Ավշարի դպրոցում բոլորը, այդ թվում ծնողները և ուսուցիչները, փորձում են խախտել աշակերտների կրթության իրավունքը. Արայիկ Հարությունյան (ՏԵՍՆԱՅՈՒԹ)


Ավշարի դպրոցում բոլորը, այդ թվում ծնողները և ուսուցիչները, փորձում են խախտել աշակերտների կրթության իրավունքը. Արայիկ Հարությունյան (ՏԵՍՆԱՅՈՒԹ)

  • 21-03-2019 16:31:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ավշարի դպրոցում բոլորը, այդ թվում ծնողները և ուսուցիչները, փորձում են խախտել աշակերտների կրթության իրավունքը: 
 
Այս մասին մարտի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով նշյալ դպրոցում մեկ շաբաթից ավելի ընդհատված դասապրոցեսին: 
 
Ըստ նրա՝ նախարարության ներկայացուցիչն արդեն երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքներ է տանում դպրոցում: 
 
Խոսելով Քաղաքացու օր ունենալու հետ կապված կառավարության կողմից այսօր ընդունված որոշման մասին՝ Ա. Հարությունյանը նկատեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենահիշարժաններից էին Անկախության տոնից հետո: 
 
Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, մասնավորապես, գրել է. 
 
«Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:
 
Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում:
 
Հ.Գ. Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play