Ժոաո Սուարեշ. «Հավատում եմ, որ ԼՂ-ի հակամարտության ուղղությամբ առկա է խաղաղության հասնելու հստակ հնարավորություն»


Ժոաո Սուարեշ. «Հավատում եմ, որ ԼՂ-ի հակամարտության ուղղությամբ առկա է խաղաղության հասնելու հստակ հնարավորություն»

  • 14-07-2010 18:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 6-ից 10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գումարված Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 19-րդ տարեկան նստաշրջանի օրերին ադրբեջանական քարոզչամեքենան տարածել է հերթական ապատեղեկատվությունը, որին նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Հուլիսի 14-ին Երեւանում` ամփոփելով նստաշրջանի աշխատանքների արդյունքները, Ա.Սաֆարյանը լրագրողներին ներկայացրեց հուլիսի 9-ի իր ելույթի գրավոր տեքստը: Ըստ այդմ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նա, մասնավորապես, անդրադարձել է հակամարտող կողմերի միջեւ նվազագույն վստահության անբավարարությանը, «որը սնվում է քարոզչական պատերազմի շարունակումից եւ Ադրբեջանի կողմից միլիտարիստական սպառնալիքներից»: «Մենք գտնում ենք, որ, եթե կա ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորելու ազնիվ ցանկություն, ապա այդ դեպքում կարիք չկա երկրի ներսում պահպանել միլիտարիստական պսիխոզը, եւ կարիք չկա փորձել զանազան անպարկեշտ մեթոդներով ստանալ կարծեցյալ ավելի նպաստավոր, նախապատվելի դիրքեր բանակցային գործընթացում»,- ասել է Ա.Սաֆարյանը: Որպես թարմ օրինակ բերվել է հուլիսի 8-ին BBC-ի ադրբեջանական ծառայությանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեշի տված հարցազրույցի տարածումը, որտեղ նա, մասնավորապես, իբր ասել է, որ վստահ չէ, թե Հայաստանի նախագահը հայկական քաղաքական շրջանակներում բավարար հեղինակություն ունի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: «Մենք գտնում ենք, որ նման հայտարարությունը կոռեկտ չէ, եթե այն իսկապես եղել է»,-իր ելույթում ասել է հայկական պատվիրակության ղեկավարը: Ի պատասխան Ա.Սաֆարյանի ելույթի այս հատվածի, Վեհաժողովի պաշտոնական խողովակներով նույ ն օրը տարածվել է Ժ.Սուարեշի հայտարարությունը, որի գրավոր տեքստը եւս տրամադրվեց լրագրողներին: Դրանում ԵԱՀԿ ԽՎ-ի այդ պահին գործող նախագահը, նախ, հայտնում է, որ չի ցանկանում իր վերջին հարցազրույցի մասին մամուլի հրապարակումների կապակցությամբ ասվածի վերաբերյալ ներքաշվել բառախաղի մեջ, եւ ապա առաջարկում «յուրաքանչյուրին , ով հետաքրքրված է ուշադիր լսել հարցազրույցը», որտեղ ինքը շարունակել է նույն քաղաքականությունը, ինչը նախկինում ասել է Երեւանում եւ Բաքվում` իր վերջին այցերի ընթացքում: «Մեր դիրքորոշումը պարզ է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի սահմանների անձեռնմխելիության եւ բոլոր ժողովուրդների` իրենց սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքների հիման վրա: Հարցազրույցում ես ասել եմ, որ հավատում եմ, որ ԼՂ-ի հակամարտության ուղղությամբ առկա է խաղաղության հասնելու հստակ հնարավորություն: Խոսքս այժմ քաղաքական կամքի մասին, եւ ես ասել եմ, որ երկու երկրներում էլ նման կամք գոյություն ունի»,-ասված է հայտարարության մեջ: Ժ. Սուարեշը պնդել է նաեւ, որ իր հարցազրույցում նա չի մեղադրել ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին «այն փաստի համար, որ ԼՂ -ում դեռեւս խաղաղություն չի հաստատվել»: Նշենք, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոա Սուարեշի պաշտոնավարման երկամյա ժամկետի ավարտի կապակցությամբ հուլիսի 10-ին Վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ ընտրեց Հունաստանի պատվիրակ, Վեհաժողովի այժմ արդեն նախկին փոխնախագահ Պետրոս Էֆթիմիուին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play