Հաագայի միջազգային դատարանի որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը


Հաագայի միջազգային դատարանի որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը

  • 23-07-2010 21:10:22   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները հանդես են եկել Հաագայի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման վերաբերյալ, նախօրեին ընդունած որոշման մասին հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա եւ խստորեն հետեւելով ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով անկախություն հռչակեց։ Անցած շուրջ երկու տասնամյակում ԼՂՀ-ն կասեցրել է Ադրբեջանի զինված նախահարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնության եւ լիովին դրսեւորվել որպես ժողովրդավարական պետություն։ Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը համահունչ է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին։ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու դրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը։ Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը։ Գտնում ենք, որ միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն` հանուն տարածաշրջանային խաղաղության եւ միջազգային անվտանգության»։ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների միասնական հայտարարությունը հուլիսի 23-ի ասուլիսում հրապարակել է ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play