Հայաստանի նախագահն ընդունել է Լեհաստանի արտգործնախարարին


Հայաստանի նախագահն ընդունել է Լեհաստանի արտգործնախարարին

  • 14-07-2010 19:00:52   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 14-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորոսկուն: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի ղեկավարը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է նորընտիր Նախագահ Կոմորովսկուն փոխանցել իր շնորհավորանքները` Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձություններն այլեւս ետեւում են, եւ երկրի կյանքը վերադարձել է բնականոն հուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունները խորացնելու եւ համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա: Երկուստեք կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանելու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախօրեին Երեւանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովն իր աշխատանքով եւս կնպաստի առկա ներուժի լիարժեք օգտագործմանը: Զրուցակիցներն այդ առումով կարեւորել են Վարշավա-Երեւան չվերթի գործարկումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին եւ տարածաշրջանային խնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի անկողմնակալ դիրքորոշման համար: Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին եւ սատարում է միայն խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play