Թղթեր, որոնք քայքայեցին պետությունը. Սերժ Սարգսյանի կոդը


Թղթեր, որոնք քայքայեցին պետությունը. Սերժ Սարգսյանի կոդը

  • 01-05-2019 18:02:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարող մեծամասնությունը դեռեւս չունի դիրքորոշում, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համատեղում է ձեռնարկատիրությունն ու պատգամավորական մանդատը: Համենայն դեպս, նախօրեին տեղի ունեցած խմբակցության նիստից հետո Իմ քայլը դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հայտնել էր, որ կան հարցեր, կան կասկածներ, որ կա այդպիսի համատեղում, բայց վերջնական որոշում չկա:
 
Ինչ որոշում է կայացնելու Իմ քայլը դաշինքն ու ինչ է հետեւելու դրան: Հայտնի է, որ ՔՈ կուսակցությունը կառավարող ուժից պահանջել է բարձրացնել Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը, հենց ձեռնարկատիրությունն ու պատգամավորությունը հակասահմանադրորեն համատեղելու հիմքով: Անկասկած է, որ ի վերջո որոշողը պետք է լինի ոչ թե որեւէ ուժ, այլ օրենքը, Սահմանադրությունը:
 
Այստեղ սակայն հանգում ենք այն իրողությանը, որի մասին ժամանակին հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ թե նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, երբ խոշոր գործարարները կազմում էին ՀՀԿ խմբակցության կեսը կամ ավելին:
 
Սահմանադրությամբ արգելելով համատեղումը, Հայաստանի օրենսդրությամբ այդուհանդերձ հարցը հստակեցված է թերեւս ոչ բավարար չափով, ինչը խոշոր գործարարներին թույլ է տալիս հղում անել թղթերին եւ ասել, որ չեն զբաղվում գործարարությամբ, ձեռնարկատիրությամբ, որ միայն սեփականատեր են, ինչն օրենքով արգելված չէ: Թե ինչու էր նախկին համակարգը թողել այդ բացը, թողել սողանցքներն ու թղթերը, պարզ է՝ այդ համակարգը բիզնեսի եւ իշխանության, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման վրա հիմնված համակարգ էր, առանց այդ սերտաճման համակարգը գոյություն ունենալ չէր կարող, դա առանցքային, հենասյուն գործոններից մեկն էր:
 
Միեւնույն ժամանակ, այդ համակարգում մանդատն էլ դարձել էր սեփականության պաշտպանության հիմնական միջոցներից մեկը, որովհետեւ չէր աշխատում իրական փաստաթղթային պաշտպանության գործոնը: Ըստ այդմ, Հայաստանում գլխավոր խնդիրն այժմ թերեւս ոչ թե կոնկրետ անձի վերաբերյալ որոշումն է, թեեւ դա իսկապես առանցքային խնդիրներից մեկն է Հայաստանում քաղաքական արդիականացման ներկայիս եւ ապագայի անհրաժեշտության ճանապարհին, այլ օրենսդրական հստակեցումը, որը որեւէ անձի, ինչպիսին էլ լինի անուն ազգանունը, թույլ չի տա մանիպուլացնել հանրային կարծիքը տարատեսակ թղթային հղումներով եւ ասել, որ թղթերով ամեն ինչ կարգին է:
 
Ըստ այդմ, կառավարող մեծամասնության գլխավոր անելիքը խնդրի, երեւույթի օրենսդրական հստակեցումն է, Հայաստանի համար բավական խիստ չափանիշերով՝ հաշվի առնելով սերտաճածության «ավանդույթները» եւ ըստ այդմ երեւույթը հիմքից կանխարգելելը եւ չեզոքացնելը, որպեսզի Հայաստանում ձեւավորվի այնպիսի փաստաթղթային իրականություն, որ ինստիտուցիոնալ մակարդակում անհնար դառնա թղթերի եւ իրականության տարբերությունը:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play