Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակում և գողություն կատարելու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակում և գողություն կատարելու համար

  • 08-04-2019 12:18:48   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ արագ սննդի կետում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով, մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին:
2019 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի Կորյուն  փողոցում գործող արագ սննդի կետի աշխատակցուհին Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, երբ ինքը և իր գործընկերուհին գտնվել են աշխատավայրում, ներս է մտել դիմակավորված երիտասարդ,  աշխատակցուհուն հրել-գցել է գետնին և ձեռքին գտնվող դանակի սպառնալիքով պահանջել հանձնել դրամարկղում առկա ողջ գումարը:
 
Դեպքի առթիվ նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 2-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1991 թվականին. վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել: 
 
Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 27-ամյա երիտասարդի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, քննվում է  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
 
Նախաքննության տվյալներով՝ երիտասարդը 2019 թվականի հունվարի 20-ի՝ ժամը 21:10-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառքի և սպասարկման խանութի դուռը և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ պատճառելով խոշոր չափերի՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:   
2019թ. ապրիլի 4-ին որոշում է կայացվել հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակելու վերաբերյալ:
 
27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
 
Արագ սննդի կետի աշխատակցուհիներն ու սեփականատերը, ինչպես նաև բջջային հեռախոսների խանութի սեփականատերերը ճանաչվել են տուժող:
 
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1991թ. ծնված երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play