Շահան Գանտահարյան. Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները


Շահան Գանտահարյան. Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները

  • 26-02-2019 18:51:09   | Լիբանան  |  Վերլուծություն

 
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:
 
Լավրովի այս հստակացումը մի անգամ եւս վերահաստատում է, որ Մոսկվա-Անկարա ռազմաքաղաքական գործընկերությունը կարճաժամկետ եւ սահմանափակ դրվածքով է դրսեւորվում Սիրիայում՝ դերերի համակարգման ընդհանուր հասկացողության ներքո: Դամասկոսի հովանավորությունը ստանձնած Մոսկվան իսլամական ահաբեկիչների մաքրազտման իր գործողություններում կարիք ունի թուրքական նեցուկի, որն այս առեւտրում առավելագույնս ուզում է օգտագործել քրդական վտանգի հեռացման իր ծրագիրը: Սկիզբը մարդասիրական գոտու ստեղծման առաջադրանքը հրապարակ նետելով, շուտով սակայն անվտանգության գոտու գաղափարը շեշտելով Անկարան ըստ էության զինվորական գոտի է, որ ուզում է ստեղծել, իր սահմաններից առավելագույնս հեռացնելով քրդական վտանգը: Այս մոտեցումը նաեւ թուրքական բանակի սիրիական տարածքների վրա ներկայությունը հիմնավորելու կարեւոր տվյալ է, որը տարբեր անկյուններից  Անկարային մղում է միեւնույն հանկերգը հնչեցնելու:
 
ՌԴ արտգործնախարարը բացելով փակագծերը, ուղղակի հայտնեց, որ ՌԴ-ին չէր հաջողվել Թուրքիայի հետ համաձայնություն գոյացնել Սիրիայի քրդերի հարցի շուրջ: Պարզ դարձնելով, որ «Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնել, թե ո՛ր քրդերն են համարվում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, սակայն պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե ո՛ր քրդերն են համարվում ծայրահեղական, իսկ ովքեր Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք են»: Հստակ էր տարբերակումը. Թեհրանն ու Մոսկվան Սիրիայում զինվորական ներկայություն ունեն Դամասկոսի հրավերով. նման հրավեր չի ուղարկվել Անկարային, հետեվաբար Մոսկվան համաձայն չէ անվտանգության գոտու տարազի տակ թուրքական զորքերի ներկայությանը Սիրիայում:
 
Այս հարցի առնչությամբ Թեհրանը երանգային տարբերություն է դրսեւորում: Լավրովի կտրուկ մերժման դիմաց Իրանի արտգործնախարարը չէր բացառում Իդլիբում զինվորական գործողության կարելիությունը: Անկախ քրդական խմորումների նկատմամբ Իրանի չթաքցրած անհանգստության տեսությունից, այստեղ կա աշխարհաքաղաքական տարողություն ունեցող այլ խնդիր:
 
Քրդական ներկայության դեմ զինյալ գործողությունների դիմելու դեպքում Վաշինգտոնի զգուշացումները` ուղղված Անկարային, շատ ակներեւ էին սիրիական զինվորաքաղաքական իրադարձություններում: Հիմնական պատճառը, որը մինչեւ նաեւ ռուսական կարմիր լույսի երեւումը, մտածելու տեղիք էր տալիս, որ Անկարան անվերջ ձգձգում էր զինվորական ներխուժումը Իդլիբ։
 
Լավրովի հայտարարությունը, որ միացյալ զինվորական գործողության ծրագիր գոյություն չունի, համազոր է վաշինգտոնյան սպառնալիքին` նման քայլի դիմելու դեպքում Թուրքիայի տնտեսությունը քանդելու:
 
Արդյունքը այն է, որ այս հարցում լուռ զուգակցություն է երեւում ռուսական եւ ամերիկյան կեցվածքների միջեւ:
 
Թեհրանը այս պահի դրությամբ Թուրքիայի կարիքն ավելի ունի, որը մինչ այժմ չի միանում Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցային պայքարին ընդդեմ Թեհրանի: Այդ պատճառով էլ երանգային տարբերություն է ցույց տալիս Լավրովի հայտարարածի համեմատությամբ: Մինչ Թեհրանը իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում Անկարային միացյալ զինվորական գործողություն իրականացնելու առումով:
 
Սիրիայում այսօր ճիշտ է, որ իսլամական ահաբեկչությունը արմատախիլ չի եղել, այդուհանդերձ մաքրազտման եւ համախմբման գործողություններ իրականացել են: Դամասկոսը հետզհետե իր վերահսկողության ծիրը ընդլայնում է: Որոշ տեղաշարժ կա նաեւ քրդական զինյալ ուժերի առումով, սակայն Անկարայի առաջադրած անվտանգության գոտին ձեւավորվելու հավանականությունից դեռեվս հեռու է: Բեկումնային պահերը ճշտողը թվում է, որ հիմնականում Մոսկվան է: Այս պահին, իրադրություններն ընթանում են Մոսկվայի ճշտած ժամացույցի սլաքներին համընթաց:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play