախ գնացող ավտոբուսի մեջ: Երվանդը պարում է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Նաիրի» պարային համույթում, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնին: Հայաստանում եւ Արցախում հուլիսի 22-ից օգոստոսի 23-ը փառատոնի շրջանակներում անցկացվում են «Կատարողական արվեստի օրեր»: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո, կազմակերպիչներն են սփյուռքի նախարարությունն ու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը: Այս տարի «Հայ կատարողական արվեստի օրերին» մասնակցելու համար Հայաստան են եկել մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Լիբանանից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Կանադայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: Փառատոնը հնարավորություն է ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին հայրենիքում ներկայացնելու հայկական մշակույթը, նաեւ հաղորդակցվելու Հայաստանի ու Արցախի մշակույթի հետ: Հուլիսի 25-ին փառատոնին մասնակցող Նիժնի Նովգորոդի «Նաիրի» պարի անսամբլը եւ Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» համույթն ուղեւորվեցին Լեռնային Ղարաբաղ: Երեւանում մասնակիցներին բարի երթ մաղթելու էր եկել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը: Մասնակիցներից շատերն առաջին անգամն էին գնում Ղարաբաղ: 16-ամյա Առաքելյան Յանան պարում է Նիժնի Նովգորոդի «Նաիրի» անսամբլում, նրա հայրը ծագումով Ղարաբաղից է: Յանան առաջին անգամն էր գնում Ղարաբաղ, նա չէր եղել նաեւ Հայաստանում: Յանան հայերեն ո'չ գրել-կարդալ գիտի, ո'չ էլ խոսել, միայն կարողանում է աղոթել... գրաբարով: Մասնակիցների հետ Արցախ էին ուղեւորվում նաեւ բալետմայստերներ Կարեն Գեւորգյանն ու Սուրեն Գյանջումյանը: «Արցախում ելույթ ունենալու համար «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի գեղարվեստական խորհուրդն ամեն տարի փորձում է ընտրել այնպիսի խմբեր, որոնք ոչ մի անգամ չեն եղել Արցախում, եւ, բացի այդ, կարողանում են հայկական պարարվեստը ներկայացնել պատշաճ մակարդակով: Այս տարի Սփյուռքից եկել է շուրջ 30 պարային համույթ»,- ասաց փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ փառատոնի շրջանակներում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացվելու են պարուսույց-մանկավարժների վարպետության դասեր: «Փառատոնն ունի նաեւ ուսուցողական նշանակություն»,- նշեց Կարեն Գեւորգյանը: Ոլորապտույտ ճանապարհներով ավտոբուսը մոտենում է Ստեփանակերտին: Մասնակիցների ուշադրությունն առաջինը գրավեց Շուշին` քաղաք բարձունքի վրա` ամպերն ուսերին: 17-ամյա Արամ Ավետիսյան, ով նույնպես առաջին անգամն էր Արցախում, իր տպավորությունների մասին խոսելիս ասաց, որ Արցախում իրեն ամենից շատ դուր է եկել այն մեծ տանկը, որը կանգնած է Շուշիից Ստեփանակերտ ընկած բարձունքի վրա: Դա առաջին տանկն է, որը մասնակցել է Շուշիի ազատագրմանը: «Վախենում էի Ղարաբաղ գալուց առաջ. ինձ թվում էր այստեղ կրակոցներ եմ լսելու ու միայն ավերակներ եմ տեսնելու»,- ասաց Արամը: Շուշիում երիտասարդները եղան Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Այնուհետեւ ավտոբուսը շարժվեց դեպի Ստեփանակերտ, որտեղ էլ փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան հուլիսի 26-ին: Համերգը բացի մայրաքաղաքի բնակիչներից դիտելու էին եկել նաեւ Ղարաբաղում ծառայող զինվորները: Զինվորներից Նարեկը ցանկություն հայտնեց, որ նման համերգներ հաճախակի կազմակերպվեն. «Այդպես մեր ծառայությունն էլ հեշտ կանցնի»: Նիժնի Նովգորոդի «Նաիրի» անսամբլը, որ ստեղծվել է 2007թ.-ին, ներկայացնում է հայկական ազգագրական պարերը աբստրակտ-մոնումենտալ ոճով: Անսամբլում ընդգրկված են 80 հոգի` 3-25 տարեկան: Ղարաբաղ եկել էին միայն 21-ը: Շատերի ծնողները, մտածելով` Ղարաբաղում վտանգավոր է, երեխաներին թույլ չէին տվել միանալ անսամբլին: Անահիտ Սարիբեկյանը` անսամբլի պարուսույցը, պատմեց, որ Ռուսաստանում շատ դժվար է պարի խումբ պահելը: «Հայ ծնողները երեխաներին սկզբում պարտադրելով են բերում պարի, որովհետեւ վերջիններս չեն ուզում պարել: Բայց երբ երեխաները մեծանում են, կապվում պարի հետ, արդեն չեն ուզում հեռանալ մեզնից, բայց այդ ժամանակ էլ ծնողներն են ստիպում թողնել պարը: Ասում են` պարը եկամտաբեր չէ, պարի մեջ ապագա չկա»,- ասաց պարուսույցը: Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» համույթը ստեղծել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Այն առաջին խումբն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է հայկական պարը: Համույթում ընդգրկված են 45 հոգի, նրանցից 23-ը հանդես եկան Ղարաբաղի համերգի ժամանակ: Պարուսույց Ալիսա Հովակիմյանն ասաց, որ իրենք կատարում են աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային պարերը, բայց փառատոնին միայն հայկական ժողովրդական պարեր են ներկայացնելու: Գեղարվեստակաի ղեկավար Մանուկ Օհանյանն էլ տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգի համույթում բացի հայերից կան ռուս պարողներ էլ եւ մի ուզբեկ, ով նույնիսկ հայերեն է խոսում: «Շատ ուրախ եմ, որ փառատոնի միջոցով կարող եմ Հայաստանում եւ Արցախում ներկայացնել այն աշխատանքը, որը կատարել ենք հեռավոր Պետերբուրգում»,- ասաց Մ.Օհանյանը եւ ավելացրեց, որ Արցախում ամենից շատ հավանել է տեղի հանդիսատեսին: Համերգը տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: Արցախի հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց իր հայրենակիցների կատարումները: «Սփյուռք-Հայաստան-Արցախ կապը պետք է մշտական լինի, որպեսզի Սփյուռքում պարեն, ապրեն ու խոսեն հայավարի»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Նա բարձր գնահատեց Սփյուռքի պարային խմբերի աշխատանքը, սակայն նաեո նշեց. «Սփյուռքում չկան այնպիսի մասնագետներ, որոնք լիարժեք տիրապետեն հայկական պարերին, բայց կան երիտասարդներ, որոնք գալիս են Հայաստան` սովորելու, ապա Ափյուռքում հայկական պարը ճիշտ ուսուցանելու համար»: Մինչեւ համերգը Կարեն Գեւորգյանը եւ Սուրեն Գյանջումյանը հանդիպեցին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Նախարարի խոսքով, «Մեկ ազգ, մեկ մշակույթը» կարեւոր է հատկապես ազգապահպանման տեսանկյունից: Արվեստի զարգացումը հիմա Արցախում ոչ նախանձելի վիճակում է: «Խնդիրներ ունենք պարարվեստի հետ կապված, հիմնականում, պրոֆեսիոնալիզմի ու կադրերի առումով: Միայն մեր ուժերով հնարավոր չէ որակ ապահովել: Մենք Հայաստանի մասնագետների օգնության կարիքն ունենք»,- ասաց Ն.Աղաբալյանը: Մշակութային կյանքը Ղարաբաղում կենտրոնացված է Ստեփանակերտում: «Մինչդեռ մեր գյուղերն ամրացնելու եւ արտահոսքը կասեցնելու ռազմավարական խնդիր ունենք: Որոշել ենք ուշադրության կենտրոնում պահել շրջանները»,- հավելեց նախարարը: Սեպտեմբերին ԼՂՀ-ի Ճարտար եւ Աստղաշեն գյուղերում բացվելու են արվեստի դպրոցներ, որոնք ունենանալու են պարի առանձին բաժիններ: Փառատոնի մասնակիցները չէին ուզում հեռանալ Արցախից: Հրաշալի բնությունը, մարդկանց ջերմ ընդունելությունը մեծ տպավորություն էին թողել երիտասարդների վրա: Լինել Արցախում ու չտեսնել «Տատիկ-պապիկ» հուշարձանը, նշանակում է չտեսնել Արցախ աշխարհի խորհրդանիշը: Համերգից հետո երիտասարդները լուսանկարվեցին «Տատիկ-պապիկի» մոտ, որից հետո ավտոբուսը բռնեց դեպի Երեւան տանող ճանապարհը: ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ստեփանակերտ-Շուշի-Երեւան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play