Արհեստական բանականությունը կօգնի Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը
18-03-2019 17:16:47 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ստեղծված պիլոտային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, կնպաստի երկրի տնտեսական աճին
Երևան, 18 մարտի 2019թ. - Այսօր տեղի ունեցավ արհեստական բանականությամբ աշխատող Travelinsights գործիքի շնորհանդեսը: Գործիքն օգնելու է զարգացնել Հայաստանի աճող զբոսաշրջային ոլորտը` առցանց հայտնի հարթակներից իրական ժամանակում հավաքելով և վերլուծելով տարբեր ծառայությունների վերաբերյալ կարծիքներ:
Travelinsights-ը մշակվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի կողմից և բարդ ալգորիթմների օգնությամբ կարողանում է հայտնաբերել, հավաքել ու վերլուծել Հայաստանի վերաբերյալ բոլոր գրառումները: Գործիքը, վերլուծելով հավաքագրած առցանց տվյալները, օգնում է հասկանալ զբոսաշրջության ոլորտում առկա դրական ու բացասական երևույթները զբոսաշրջիկի աչքերով: Գործիքի մշակմանը ներգրաված են եղել տվյալագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ուսանողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի փորձագետներ:
«Հայաստանում զբոսաշրջության ոլորտն ունի մեծ ներուժ և կարող է տնտեսության զարգացման համար ստեղծել եզակի հնարավորություններ»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած իր երկար պատմությանը, Հայաստանը համեմատաբար նոր խաղացող է համաշխարհային զբոսաշրջության ոլորտում:
Ըստ Զբոսաշրջության և ճամփորդության համաշխարհային խորհրդի, 2017թ. զբոսաշրջության ընդհանուր ներդրումը տնտեսության մեջ՝ ներառյալ անուղղակի աշխատատեղերը, կազմել է ողջ զբաղվածության 14 տոկոսը: Ենթադրվում է, որ այս թիվը կշարունակի աճել:
Նախորդ տարի երկիրը գրանցել է հինգ տոկոս տնտեսական աճ: Կառավարության հնգամյա ծրագիրն նպատակ ունի դիվերսիֆիկացնել տնտեսությունը և երաշխավորել, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ կօգտվեն տնտեսական բարիքներից: Զբոսաշրջությունն ունի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և եկամտի բաշխման համար շարժիչ ուժ լինելու մեծ ներուժ:
«Գործիքը մեզ կարող է օգնել հասկանալ զբոսաշրջիկների բավարարվածության ու դժգոհության աղբյուրները, լուծել ոլորտի խոցելի հարցերը, զարգացնել զբոսաշրջության շուկան, ինչպես նաև ներդրումներ կատարել նոր շուկաներում ու ծառայություններում, ինչպիսիք են էկոտուրիզմն ու գաստրոտուրիզմը»,- հավելեց Տիգրան Ավինյանը:
Travelinsights-ը կգործի որպես հարթակ բիզնեսների համար, ներառյալ` ռեստորանների, հյուրանոցների և թանգարանների, որոնք ցանկանում են զբոսաշրջության ոլորտում հետևել հիմնական միտումներին և բարելավել իրենց ծառայությունները:
Ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է ՄԱԶԾ-ն: ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Սպոլյարիչ Էգգերը Հայաստան իր առաջին այցելության ընթացքում նշեց. «Մեր վերջնանպատակն է բազմապատկել մի շարք ոլորտներում և զարգացման նպատակների վրա դրական ազդեցությունը, ներառյալ արժանապատիվ աշխատանքը և լավ ենթակառուցվածքները»,- հավելեց նա:
Իր նորարարական պորտֆելի շնորհիվ ՄԱԶԾ-ն օգնում է նոր մոտեցումներ ձևավորել զարգացման ոլորտում, ներառյալ կառավարությունների հետ նորարարական կենտրոնների ձևավորումը, որոնք թույլ կտան վերափոխել հանրային ծառայությունների ոլորտը, տվյալների օգնությամբ իրականացնել և մշտադիտարկել ԿԶՆ-երը, բացահայտել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ` ԿԶՆ-երի իրականացումը արագացնելու և դիվերսիֆիկացնելու համար: