Դատախազը ավելի խիստ պատիժ է պահանջում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 աշխատակիցների համար<br />


Դատախազը ավելի խիստ պատիժ է պահանջում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 աշխատակիցների համար

  • 07-07-2010 19:14:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 25-ի դատավճռով Հայաստանի Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը, ցերեկային հերթափոխի ավագ Աղասի Սմբատյանը, հերթափոխի աշխատակիցներ Վանիկ Հարությունյանը եւ Արա Աթաբեկյանը հանցավոր են ճանաչվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապացուցված է համարել, որ ազատազրկման վայրից սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի 2009թ.-ի նոյեմբերի 27-ին կատարած փախուստը հաջողվել է Ա.Սմբատյանի, Ս.Թամրազյանի, Ս.Արթենյանի, Ա.Աթաբեկյանի եւ Վ.Հարությունյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաեւ հիմնարկի պետի 2009թ.-ի նոյեմբերի 9-ի թիվ 43-Լ ամրակցման հրամանի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով: Մասնավորապես հիմնավորվել է, որ պատիժ կրելու ընթացքում Մ.Ենոքյանը եւ Ս.Քոչարյանը, ուսումնասիրելով հիմնարկի աշխատակիցների աշխատանքը եւ համոզվելով, որ վերջիններս ծառայության նկատմամբ դրսեւորում են անփույթ վերաբերմունք եւ չեն կատարում իրենց պարտականությունները (պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկվում, խցերից դուրս բերվելուց դատապարտյալներն անձնական խուզարկության չեն ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքում հսկողություն չի իրականացվում), 2009թ.-ի ամռանը պլանավորել են փախուստ կատարել ազատազրկման վայրից: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի տնտեսմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապես ձեռք բերված եւ խցում թաքցված մետաղ կտրելու համար նախատեսված սղոցի կտորներով 3-4 ամիս կտրել են թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը: Բացի այդ, խցում ունենալով բազմաթիվ քանակության եւ տեսակի թելեր, տեւական ժամանակ մնալով առանց հսկողության, գործելու եղանակով պատրաստել են 9, 5 եւ 2 մետր երկարությամբ պարաններ, որոնց գործադրմամբ 2009թ.-ի նոյեմբերի 27-ի ժամը 17-ի սահմաններում թիվ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված հատվածի միջով անցնելով` պարանների եւ մեկուսիչի օգտագործմամբ, անցել են ահազանգման համակարգի եւ արտաքին քողարկող պատի վրայով ու ազատազրկման վայրից դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 18-ին ժամը 17:45-ի սահմաններում Երեւան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է Մ.Ենոքյանը, իսկ նույն օրվա ժամը 23-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում` Ս.Քոչարյանը: Ըստ Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, մեղավոր ճանաչելով ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական անփութության համար, ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով դատարանը Ս.Թամրազյանին, Ա.Աթաբեկյանին, Ա.Սմբատյանին եւ Վ.Հարությունյանին դատապարտել է 2-ական տարվա, իսկ Ս.Արթենյանին` 2 տարի 6 ամսվա ազատազրկման: Սակայն մեղադրող դատախազը գտնում է, որ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները մեղմ են եւ ներկայացրել է վերաքննիչ բողոք` Վերաքննիչ քրեական դատարանից խնդրելով ամբաստանյալների համար սահմանել ավելի ծանր պատիժ` հաշվի առնելով կատարված հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play